HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները վիրավորվել են «SOS» նախագծում օգտագործված բառերից

Ամալյա Մարգարյան

Այսօր  Արաբկիր և Քանաքեռ-Զեթյուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ոստիականությունն ընդդեմ  «SOS» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆջյանի քաղաքացիական գործով հերթական նիստը:  

Նիստը սկսելուց առաջ, դահլիճում ներկա գտնվող լրագրողների առկայության պատճառով,  դատավորը հարցրեց կողմերի համաձայնությունը  և առարկությունը լուսանկարահանելու և տեսանկարահանելու վերաբերյալ: Պատասխանող կողմը չներկայացրեց որևէ առարկություն, նշելով որ հրապարակային դատաքննության ժամանակ նման սահմանափակում դատարանի կողմից  կարող է իրականացվել օրենքի որոշակի կետերի հիման վրա, իսկ այդ պահին կատարվող նիստը  հանրային հետաքրքրություն ունի,  սակայն հայցվոր կողմը առարկեց: Դատավորի որոշմամբ, նիստի ընթացքում  կատարվեց միայն լուսանկարահանում:

Վիլեն Գայֆեջյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ  միջնորդությամբ, որտեղ ներկայացվում էր դատարանի կողմից ներկայացված ապացուցման բեռի բաշխման մեջ կատարել լրացումներ:

«Խնդրում եմ պատասխանողի վրա  սահմանել ապացուցման հետևյալ բեռը, որ ՀՀ ոստիկանությունը իր գործարար համբավը հասարակության շրջանում բացասական կարգով  փոփոխության է ենթարկել, բացառապես «SOS» G7 վերնագրով 11-րդ թողարկումից հետո: Իսկ համահայցվորներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ  Զաքարյանի  համար ապացուցել այն հանգամանքը, որ վերջիններիս պատիվը որպես հասարակական գնահատական կրկին բացասական  գնահատականի է արժանացել  կամ վերագնահատվել է բացառապես «SOS» «G7» տեսանյութի տարածումից հետո», - ներկայացրեց  Հայկուհի Հարությունյանը:

 Նա նաև ավելացրեց, որ դատարանի կողմից ապացուցման բեռը բաշխման ընթացքում պատասխանող կողմը ապացուցի, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված բռնությունները  սոցիալական կայքերի միջոցով տարածված տեղեկատվությունը և այդ հիմքով ոստիկանությանը պատասխանատվության ենթարկելու հանգամանքը հանդիսացել է հանրային հետաքրքրության առարկա:  Եվ ավելացրեց, որ Վիլեն Գայֆեջյանը ներկայանում է ոչ թե որպես առանձին անհատ, այլ ներկայացնում է «SOS»  նախագծի հաղորդավար: 

Վիլեն Գայֆջյան

Սրան ի պատասխան հայցվոր կողմը նշեց, որ իրենք պատասխանատվության են կանչել այն անձին, որն իր գործողությամբ և արարքով ոտնահարել է  հայցվոր կողմի իրավունքը և ավելացրեց, որ միջնորդության մեջ նշված սոցիալական ցանցերում չկան պարոն Գայֆեջյանի կողմից հնչեցված արտահայտությունները.

«Մեր իրավունքն է ոտնահարվել պատասխանողի կողմից, ինտերնետային հրապարակումների մասով չկան այն հայհոյախոսությունները, որոնք թույլ է տվել պրն. Գայֆեջյանը տեսանյութի ընթացքում,  այնտեղ չկան դատողություններ, դա հեղինային խոսք է,  ուստի  այդ հրապարակումները պատասխանող կողմի հայցով  չեն կարող հաշվել»:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանի կարծիքով, սակայն, Վիլեն Գայֆեջյանն արտահայտել է իր սեփական կարծիքը. «Նա անցել է բարոյականության սահմանագիծը, մենք այստեղ ենք կանչել նրան,  որ պատասխանատվության ենթարկվի հենց այդ բառերի համար: Այս տեսանյութով տարածված նյութն իր սրությամբ բարոյականության սահմանն է անցնում»:

Կողմերին լսելուց հետո դատավորը մերժեց Հայկուհի Հարությունյանի ներկայացրած միջնորդությունը, սակայն նոր միջնորդություն և նոր փաստեր ներկայացնելուց հետո, դատարանը հետաձգեց դրանց քննարկումը, որպեսզի կողմերը ավելի հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումները և ծանոթանան միջնորդությանը:

Հաջորդ  դատական նիստը նշանակվեց  մարտի 18-ին ժամը 15.00:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը, Սերգեյ Զաքարյանը եւ Հովհաննես Քոչարյանը դատական հայց են ներկայացրել   YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: Ոստիկանները վիրավորվել են, հաղորդաշարի 2015թ-ի մայիսի 24-ի 11-րդ «G7»  թողարկումից, որտեղ ըստ հայցադիմումի, ոստիկանության աշխատակիցների հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև հաղորդավարը ոստիկանության աշխատակիցներին անվանել է «Շան տղերք»:

Լուսանկարները՝ Հերմինե Վիրաբյանի

                     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter