«Ձեռնտու տարբերակ է, բայց մարդիկ կան, որ դա էլ չեն կարող վճարել»
Գոհար Մովսիսյան
Երկու տարվա ընդմիջումից հետո Վանաձորի քաղաքապետարանի, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի եռակողմ համագործակցությունը շարունակվում է: Այս տարի նախատեսված է կառուցել ընդհանուր առմամբ 12 բնակարան՝ 9 հատ մեկսենյականոց և 3 հատ երկուսենյականոց, որոնք կհատկացվեն Վանաձորի՝ ոչ աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներին: Ծրագրի շահառուները ինչպես քաղաքի տնակային ավանների, այնպես էլ հանրակացարանների այն բնակիչներն են, որոնց ընտանիքը բաղկացած է 3-5 անձից:
«Սա դեռևս 2017 թ.-ին ստորագրված հուշագրի արդեն հինգերորդ փուլն է»,- ասում է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը և հավելում. «Շատ ուրախ ենք, որ կարողացանք դրամ հայթայթել ու շարունակել ծրագիրը: Երկու տարի չկարողացանք իրականացնել՝ ֆինանսական միջոցների սակավության պատճառով, այս տարի մեզ աջակցելու պատրաստակամություն է հայտնել «Կամրջակ» հասարակական կազմակերպությունը: Սա եզակի դեպք է, որ այստեղից ենք գտնում ֆինանսավորող»:
Քաղաքապետարանի ներդրումը կիսակառույցից բացի կազմում է նաև 20 միլիոն դրամ կամ 24 տոկոս, 11 տոկոս ներդրել է «Ֆուլեր» տնաշինական կենտրոնը, մնացած 65 տոկոսը՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադարամը:
«Երկու հարկի պատերը կան, պետք է ծածկենք, երրորդ հարկ ավելացնենք. 12 բնակարան է ստացվելու՝ 9 մեկսենյականոց, 3 երկուսենյականոց: Պայմանը նույնն է ինչ-որ միշտ եղել է. առաջինը, որ ընտրված ընտանիքների անդամները պետք է աշխատեն իրենց տան վրա, որպեսզի տեսնեն՝ ինչ տուն են սարքում, տնակը պետք է ապամոնտաժվի, հողը պետք է ազատեն, երրորդ՝ տասը տարի չպետք է վաճառեն այդ տունը»,- պարզաբանեց Հրահատ Ստեփանյանը:
Ծրագրի հետ կապված, սակայն, շատ վանաձորցիներ դժգոհություններ ունեն: «Դե, շինարարությունը պետք է անեն, հետո ամիսը 8000 դրամ մուծես՝ եսիմ քանի տարի, վկայականն առնես՝ 75000 դրամով, ջուրը, լույսը դու քաշես, մի միլիոն դրամ ա գալիս վերջում, մի խոսքով՝ը իրանք նենց են անում, որ դառնում ա Մոկվայի հիպոթեքի արժեք»,- մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքացիներից մեկը, ով սակայն ներկայանալ չցանկացավ:
«Հա, հասկանում եմ, որ վարկի համեմատ սա ձեռնտու տարբերակ է, բայց մարդիկ կան, որ դա էլ չեն կարող վճարել. ես իմ ծնողների համար եմ հենց հիմա մտածում. ո՞րտեղից տան»,-ասաց մի երիտասարդ աղջիկ, ում ծնողներն ու եղբայրը բնակվում են Վանաձորի Երևանյան խճուղի 90 հանրակացարանում: «Եթե մի տան մեջ բոլորը թոշակառու են, չեն աշխատում, էլ ո՞րտեղից պիտի մուծեն: Հարցը նրանում է, որ այսքան ապրել են՝ հույս ունենալով, որ պետությունը պիտի հատուցի, նվեր տա…»,- հավելեց վերջինս:
«Ինչից դժգոհ չլինենք, եթե, ասենք, ինչ-որ բան են առաջարկում, բայց դա էլ գումարով է. պիտի դու էլ այնքան ունենաս, որ կարողանաս վճարես»,- դժգոհեց ծրագրի շահառուներից Հայկուշ Ալիխանյանը:
Լիլիթ Ստեփանյանը, ում ընտանիքը բաղկացած է չորս անձից, հանրակացարանում բնակվում է արդեն տասը տարի: Ասում է՝ մինչև այդ էլ ութ տարի տնակում է ապրել: Այժմ հույս ունի, որ բախտ կվիճակվի ընդգրկվել ծրագրի մեջ և վերջապես սեփական տանիք ունենալ:
«75000 աբոնենտ պիտի դառնաս, 50000 էլ փաստաթղթերի գրանցման համար է, գոմարած, որ եթե մի սենյակ է՝ 8000 դրամ պետք է վճարես տասը տարով. 300000 հազար դրամով տուն ենք ունենում, էլի վատ չի, իհարկե եթե հայտնվենք ցուցակում»,- ասում է վերջինս:
Լիլիթը ծրագրի պայմաններից դժգոհ չի, միայն մի բան չի հասկանում, թե ինչու՞ է հանրակացարանի պարետ Արաքսյա Եղշատյանը բնակիչների մի մասին տեղյակ պահել, մյուս մասին՝ այդ թվում և իրեն, ոչ: «Պարետը ոչ լրիվին էր տեղեկացրել, ինքն էլ չէր տեղեկաված ըստ իր ասելու, նա մտել է մի քանի տուն միայն ու ոչ բոլորին էր ասվել: Ես թերթից եմ կարդացել, որ նման ծրագիր կա»,- ասում է Լ. Ստեփանյանը:
Շահառուների դժգոհություններն այսքանով չեն ավարտվում: Նույն հանրակացարանի բնակիչ Սուսաննա Ջուլհակյանին ծրագիրն ընդհանուր առմամբ դուր է գալիս, բայց մի կետի հետ, այնուամենայնիվ, համաձայն չի: «Ոնց որ կոպիտ ասած բանկից փող վերցնես, տուն առնես. . ծրագիրն այնքանով է լավ, որ գոնե տոկոս չկա էլի, մենակ այդ մի տարբերակը, ուրիշ ոչ մի բան: Տասը տարուց ավելի հանրակացարանում ենք բնակվում, հիմա մեր հինգ հոգանոց ընտանիքին տրամադրում են երկու սենյակ. հինգ անձով ապրես երկու սենյականոց բնակարանու՞մ, գոնե սենյակների թիվը շատ լիներ, ասենք էլի գոնե տային մի հատ երկու սենյականոց, մի հատ մեկ»,- ասում է տիկին Սուսաննան:
Վերջինիս ամուսինն էլ շարունակում է «Դե, էլի կբավարարի հինգ անձին երեք սենյակը, կարաս համակերպվես, բայց հինգ անձին երկու սենյակը ասենք մի քիչ խելքին մոտիկ էլ չի էլի, բայց դե ստիպված ես. եթե գիտես էլ ուրիշ ճար չկա, ելք չկա, գոնե կիմանաս, որ դու քո տան մեջ կունեանաս նորմալ բաղնիք, նորմալ խոհանոց, գոնե դա կլինի՝ ոչ հանրակացարանային էլի: Միայն թե այսքան տարիների ընթացքում զգում ես, որ դու խաբված ես, որ քու տակի հողը ծախեցին, իրանք կերան»:
Դժգոհությունները քիչ չէին նաև այն բնակիչների շրջանում, ովքեր առհասարակ չեն կարող հանդիսանալ որպես ծրագրի շահառու՝ կապված ընտանիքի անձաքանակի հետ: Անետա Մուրադյանն, օրինակ, վարձակալած բնակարանում ապրում է միակ տղայի հետ, ամուսինը վաղուց է մահացել: Ծրագրից չի կարող օգտվել, քանի որ այն նախատեսված է 3 և ավելի անդամներ ունեցող ընտանիքների համար: «Արդեն ութ տարի է ինձ բնակարանով են ապահովում»,- հեգնում է կինն, ապա մանրամասնում. «90 թ.-ից դոմիկում եմ ապրել, 16 տարի ապրել եմ 4-րդ գառադոկում՝ «Օրրանի» արանքի էլիտար շենքի տեղը, դոմիկս հանեցին, զոռով վարձով ղրգեցին, զոռով, դուրս չէի գալիս, առաջարկեցին հանրակացարան, ասեցի չեմ ուզում, ես ընդեղ էլ կմեռնեմ, թե բա վարձո՞վ, ասեցի վարձը չեմ կարա տամ, ասեցին երկու տարին մենք կտանք: Երկու տարի իրանք տվեցին, դրանից հետո գնացի դիմեցի՝ թե քոթեջներ ենք սարքելու, հինգ փուլ քոթեջ սարքեցին, ամեն մի փուլի վախտը ասում են համբերի մյուս տարի, համբերի մյուս տարի, մի սենյակ էն տարին առաջարկեցին, ասի մի սենյակը չեմ ուզում՝ քառակուսի տունը ինչի՞ս ա պետք. ո՛չ նիշշա ունի, ո՛չ բալկոն ունի, ո՛չ մի բան, ամուսնացնելու տղա ունեմ մինուճար. տղես քանդակագործ ա, բայց էս ձմեռվա վախտերը գործ չի ունենում, նկարիչ ա , բա էդ ձևի էրեխուն, անհեր երեխա ա, գոնե ընդառաջեն էլի»:
Հավելենք, որ եթե քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» ԲՀԿ-ի ներդրումը նվիրատվության կարգով է արվում, ապա «Ֆուլեր» տաշինական կենտրոնի դեպքում գործում է անտոկոս վարկի տարբերակը, այսինքն՝ «8000-ը ստանդարտ թիվ է, որը ամսական պիտի վճարեն, հիմա թե դա քանի տարում կվճարեն՝ կախված է հատկացվող բնակարանի մակերեսից. միջինը 760 հազար դրամի կարգի է, մեկինը կարող է ստացվի 720000 դրամ, մյուսինը՝ 800000»,- նշում է հանձնաժողովի նախագահը: Իսկ բնակարանը օրինական կարգով ձեռք բերելուց հետո շահառուն պետք է լուծի նաև արտաքին կոմունիկացիաների խնդիրը:
«Այն, որ ոչ աղետի հետևանքով անօթևան դարձած բնակիչներին են ապահովում բնակարանով՝ հանրակացարանների, տնակների բնակիչներին, գովելի է, թեկուզ ես չընդգրկվեմ ծրագրում, ամեն դեպքում 12 ընտանիքի պիտի ապահովեն բնակարանով: Բայց նաև հույս ունեմ, որ շարունակական կլինի այս բարեգործական ծրագիրը, և այն մարդիկ, որ չեն ստացել, նրանք էլ կստանան»,- ցանկություն հայտնեց Լիլիթ Ստեփանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել