HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Պետական կառավարման համակարգը պարապ վախտի խաղալիք չէ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է օրենքի նախագիծ` արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունը երկու առանձին՝ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների բաժանելու վերաբերյալ: Եվ քանի որ դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել, փետրվարի 19-ին Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի։

Կասկած չկա, որ ԱԺ-ն այդ փոփոխությունը կկատարի, որովհետև դրա նպատակը, ինչպես հայտնի էր վաղուց, ՀՀԿ-ՀՅԴ հայտարարված համագործակցության կամ ձևավորվող ոչ ֆորմալ կոալիցիայի շրջանակներում Տարածքային կառավարման նախարարի պորտֆելը ՀՅԴ-ին տալն էր։ Կառավարության կառուցվածքը փոխվում է՝ ոչ թե տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում պետական կառավարման և պետական քաղաքականության արդյունավետության, այլ ընդամենը՝ պորտֆելների վերաբաշխման շուրջ միջկուսակցական պայմանավորվածությունների գործոնը հաշվի առնելով։ Այսինքն՝  սա կայացված քաղաքական որոշման իրագործման պրոցես է, որտեղ ԱԺ-ին և նրա մեծամասնությանն ընդամենը դակողի դեր է վերապահված։

Ինչպես հայտնի է՝ արտակարգ իրավիճակների համակարգը` 2005-2008թթ. տարածքային կառավարման նախարարության ենթակայության տակ էր։ 2008-14թթ․դրանք գործում էին առանձին նախարարությունների կարգավիճակով։ 2014թ․ նոյեմբերին կրկին միավորելուց հետո, հիմա, այսինքն ընդամենը մեկուկես տարի անց, կրկին որոշվել է վերադառնալ նախկին մոդելին։

2014թ․ նոյեմբերին երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարում էր, թե ինչպես այս նախարարությունների հերթական միավորումը, այնպես էլ դրան զուգահեռ պետեկամուտների ծառայությունը Ֆինանսների նախարարությանը միացնելը և նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների անապարատ նախարարության ստեղծումը հետապնդում է կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակ։ Թե քանի տոկոսով է անցած մեկուկես տարվա ընթացքում այդ նպատակն իրացվել, թողնում ենք ընթերցողի դատին։

Բայց պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե հիմա, անկախ պատճառներից, կրկին վերադարձ է կատարվում նախկին կառուցվածքին, ուրեմն կամ նախարարությունների միավորման ժամանակ են հանրությանը թյուրիմացության մեջ գցել ու դա բացարձակապես չէր բխում կառավարման արդյունավետությունից ու օպտիմալացման անհրաժեշտությունից, կամ էլ իշխանությունը համոզվել է, որ առնվազն տարածքային կառավարմանը և արտակարգ իրավիճակներին ոչ արդյունավետության բարձրացում է անհրաժեշտ, ոչ էլ օպտիմալացում, և կարելի է այդ ոլորտները վերածել պարապ վախտի խաղալիքի․ երբ տրամադրություն ու հավես լինի՝ միացնել իրար, երբ տրամադրությունը փչանա՝ առանձնացնել, դարձնել քաղաքական առուծախի առարկա։

Այստեղ էականը նախարարության պորտֆելը ՀՅԴ-ին տալը չէ։ Այլ այն, որ ՀՀԿ-ն, փաստացի, նախարարության բաժանման ճանապարհով, ընդամենը լուծում է մեկ հավելյալ նախարարական աթոռ չկորցնելու տրիվյալ խնդիր։ Ոչինչ, որ դրա համար կպահանջվի աշխատակազմերի ու գործառույթների նոր վերակառուցում իրականացնել, վարչություններ ու բաժիններ առանձնացնել, նորերն ստեղծել կամ եղածները վերացնել, հավելյալ ծախսեր նախատեսել, մի քանի հարյուր ծառայողի ճակատագրերի հետ խաղալ, նրանց հավելյալ ստրեսի ենթարկել։

Փաստորեն այս մարմիններում աշխատող ծառայողները  հավերժ դատապարտված են փոփոխությունների, հավերժ պետք է լինեն զբաղեցրած պաշտոնը, աշխատանքը կորցնելու վտանգի զգացողության և սպասողականության մեջ։ Բայց հարցը միայն անձերը չեն։ Մենեջմենթից անգամ տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտի, որ աշխատակազմի չափից դուրս հաճախակի վերակազմավորումնները, փոփոխությունները ոչ թե աշխատակիցների մոտիվացման խթան են, այլ ճիշտ հակառակը, և որ նման դեպքերում որևէ համակարգ, առավելևս պետական, չի կարող գործել արդյունավետ։ Որովհետեւ հնարավոր չէ արդյունավետ լինել պերմանենտ ցնցումների, փոփոխությունների պայմաններում։ Եվ ուղղակի անմտություն է կարծել, որ իրեն հարգող որևէ լուրջ մասնագետ նման ցնցումները տեսնելով կարող է լրջորեն մտածել այս մարմիններում աշխատելու, կարիերա անելու, առավելևս՝ պետական երկարաժամկետ ծրագրեր նախագծելու կամ իրականացնելու, հանրային և պետական շահով առաջնորդվելու, այդ շահերն սպասարկելու առաջնահերթության մասին։       

Մինչդեռ իշխանության՝ պետական կառավարման ներկայիս փիլիսոփայության և առհասարակ որևէ տրամաբանության չենթարկվող կադրային քաղաքականության համատեքստում սրանք միանգամայն երկրորդական բաներ են։ Կարևորը՝ ցանկացած, անգամ պետական կառավարման համակարգի կայունության զոհաբերման գնով, իշխանության քաղաքական կայունության և շարունակականության երաշխավորումն է, երբեմն՝ պետական պաշտոնները անձնական ամբիցիաների բավարարման, կոնյուկտուրային մատուցված այս կամ այն ծառայության համար մարդկանց «հագով» գերատեսչություններ «կարելը», նրանց համար նոր մարմիններ բստրելը։ Դեռևս թարմ է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ներկայիս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի օրինակը։ 2014-ին որոշվել էր ստեղծել քաղաքաշինական առանձին գործակալություն՝ Սարգսյանի ղեկավարությամբ։ Դրան ուղղված աշխատանքները, այդ թվում նաև աշխատակազմի ձևավորումը, գրեթե ավարտվել էր, երբ կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո ազատվեց ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը և Նարեկ Սարգսյանը նշանակվեց նախարար։ Քաղաքաշինության գործակալություն ունեննալու անհրաժեշտությունը վայրկենապես վերացավ, և այն, կարծես չէր էլ եղել, կարծես դրա վրա ռեսուրսներ չէին վատնվել, ուղղակի վերացվեց, տարալուծվեց նախարարության կազմում։ Ահա այսպես քաղաքական վերադասավորումների, այսրօպեական հավակնությունների հորձանուտում տարրալուծվում ու փոշիանում է նաև պետության ողնաշարի դերը կատարող պետական կառավարման համակարգի կայացման և զարգացման հեռանկարը։     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter