
Անօթևան կնոջը ձեռք մեկնեց հոգևորը
«Եթե ընձի ըստեղ չբերեին, հաստատ կմեռնեի ցրտից,- Սուսաննան ձեռքը սահեցնում է ուսերի վրայով:- Սաղ ոսկորներս կցավան, էն էրկու տարին օր դրսերն եմ մնացել, ցուրտը մտել է մեջս, ընձի ներսից քայքայել, ու դժվար թե էս անգամ մինչև գարուն ապրեի: Իմ ճնշումը ցածր է, ըդուր համար ես ընձի հանգիստ կպահեմ, բայց ընձի նման մարդիկ կրնա մե օրմ էլ քնին ու չելնին, մանավանդ էն պայմաններում, օր ես կմնայի»:
Սուսաննա Եղտիարյանը պատմելուն զուգահեռ սկսում է սուրճի պատրաստություն տեսնել: Հետո կարծես ինչ որ բան հիշելով' անհանգստացած հարցնում է. «Օր իմ մասին գրել էիք, հո ձեզի չեն նեղեցրել»: «Ով պիտի նեղացներ ու ինչ համար»,-հարցնում եմ Սուսաննային:
«Եսիմ, քաղաքապետարանը, ոստիկանությունը, ձեզի հո բան չեն ըսել, հո չեն նեղեցրել օր ընձի օգնել եք,- կնոջ աչքերում տագնապ եմ նկատում ու շտապում հանգստացնել' ասելով, որ իր մատնանշած կառույցները որևէ կերպ հրապարակմանն, առավել ևս իր տեղափոխման խնդրին չի արձագանքել: «Դրա՞ համար չէիր ուզում տեղափոխվել այս կացարանը,- հետաքրքրվում եմ Սուսաննայից:- Քանի անգամ քո հետևից եկել են, ինչո՞ւ չէիր գալիս»:
Սուսաննան խոստովանում է, որ երբ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը եկել ու հայտնել է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Սոցիալ-կրթական կենտրոնի սենյակներից մեկն իրեն է հատկացրել, որ բնակվի մինչև գարուն, ինքը վախեցել է տեղափոխվելուց: Ասում է, որ առավել վախեցել է, որ Վահանին կվնասեն:
Թե ինչու է կնոջ մեջ արմատացել այդ գաղափարը, այդպես էլ անհասկանալի մնաց, թեև Սուսաննան դրա բացատրությունն ունի. բոլոր այն մարդիկ, ովքեր անցած երկու տարում ցանկացել են օգնել իրեն, հետո հանկարծակի, առանց բացատրության հեռացել և այլևս չեն ցանկացել իր հետ շփվել: Կնոջ բնորոշմամբ՝ իրեն օգնել ցանկացողներին հալածել են:
«Մերժվածի հոգեբանությունն է պարզապես իր մեջ արմատավորված, չի հավատում, որ իրեն կարող է անշահախնդիր մեկը օգնել: Ուր մտել է, մերժել են, ում դիմել է, մերժում է ստացել. իրեն էլ կարելի է հասկանալ»,- ասում է Վահան Թումասյանն, ով կացարանի խնդիրը լուծելուց հետո 4 օր շարունակ գնացել է կնոջ նախկին կեցավայրն ու փորձել համոզել տեղափոխվել:
Նոյեմբերի 8-ից Սուսաննան ապրում է Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երկրորդ հարկի սենյակներից մեկում: Կնոջ մասին թեմի առաջնորդին պատմել էր «Շիրակ կենտրոնի» ղեկավարը, պատմությանը Սրբազանը տեղեկացել էր նաև «Հետքի» հրապարակումից, ու որոշում էր ընդունվել ապաստան տալ կենտրոնում:
«Էսօր Սրբազանն էկել էր ընձի տեսնելու,- ուրախացած պատմում է Սուսաննան:- Օր ճիշտն ըսեմ, իրան հեչ չէի դիմել, հեչ մե անգամ մոտը չէի եղել, մենակ 2010թ-ի նոյեմբերին Վեհափառին էի նամակ գրել, ըդքան բան: Ես Սրբազանին ըդպես չիդեի, էկավ, հարցրեց թե ինչխ եմ, արդեն հարմարվել եմ, թե չէ, ընձի ինչխ կվերաբերվին կենտրոնի աշխատակիցները: Ես ըսի օր շատ շնորհակալ եմ տիկին Լուսիկից, անկողին է տվել, հագուստ, սապոգ, ամանեղեն, կարևորը' տեղս տաք է, պառերը կվառին, կոմոդ են բերել, մենակ պահարան ու աթոռ չունիմ, էն էլ պարոն Թումասյանը խոստացել է, կբերե, մեկ էլ ռադիո եմ ուզել: Հեչ մարդ ձեռք չբռնեց, բայց մեր Սրբազանը ընդառաջեց ընձի»:
Նախկին կացարանից ոչ մի բան իր հետ չի բերել. բերելու բան էլ չկար, միայն հիշողություններ: Սուսաննան հիմա իրեն անչափ ապահով է զգում: Խոստովանեց, որ այլևս չի խուսափում տրանսպորտ նստելուց, որովհետև մաքուր է հագնված ու վրայից ծխի հոտ չի գալիս:
«Էն ժամանակ համ ես կամնչեի օր մարդիկ քթերը վեր կքաշեին, համ վատ կզգայի, չնայած ամառները պլաստմասե շշերով ջուր կդնեի դուսը, կտաքնար, հետո մե մեծ ադյալմ կկապեի դրսի էն անկյունի վրա ու կլողնայի: Դե, լողնալս որն է, էնքան օր ջուրը կլցնեի վրես, օր վրիցս հոտ չգար»,- պատմում է նա:
Սուսաննան ասում է, որ իրեն թույլ են տվել ազատորեն օգտվել կենտրոնի խոհանոցից, ուտելիք պատրաստել, երբ ցանկանա: Կնոջ ինքնասիրությունը շոյել էր աշխատակիցների ցուցաբերած վստահությունն իր նկատմամբ:
«Ես թափառաշրջիկ չէի, բայց մարդիկ սարքեցին, ձեռքիցս տունն առան: Դոմիկ կմնայի, էդտեղից էլ հանեցին, ու հեչ մեկի պետքը չէր, օր պիտի փողոցը մնայի: Մեր քաղաքապետն իրան շատ հայրենասեր մարդ կհամարե, իրան Վարդան Մամիկոնյանի հետ կհամեմատե, ես դեմ չեմ, բայց ախր հեչ համեմատելու բան չկա: Ինչ հերոսություն է արել մեր քաղաքապետը: Միթե հերոսություն է մոտիկներով հավաքվել ու քեֆ ուրախության մեջ օրերն անցկացնել էն դեպքում, երբ մի հայ կին մերկ ու ոտաբոբիկ թափառում է փողոցներում ու անձրևին, ձմռան բքին գլուխը դնելու տեղ չունի: Քաղաքի օր կնշե, երբ իրա քաղաքում էդքան սոված մարդ կա: Ում է պետք էդ տոնը,- հարցնում է Սուսաննան:- Ես մեծ հույս ունեի, որ քաղաքապետն ինձ կօգնի, բայց հույսերս չարդարացան: Մտածում էի, որ նախարարը կօգնի, բայց փաստորեն Աստծո դռնից եկավ օգնությունը»:
Ի դեպ, հոկտեմբերի 17-ին քաղաքաշինության նախարարություն «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավարի ուղարկած գրավոր միջնորդությունը' բացառության կարգով Սուսաննա Եղտիարյանին նախորդ տարվա բնակբաշխումից ազատ մնացած մեկ սենյականոցներից բնակարան հատկացնելու վերաբերյալ, մերժվել է:
Նոյեմբերի 9-ին քաղաքաշինության նախարարությունից ստացված պատասխան գրությունում մերժումը պատճառաբանվում է հետևյալով. «Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009թ-ի նոյեմբերի 26-ի թիվ 1402 որոշման 3-րդ կետով, որի դրույթների համաձայն՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանները բաշխվում են վիճակահանությամբ' ձեր միջնոդությունը չի բավարարվել: Միաժամանակ, ելնելով Սուսաննա Եղտիարյանի բնակության անմխիթար պայմաններից' նիստի ժամանակ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել մինչև սահմանված կարգով Ս. Եղտիարյանին բնակարան հատկացնելը նրան ապահովել հանրակացարանային սենյակով»:
Նամակը ուղարկելիս նախարարությունը հավանաբար թաքուն հույս է փայփայել, որ տեղական իշխանությունները մինչ այդ խնդիրը լուծած կլինեն: Այնինչ հանրակացարանով ապահովելու խոստում տված, բնակարանների բաշխման հանձնաժողովում քաղաքապետարանի ներկայացուցիչ Անուշավան Պապիկյանն, այդ օրվանից սկսած (բնակբաշխաման հանձնաժողովի վերջին նիստը է կայացել հոկտեմբերի 19-ին), հաջորդ 20 օրվա ընթացքում չի այցելել Ս. Եղտիարյանին և նրան մեկ այլ կացարան տեղափոխելու առաջարկ չի արել: Քաղաքապետարանը դեռ չի արձագանքել նաև «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հոկտեմբերի 20-ին ուղարկած պաշտոնական նամակին:
«Եթե չլիներ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի արձագանքը խնդրին, Սուսաննան հավանաբար մահանար ցրտից իր այդ կիսակառույցում,- ասում է Վահան Թումասյանը:- Մենք հետամուտ ենք լինելու, որ բնակբաշխումից հետո Ս. Եղտիարյանը անպայման տեր դառնա իր բնակարանին, բոլոր ձևակերպումները լինեն իր անունով: Կօգնենք սեփականաշնորհման հարցում, որպեսզի 62-ամյա այս կինը կրկին չհայտնվի փողոցում»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել