HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես դարձա աղա

Սովետական միլիցիոների կերպարն ինձ համար այդպես էլ չդարձավ օրենքի, քաղաքացու պաշտպանի խորհրդանիշ: Ինչքան էլ կինոէկրաններին,  հեռուստատեսությամբ  ցուցադրում էին սովետական միլիցիայի մասին հերոսական, գունեղ պատումներ, մեկ է՝ իրական կյանքում իմ տեսածն ու զգացածն այլ բան էր, ու նրանց հետ շփումն անգամ անպատվաբեր մի բան էր, մանավանդ, որ մեր թաղում՝ Սիլաչիում, ինչ-որ մեկին վիրավորելու համար «մենթ» էին ասում, այսինքն՝ միլիցիոներ:

Երևանը էն տարիներին հպարտություն ուներ, գոռոզ էր, ու մեր թաղը՝ Սիլաչին, էդ հպարտությունն ու գոռոզությունը պատվով պահում էր…

Աշխարհի կենտրոնն էր Սիլաչին, երկաթգծի կայարանից ընդամենը երկու կանգառ հեռու: Էդ, որ հիմա «Մետաքսի ճանապարհ» են ասում ու աշխարհը քարուքանդ անում նոր ճանապարհներ գծելու համար, սովետի տարիներին Սիլաչին  առևտրական մեծ ճանապարհի մի աշխույժ կայան էր:  Թուրքն ու վրացին, մոլոկանն ու քուրդը, գնչուն ու բոշան նշանավոր «կոլխոզշուկայի» մշտական  բնակիչներն էին: Հիշո՞ւմ եք` շուկայի հարևանությամբ «Մասիս» հյուրանոցն էր, որը մանդարին ծախող վրացուն ու խաթրաշատ առևտրական թուրքին, քրդին ու գնչուին գիշերակաց էր առաջարկում, ու թե մի քանի կոպեկ էլ շահ էին ունենում, շահի մի մասը հյուրանոցի հատուկ սենյակում մի քանի ժամ վայելքների վրա էին ծախսում: Հետո էլ ասում էին, թե սովետում պոռնկատուն չկար: Էս պոռնկատուն-հյուրանոցը հետագայում դարձավ ԿԳԲ-ի Երևանի մասնաճյուղ:

«Մասիս» հյուրանոցի դեմ դիմաց մեր շենքն էր, ու մեր շենքում ապրող Սամվելի ննջարանի պատուհանը հենց այն մոգական սենյակի պատուհանին էր բացվում: Հյուրանոցում հաճախորդներին սպասարկողը շիկահեր, թմբլիկ մի կին էր, որի մասին Սամվելի պատմությունները` հորինված ու իրական, վերջ չունեին: Պատմում էր` փսլինքը շաղ տալով, մենք էլ, բերաններս բաց, լսում էինք ու լսում: Չէինք ընդհատում, որ Սամվելի մտքի թելը հանկարծ չկտրվեր: Շիկահեր, տձև կառուցվածքով կնոջ հովանավորը թաղային Գուգոն էր: Սովետական միլիցիայի կապիտան էր Գուգոն: Այդպես էլ  շիկահերի  ու թաղայինի կապը գաղտնի կմնար, եթե Սամվելը օրերից մի օր չորոշեր օգտվել նրա ծառայությունից: Թանկ նստեց երազանքն իրականացնելու ցանկությունը Սամվելի վրա: Էն ժամանակների համար` մի ողջ կարողություն:

Թաղային Գուգոն սարդ էր, նրա գործած ոստայնն ընկնողը մինչև արնաքամ չլիներ, բաց չէր թողնի: Սամոն նրա թակարդն ընկած որսն էր:

Լուրեր էին պտտվում, թե Գուգոյին լավ աշխատանքի համար կոչման բարձրացում է սպասվում, ու նրա ուսադիրներին, ուր որ է, մի աստղ էլ է ավելանալու: Դե, վերևների հետ լավ էր Գուգոն: 

Սամոյի դեպքից հետո «սուտենյոր» անպատվաբեր մականունն էլ կպավ Գուգոյին: Թաղն ատելության գունդուկծիկ էր դարձել ու մի օր պայթեց` Իշխանի՝ Իշոյի  շառաչուն ապտակի ձևով, որ Գուգոյի դեմքին էր իջել մինչև հիմա էլ անհայտ մնացած մի վեճի պատճառով: Իշոյին կալանավորել էին: Իշխանը թաղային հեղինակություն Հիպի Համոյի հարազատ եղբայրն էր: Գործին խառնվել էին ազդեցիկ մարդիկ,  ու վերևներում փորձել էին հարթել միջադեպը՝ փրկելու համար սուտենյորությամբ իրենց կերակրող հավատարիմ գործընկերոջ պատիվն ու հեղինակությունը, ու չփչացնելով հարաբերությունները հեղինակություն վայելող շրջապատի հետ: 

Միջադեպը հարթվեց միլպետի առանձնասենյակում. Իշխանին ու թաղային Գուգոյին բերել էին դեմ դիմաց ու ասել` բարիշե՛ք, ամոթ է: Հետո էլ Իշոյին հասկացրել էին, որ վատ չէր լինի, թե մի հիսուն ռուբլի էլ նվիրեր թաղայինին` որպես հատուցում:  Իշո, դու Իշո, հիսունանոցը տվել էր, ձեռքը սեղմել ու ասել.

-Առավոտյան տանը կսպասեմ, կգաս:

-Ինչո՞ւ, ի՞նչ կա, Իշխա'ն ջան,- արդեն ջերմ, միլպետի ներկայությամբ, հետաքրքրվել էր թաղայինը:

-Հեչ, -ասել էր Իշխանը,- գարդիրոբի գլխին մի հատ էլ դրանից  ունեմ, կգաս, որ մռութդ նախշեմ :

Եվ կրկին գործին խառնվել էին ազդեցիկ մարդիկ...

Գուցե չհիշեի միլիցիոներ Գուգոյի պատմությունը, եթե  չհանդիպեի մեր ժամանակներում արդեն ոստիկանացած մի ուրիշ Գուգոյի: Չէ, սրանք ուրիշ շաղախից են, ուրիշ խմորից:  Ճիշտն ասած` ոչ թե հանդիպեցի, այլ ինքը կանգնեցրեց: Ուրեմն` հենց ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան պտտվեց, և ավտոմեքենայի լույսերը սկսեցին «թարթել», հասկացա, որ պետք է կանգնեմ: Ոչինչ չէր եղել, ոչ մի խախտում, բայց, ինչպես ասում են, կամքն իրենցն է, եթե կանգնեցնում են, ուրեմն պետք է կանգնես: Կանգնեցի: Դիմապակու հայելուց նկատեցի` մի երկարահասակ, լղար, հիսունին մոտ ոստիկան ավտոմեքենայից դուրս եկավ և քայլերն  ուղղեց դեպի իմ ավտոմեքենան: Ի՞նչ պետք է անեի: Ես էլ դուրս եկա: Երկուսս էլ ալարկոտ մոտեցանք  իրար:

-Հը, ի՞նչ կա, - հարցնում եմ:

-Բարև ախպորըըը~ս, - երգեցիկ ասում է ու միանգամից շարունակում,- բա~ն էլ չկա, տեսա անցնում ես , պտտվեցի, ասի`  մի հատ բարևեմ: Ոնց ե՞ս:

Շվարել-կանգնել եմ: Փորձում եմ հիշել, թե որտեղից կարող ենք ծանոթ լինել, և մինչ կհասկանայի`  ինչն ինչոց է, ոստիկանը շարունակեց.

-Տարին մի անգամ էլ չկանգնեցնե՞մ, պարտադիր պետք է խախտում անե՞ս, որ կանգնեցնեմ: Բա մարդկությո՞ւնը , մեռա՞վ, գնա՞ց-կորա՞վ, հը՞, բարևն էլ Աստծունն է , գիտես:

-Հա~, - ասում եմ, - լավ եմ, դո՞ւ ոնց ես:

-Ե՞ս…- խոր հոգոց է հանում ու շարունակում,- ըստ քեզ` ո՞նց պետք ա լինեմ, դե ասա…

Ասում է ու խորամանկ նայում դեմքիս:

-Լավ, - ասում եմ,- ինչո՞ւ կանգնեցրեցիր, չեմ հասկանում:

Ոստիկանը ձեռքերով ոտքերին է խփում ու թե.

-Ա՛յ մարդ, տեսա, որ լավ տղա ես, ասեցի` կանգնեցնեմ, բարև-բարի լույս ասեմ, հալ- քեֆ հարցնեմ,- ասում է ու, նայելով աչքերիս մեջ, շարունակումէ,- հը, չի կարելի՞:

-Չգիտեմ,- գլուխս կախում եմ,- չգիտեմ… Կարելի է, հո մարդկությունը չի վերացել, բայց ես շտապում եմ ախր…

-Բոլորս ենք շտապում,- շարունակում է ոստիկանը,- բայց` ո՞ւր,  սենց շտապելով` ո՞ւր ենք հասնելու:

-Լավ մարդ ես երևում, - հաճոյախոսում եմ :

-Ես հներից եմ, դեղնակտուցների հետ կապ չունեմ: Ոչ շփվում են, ոչ մարդ են ճանաչում, ոչ հարգանք ունեն, ոչ պատիվ…:

-Բա ոնց ե՞ս մնացել համակարգում,- հետաքրքրվում եմ, - ձեզ մոտ բոլորին համարյա փոխեցին:

-Նիհար էի, ախպե՛րս,- ժպտում է ու, ձեռքերը ցուցադրաբար սահեցնելով որովայնի վրայով, շարունակում, - նիհար էի, դրա համար պահեցին:

Ժպտում  եմ: Ինքն էլ: Ուզում եմ գնալ, բայց կարծես մեկը մտել է մեջս ու չի թողնում:

-Լսի, - ասում եմ,- առավոտ է, կեսօր լիներ, գոնե կգնայինք` իրար հետ կճաշեինք, բայց հիմա ախր…

-Ոչինչ,- ոգևորվում է ոստիկանս,- օրվա ժամը ի՞նչ կապ ունի, երբ լավ մարդը լավ մարդու է հանդիպում :

-Բայց ո՞նց իմացար, որ լավ մարդ եմ, չես մտածո՞ւմ, որ ձեր վերահսկողականից  կարող է լինեմ,- կատակում եմ:

-Վա~յ, տնաշե՛ն, ես քեզ ասում եմ` հներից եմ, ես մարդկանց լավ եմ ճանաչում: Ես գիտեմ` ով, ոնց, որտեղ, ում հետ….

-Նույնիսկ` ում հե՞տ,- զարմացած դեմք եմ ընդունում,- կարող ա՞ քննչականում էլ ես աշխատել:

-Չէ, չէ, ախպե՛րս, ես` ո~ւր, քնչականը` ո~ւր: Չես զգո՞ւմ, որ վրայիցս մարդահոտ ա գալիս:

-Չէ, - ասում եմ,- հոտառությունս վերջին տարիներին կորցրել եմ:

-Հա, ցավդ տանեմ, էդ ճիշտ ես, ինչքան չլողացած, լպրծուն կենդանիներ կային կա՛մ ոստիկան դարձան կա՛մ տաքսիստ,- ասում է ու քահ-քահ ծիծաղում:- Դու գիտես` մենք մեզ լավ ենք զգո՞ւմ… Էն տարիները՝ համով-հոտով, անցան-գնացին:

-Դե լավ, լավ, էլ մի… Էն ժամանակ էլ մի բան չէր, հիմա էլ…

-Բա եղա՞վ,- սրտնեղում է ոստիկանս,- բա դու տենց բան ո՞նց ես ասում, դու հո կարգին, կյանք տեսած տղա ես, ախր երևում ա, է~:

-Լավ,- ասում եմ,- գոնե անունդ ասա  մոտիկից ծանոթանանք:

-Անունս Գուգո է, ինձ բոլոր հները գիտեն…

-Գուգո՞, - զարմացած հարցնում եմ:

-Հա, հենց Գուգո,  ինչի՞ զարմացար:

-Հեչ,- ասում եմ,- ես մի Գուգո գիտեի, մեր թաղայինն էր:

-Լավ մարդ եղած կլինի, գուգոները, հատկապես հները, չեն կարող վատը լինել:

Լռում ենք: Երկուսս է  հիշողությունների գիրկն ենք ընկել:

Լռությունը նա է խախտում:  Մի քիչ լռելուց հետո  շարունակում է.

-Էս նորերը  դեռ  ինչքա~ն հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասկանան կյանքը:

-Լավ, ես գնամ, ուրախ էի ծանոթանալու համար, - ասում եմ:

-Գնա, գնա, Աստված քո հետ,- ասում է ու նայում է աչքերիս մեջ,- եթե ուզում ես` սենց չոր ու ցամաք գնաս, ուրեմն գնա, անփորձանք, ախպե՛րս:

Շրջվում եմ: Թիկունքիս զգում եմ Գուգոյի շնչառութունը: Կանգնում եմ, գրպանիցս հանում միակ հինգ հազարանոցը և մեկնում Գուգոյին:

-Գո՛ւգ ջան,- ասում եմ,- էս վերցրու, հաշվի, թե իրար հետ ճաշել ենք, ուրիշ բան չմտածես:

Գուգոյի դեմքի գույնը փոխվում է:

-Ուրիշ ի՞նչ պետք ա մտածեմ: Պետք ա մտածեմ, որ չեմ սխալվել, կարգին մարդու բարևեցի: Քեզ հաջողություն, աղա՛ ախպեր, քո պես տղերքը թող էս քաղաքից անպակաս լինեն,- ասում է, հինգ հազարանոցը տանում գրպանը և շարունակում,- ես մեռնեմ քո աղա ջանին, քշի, քշի, գնա, քեզ հալալ ա:

Ես վարում էի մեքենան` աղա դարձած: Որտեղից որտեղ մտքիս եկավ հինգ հազար դրամանոց ընտրակաշառքների պատմությունը, և հասկացա` աղաները մեր երկրում շատ են, իսկ ես չեմ կարող նրանցից լինել մի շատ պարզ պատճառով` գրպանումս հազար դրամ էր մնացել…

Հարություն Հարությունյան

2015, դեկտեմբեր

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ Ա. Ա.
Հարգելի Մաթոս (առաջին մեկնաբանության հեղինակ), երանի՜ թե մեր ժողովրդի գոնե կեսը հասկանար, որ տվողը վերցնողից ցածր է, որ տվողներն են վերցնողներ առաջացնում, որ յուրաքանչյուրիցս է կախված այսօրվա և վաղվա իրավիճակը մեր երկրում։
մաթոս
Այ Հարություն ջան, մեղավորը միայն Գուգոն չի, ես եմ Դուք եք եւ բոլորս: Պիտի ՉՏԱՍ ոչ մի դեպքում, թող տասը ակտ գրի, բամտ նստեցնի, մի խոսքով, ինչ ... ուզում են թող ուտեն: Պիտի մեկընդմիշտ ինքներս մեզ համար ՕՐԵՆՔ ընդունենք, առ այն որ տվողը վերցնողից ցածր է ---- եւ հարցերը կլուծվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter