HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում արտահերթ նիստ է. տրոհում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը

Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Պատգամավորները քննարկում են «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ կառավարության կառուցվածքում՝ նախատեսելով ներկայիս գործող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տրոհել և ստեղծել երկու առանձին գործող նախարարություններ: Նախագիծն ընդունելու դեպքում գործելու է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարություն: Նախագիծը Ազգային ժողովում ներկայացնում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հիմնական զեկուցողը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ քննարկվում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին: Ըստ լուրերի՝ ՀՅԴ-ն ստանալու է 3 նախարարական պորտֆել, որոնցից մեկը լինելու է այս փոփոխության արդյունքում ստեղծված տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Այն ղեկավարելու է նախկին գյուղնախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ շատ է ցավում, որ այս նախագիծը Արփինե Հովհաննիսյանն է ներկայացնում: Նա ընթերցեց 2014 թ. նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում նույն օրենքում կատարված փոփոխությունը և հիմնավորումը, ըստ օրի տարածքային կառավարման նախարարությունը միացվել էր արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ 2014 թ. փոփոխության նպատակն է եղել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծել: Բացի այդ, հիմնավորվել է, որ երկու կառույցների միավորումը պետք է նպաստեր բյուջեի միջոցների առավել խնայողական օգտագործմանը, ընդգծելով, որ երկու նախարարությունների գործառույթները համադրելի են եղել:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ երաշխիքներ կան, որ վաղը քաղաքական համագործակցությամբ պայմանավորված չեն տարանջատվի սպորտի ու երիտասարդության նախարարությունը, կրթության և գիտության նախարարությունը:

«Սա ի վերջո պետություն է, և քաղաքական համագործակցության անհրաժեշտությունները պետք է բխեն պետական շահից և գնան այն խնդրի լուծմանը, ինչը պետք է միտված լինի կառավարության և իշխանությունների գործունեության առավել օպտիմալացման: Ի վերջո, քանիցս ասվել է, որ մենք պետք է խնայենք բյուջեի միջոցները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջին հերթին քաղաքական համագործակցությունը ենթադրում է քաղաքական պայմանավորվածություններ և դրա արդյունքում արդյունավետ աշխատելու վերաբերյալ տեսլական: Նախարարն ասաց, որ առավել արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելը շարունակում է գերակայել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter