
Յոթ երեխաներից ոչ մեկը նրանց կողքին չէ
85-ամյա Մուրադ և 80-ամյա Ռուզան Հայրապետյանները Սյունիքի Հարժիս գյուղի ամենատարեց ամուսնական զույգն են: Փետրվար 21-ին լրանում է նրանց ամուսնության 60-ամյակը: Արդեն որոշել են՝ այդ օրը զավակներով, թոռներ-ծոռներով, հարևաններով հավաքվելու են, մի խոզ, մի ոչխար մորթեն, լավ քեֆ անեն: Հատուկ այդ օրվա համար Ռուսաստանից նրանց փոքր որդին է ժամանելու:
Մուրադ Հյարապետյանը հիշում է, թե ինչպես քսանհինգ տարեկանում բանակից վերադարձավ հայրենի գյուղ, հանդիպեց Ռուզանին:
«Եթիմությունով մեծացած տղա էի: Մենակ մերս էր մեծացրել: Կանաչի, խոտ ուտելով էի օրերս անցկացրել: Բանակից հետ եկա սիրունացած, չաղացած, լավ, բոյով-բուսով: Եկա գյուղ, տեսա էս նախշուն աղջկան, հավնեցա, աչքի տակ առա»,- պատմում է Մուրադ պապը:
Շարունակում է, թե մայրը հորդորում էր ամուսնանալ, ասում էր՝ մենակ եմ, մի կնիկ բեր, տունը ուրախություն գա: «Դե, պիտի մերս հավան կենար կնկաս, առաջվա ադաթը էդպես էր: Մենք իրավունք չունեինք չհամաձայնելու: Տուն բերեցի երեք աղջիկներ, կանգնեցրի մորս դիմաց: Ասեցի՝ ընտրի, խոսքը քոնն ա: Դու հավանի, որ վաղը չասես՝ լավը չէր: Մերս նայեց բոլորին, ասեց՝ այ էդ Ռուզանին եմ ուզում: Դե, ինձ համար էլ մորս խոսքը օրենք էր»,- ասում է Մուրադ Հայրապետյանը:
Խոստովանում է՝ եթե անգամ ապագա կինն իր սրտով չլիներ, մոր խոսքից հետ չէր կանգնի:
Տիկին Ռուզանը ծիծաղում է. «Ես էլ չեմ փոշմանել: Իրոք Մուրադի հետ ապրելը շատ հեշտ է: Լավ մարդ, ընտանիքի հայր է: Վաթսուն տարիների ընթացքում ո՛չ թակած կա, ո՛չ ուշունց տված, ո՛չ էլ նեղացրած: Երեխաներին իրար հետ ենք պահել, աշխատել, իրար հետ մեծացրել; Մուրադը պատը դրել ա, ես ցեխը, քարը տվալ եմ: Մեր մի խոսքը բռնալ ա իրար: Համախմբված, իրար հետ խելոք աշխատել ենք, մեր խոխեքին պահել»:
Յոթ երեխա ունեն՝ հինգ աղջիկ, երկու տղա: Տասնյակից ավել թոռների ու ծոռների թիվը չեն հաշվել, ասում են՝ թոռներին հաշվելը խեր չէ:
Ափսոսում են, որ յոթ երեխաներից ոչ մեկն իրենց կողքին չէ: «Տնջվալ, պահալ ենք: Խեղճը աշխատել ա, մաշինա քշել, մեղու, անասուն պահել, որ երեխեքը բանի կարիք չունենան»,- ասում է Ռուզան տատը:
Մուրադը շատ ուշադիր է կնոջ հանդեպ: Ամեն առավոտ նրանից շուտ է արթնանում, վառարանը վառում, սուրճը եփում և նոր տիկին Ռուզանին արթնացնում է, որ միասին սրճեն:
«Ճիշտ ա, արդեն անցել ա էն ժամանակները, որ սիրո խոսոտովանություն անեմ, բայց ինքն էլ գիտեի՝ իրան ինչքան եմ սիրում, հարգում: Հիմա մի երեխա ես եմ դարձել, մին էլ ինքը: Արդեն մեր երեխեքն են մեզ սիրում, երեխայի տեղ պահում»,- ասում է 85-ամյա պապը:
Զրույցի ընթացքում ներս է մտնում նրանց փոքր թոռը, պապը բողոքում է, թե ամեն օր տանը կռիվ է, ասում են՝ ամուսանցի, տունը նոր շունչ գա: Թոռն էլ պապին է դիմում. «Ամուսնանամ: Երկիր կա՞, որ ամուսնամ»: «Ասա մտքիդ տեղ չկա, էլի»,- բարկանում է պապը:
Հրաժեշտին տիկին Ռուզանը ցույց է տալիս իրենց կառուցած տունն ու այգին․ «Հիմա ոչ մի բան էլ չունեմ մտածելու: Մեռնեմ էլ դարդ չունեմ, ինձ համար դինջ կյանք եմ արել: Ինչքան խոխա, երեխա ունեմ, տեղավորել եմ»:
Դիանա Ղազարյան
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել