HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վերահսկիչ պալատը ստուգումներ կիրականացնի բուհերում

Այս տարի Վերհսկիչ պալատը ստուգումներ կիրականացնի երկու բուհերում` Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանում և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Բուհերի ստուգումները, ըստ հրապարակված ծրագրի, կանցկացվեն երեք ուղղություններով` պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, արտաբյուջետային միջոցների օգտագործում, պետական սեփականության կառավարում և օգտագործում:

Վերահսկիչ պալատը տարեկան ծրագրում չի ներկայացնում հիմնավորում, թե ինչու է նախատեսել ստուգում իրականացնել հենց տվյալ հաստատությունում: Պալատի մամուլի խոսնակ Արամ Ալավերդյանը նշում է, որ գոյություն ունեն միջազգային 100 չափորոշիչներ` համաձայն որոնց Վերահսկիչ պալատի խորհուրդը կազմում է ստուգման տարեկան ծրագիրը: Հատկապես որ չափորոշիչներն են դեր խաղացել ստուգման ենթակա բուհերի ընտրության հարցում, Ա. Ալավերդյանը  չհստակեցրեց:

Նշենք, որ վերջին ինը տարվա ընթացքում (2007-2015 թթ.) Վերահսկիչ պալատը վերջին բուհերում լայնածավալ ուսումնասիրություն կատարել է 2010թ.-ին: Ըստ այդ տարվա ծրագրի` ստուգվել էին Հայկական պետական ճարտարագիտական, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Հայկական պետական ագրարային, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանները և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Ի թիվս այլ խախտումների` ՎՊ-ն արձանագրել էր, որ բուհերին պետական բյուջեից վճարվում են գումարներ, որոնք իրականում նախատեսված չեն եղել, սակայն որոշ բուհերի դեպքում ֆիքսված չէին խախտումների ֆինանսական չափերը: ՎՊ-ն լիարժեք ուսումնասիրություն չէր կատարել, օրինակ, Բժշկական համալսարանում` հիմնավորելով, որ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում ՊՈԱԿ-ների գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանափակում կա: Այդ տարի պալատը առաջարկություն ներկայացրեց ԱԺ` Վերահսկիչ պալատի օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

Բժշկական համալսարանն այժմ ոչ թե ՊՈԱԿ է, այլ հիմնադրամ: Վերահսկիչ պալատն էլ այնտեղ կարող ուսումնասիրության հստակ նյութ ունենալ: «Հետքը» գրել է ԿԳՆ-Բժշկական համալսարանի` 2015թ. գործարքի մասին: Հիշեցնենք, համալսարանի ղեկավարությունը, խախտելով ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների հետ կնքած պայմանագրերը, կուրսին հատկացված 54 անվճար տեղից բաշխել էր 29 տեղը, իսկ մնացած տեղերի գումարն այդպես էլ չէր վերադարձրել պետբյուջե:

ՎՊ մամուլի խոսնակ Արամ Ալավերդյանը վստահեցնում է, որ իրենք ծանոթ են հրապարակված նյութերին և անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում են: Մնում է` արդյունքներ արձանագրվեն: Ինչ կհայտնաբերի համալսարաններում Վերահսկիչ պալատը, կերևա առաջիկայում:

Մեկնաբանություններ (1)

Յուրա
վերահսկիչ պալատը հաջորդ ստուգումները իրականացնի անտառտնտեսություններում, որ էտքան խայտառակ իրավիճակնա տիրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter