
Բաֆրինե
Ալի Աշրաֆ Դերվիշիանը ծնվել է 1942 թ., Իրանի՝ Իրաքին սահմանակից Քերմանշահ քաղաքում: Մանկավարժական կրթություն ստանալուց հետո դասավանդել է Գիլանի և Շահաբադի գյուղական դպրոցներում: Այդ տարիները մեծ հետք են թողել նրա ստեղծագործական կյանքում: Չքավոր, սովի դեմ պայքարող, հալածված այդ գյուղացիներից շատերը դարձել են նրա պատմվածքների հերոսների նախատիպեր:
Հետագայում Դերվիշիանը տեղափոխվել է Թեհրան, ուսումը շարունակել Թեհրանի համալսարանի Գրականության ֆակուլտետում: Հեղափոխությունից առաջ մի քանի անգամ բանտարկվել է քաղաքական գործունեության պատճառով: Իր առաջին պատմվածքը նա գրել է բանտում:
Ալի Աշրաֆ Դերվիշիան
ԲԱՖՐԻՆԵ
Նստած էին պատշգամբում՝ պայծառ արևի տակ: Բաֆրինեն հենվել էր մոր կրծքին: Կինն ամուր սեղմել էր նրան ոտքերի արանքում: Սանրի ամեն շարժման հետ ալիքվում էին աղջնակի ոսկեգույն ծամերը, թափվում ճերմակ ուսերին, վզին:
-Ա՛խ, ականջս, ականջս պոկեցիր:
-Ի՞նչ է, ականջդ թղթի՞ց է: Եթե ամեն սանրվողի ականջը պոկվեր, ոչ ոք ականջ չէր ունենա:
Բաֆրինեն շոշափեց ականջը, հետո ուշադրությամբ նայեց մատների ծայրերին՝ համոզվելու համար հո արյունո՞տ չեն: Մայրը կատակեց.
-Հա՛, հա՛, հա՛, ականջդ պոկվել է, չես էլ զգացել: Այսօր Մամո Մաղդուրի մոտ կգնամ, ուլիկի ականջ կգնեմ քեզ համար:
Գետնին խաղացող տղան տակը թրջել էր: Հողը ցեխ էր դարձել: Փոքրիկը մատը թաթախում էր ցեխի մեջ, ապա՝ ուտում: Կինը շրջվեց.
-Ա՛խ, Յուսու՛ֆ, ա՛խ, թքե՛մ երեսիդ: Տես՝ ինչ էլ չպչպոց է գցել: Ասես թոնրի փախլավա է ուտում հիմարը:
Փսլինքի մերթընդմերթ ուռչող պղպջակը քթից կախ՝ Յուսուֆը սողալով մոտեցավ մորը: Բաֆրինեն դուրս սահեց մոր գրկից: Կինը վերնաշապիկի փեշով մաքրեց փոքրիկի քիթը, մատը բերանը մտցրեց, ցեխի մի կտոր հանեց: Պղպջակը ծորաց վերնաշապիկի կարմիր վարդի վրայով և քիչ-քիչ փոքրանալով՝ անհետացավ: Կինը գնաց սենյակ, ինչ-որ տեղից հին չադրա բերեց, փռեց գետնին, Յուսուֆին մեջը դրեց, փաթաթեց: Բաֆրինեն մոտեցավ, կինը երեխային կապեց նրա մեջքին:
-Եթե խելոք չմնա, արձակի՛ր: Միայն թե զգույշ եղիր՝ գետնին չգցես: Թխսին ու ճտերին ուշադրություն կդարձնես, օձի ու մրջյունի բները չփորփրես, տարօրինակ բաներ չուտես: Երեկվա աղցանից մի քիչ մնացել է, կեսօրին հացի հետ կեր: Չոր հաց ու շաքար կա որմնախորշի պահարանում, երբ Յուսուֆը սովածանա, մանրացրու, իրար խառնիր, տուր թող ուտի: Չթողնես՝ ճանճերը քիթ ու բերանին նստեն:
Հանձնարարություններ տալով՝ կինը ձեռքն առավ հացի տոպրակը, հետո մոտեցավ կավածեփ պատին. ՙԷս ցամքոցը, էս էլ մանգաղը՚: Վերցրեց դրանք, կապեց մեջքին, սանդուղքի մոտ ընկած թոկն ուսին գցեց: Ուզում էր դուրս գալ, երբ Բաֆրինեն յուրահատուկ շարժումով Յուսուֆին հարմար տեղավորեց մեջքին, մոտեցավ մորը՝ գրպանից մի ճմռթած նամակ հանելով: Վիզը ծռեց, ամոթխածությամբ խնդրեց.
-Մա՛մ, նորից կկարդա՞ս:
Կինը շրջվեց, մեղմ ժպտաց, նամակը վերցրեց աղջկա ձեռքից, նայելով նրա գունատ երեսին՝ ասաց.
-Ժամանակ չունեմ, երկու օր է՝ ստացել ենք այս նամակը, հազար անգամ արդեն կարդացել եմ:
Հետո խղճաց աղջկան, շոյեց գլուխը, ավելացրեց.
-Լավ պահիր քեզ այսօր, ինչ ասել եմ արա, երեկոյան վերադառնամ անտառից՝ կկարդամ:
Բաֆրինեն փարվեց մորը, քնքշորեն համբուրեց շորը: Հետո խլեց նամակը և գրպանը դրեց: Ապա թևերը հետ տանելով՝ գրկեց մեջքին կապած եղբորը: Երբ մայրը հեռանում էր, երեխան ձգվեց դեպի նա՝ հավաքելով շուրթերը: Բաֆրինեն մի քանի անգամ ցատկոտեց, հետո բակ վազեց, նստեց հավաբնի դռան մոտ: Մայրը փողոցում լսեց փոքրիկի ծիծաղի ձայնը, սիրտը հանգստացավ:
Կինը սարի փեշին հասավ: Ձեռքի տոպրակի թելը վնասել էր դաստակը: Արձակեց, մյուսին գցեց: Հայացքը հառեց սարի գագաթից սկիզբ առնող ոլոր-մոլոր արահետին: Մեկը վառելափայտի մեծ խուրձն էր փորձում քաշել, բայց հակառակը պատահեց, խուրձը ներքև սահեց՝ իր հետևից տանելով մարդուն: Թանձր փոշու ամպը ծածկեց նրան:
Հովիվ Մամո Մաղդուրը, հոտից մի քանի քայլ հեռու նստած, ուտելի արմատներ էր հողից հանում՝ երգելով.
-Չարչարանքի խոփով իմ ցավերի հողն եմ վարում
Ու տանջանք եմ ցանում:
Բերքը տառապանքն է. այն հնձում եմ չարչարանքի գերանդիով,
Եվ տառապանքի հատիկները ջրաղաց եմ տանում:
Ալյուրը հունցում եմ թախծալի ջրով
Եվ վշտալլուկ թոնրում թխում:
Տառապանքի հացը դնում եմ տառապագին սեղանին:
Սեղանակիցս տառապանքն է.
Նստում եմ կողքին ու տառապելով ուտում:
-Բա՛րև, Մամո Մաղդուր:
Ծերուկը շտկեց մեջքը, շրջվեց.
-Աստծո՛ բարին, Սելիմա խանում, Մահմեդից ի՞նչ լուր ունեք:
-Երկու-երեք օր առաջ նամակ ենք ստացել: Գրել էր՝ մի քանի օրով արձակուրդ կվերցնի, կգա:
-Աստված նրա հետ, բարով-խերով տեղ հասնի:
-Բարին ընդ քե՛զ, Մամո՛: Աստված քեզ երկար կյանք տա:
Սելիմեն սարի ստորոտի կաղնուն հասավ: Ծառի ճյուղին թառած ագռավը կռկռաց երեք անգամ:
-Բարին լսեմ... բարին լսեմ... բարին լսեմ,- ասաց Սելիմեն, կորացրած ցուցամատով մաքրեց հոնքերի վրայի քրտինքի կաթիլները, հետո կռացած՝ ոլոր-մոլոր արահետով վերև բարձրացավ: Ցախի խուրձը քարշ տվող մարդուն հանդիպեց, ճանաչեց.
-Ուժդ անսպառ, Խալու Մոլո՛ւդ:
-Ողջո՛ւյն, քույր ջան, ինչո՞ւ ես էս ժամին եկել:
-Գլխիս տերը ես չեմ, երեխա ունեմ: Մինչև նրանց տեղավորում եմ, օրը ճաշ է դառնում:
-Լավ է՝ գարուն է, օրը երկար է, ժամանակը՝ շատ,- պատասխանեց Մոլուդը, հետո սարի գագաթը մատնացույց արեց, ասաց,- զգո՛ւյշ եղիր, կործանիչների ոռնոցից խուճապի մատնված կենդանիները հանկարծակի հարձակվում են մարդկանց վրա:
-Զգույշ եմ, Խալո՛ւ: Տկլոր, անտեր մարդկանց տերն Աստված է, ես էլ նրանցից մեկն եմ:
Գարնան հետքն ամենուր էր: Զեփյուռը պտտում էր նոր ծաղկած վայրի նշենու դառը բույրը: Կինն աջ ու ձախ՝ մանգաղով ճյուղերին էր զարկում: Քրտինքը հոսում էր վրայից: Դեմքը շառագունել էր, նոր թխված հացի նման վարդագույն, գեղեցիկ էր: Կեսօրից բավական ժամանակ էր անցել: Թիկնեց կոճղին, ուզում էր ուսապարկի թելն արձակել, երբ մի հռնդյուն ցնցեց անտառը: Վայրի նշենու բողբոջները գետնին թափվեցին: Սելիմեն վախեցած վեր թռավ: Երեք ինքնաթիռ անցան վնգոցով: Սարերի ետևում նետված ռումբից փոշի բարձրացավ, հետո քիչ-քիչ մեղմ քամին ցրեց, տարավ գյուղի կողմը:
Գյուղը փռված էր կնոջ ոտքերի տակ՝ խաղաղ, լուռ ու երկար, երկար-երկար...
Սելիմեն շշնջաց.ՙՓա՛ռք Աստծո, մեզանից շատ հեռու էր՚:
Նետված ռումբերի որոտի հետ ճնճղուկները տարօրինակ ծղրտոցով այս ու այն կողմ թռան, չքացան: Հետո լռություն իջավ: Ճյուղերը կարծես ձգվեցին, երկարեցին ու մի ձայն լսվեց, ասես մեկը եղունգներով մարմինն էր քորում: Անծանոթ ու տհաճ հոտ տարածվեց, նշենու դառը բույրն այլևս չկար: Սելիմեն քոր զգաց կոկորդում: Հազաց: Ահաբեկված էր: Ցախի խուրձը դուրս բերեց արահետ:
Արևի շողերը քաշվում էին դաշտերից ու սարերից: Գյուղը կապտավուն էր: Սելիմեն՝ քրտինքի մեջ կորած, պարանի ծայրը ձեռքին փաթաթած, զգուշորեն քարշ էր տալիս խուրձը: Շրջադարձերին թոկն այնքան էր թուլացնում ու ձգում, որ կարողանա սանձել խրձին և բեռի հետ չգլորվի ձորը: Վերջին շրջադարձին էր հասել, երբ շնչառությունն ավելի վատացավ: Դեռ զգում էր առեղծվածային հոտը. մեկ ուժգնորեն քթին էր խփում, մեկ քամու փչելու հետ՝ մեղմանում: Սելիմեն ծնկի իջավ, մի կերպ շալակեց խուրձը: Ձեռքի ափերն այրվում էին, քոր գալիս: Կաղնուն հասավ: Ագռավն ընկած էր ծառի տակ, ոտքերը վեր էին ցցված: Մամո Մաղդուրն անշարժ ու անձայն թիկնել էր ծառին: Սովորականի նման Սելիմեին նա չողջունեց: Կինը խոր շունչ քաշեց, բարեմաղթանքեր հղեց՝ ի պատասխան հովվի թվացյալ ողջույնի: Հետո միայն ուշքի եկավ, վախեցած՝ Մամո Մաղդուրի կողմը նայեց: Գլուխը ծնկներին էր դրել, շվին գրկի մեջ էր, թևերը կախ էին ընկել: Ոտքերի տակ կիսածամ արմտիքն էր ընկած: Մի պահ կնոջը թվաց՝ Մամոն խամինեն է կապում: Հազաց, ավելի բարձր ասաց. ՙՇուտով արևը մայր կմտնի, դու որ քնես, հոտն ո՞վ պիտի տուն տանի՚: Մամոն չպատասխանեց: Կինը ոչխարներին նայեց. անշարժ ընկած էին մեկը մյուսի վրա: Ո՛չ մայում էին, ո՛չ արածում: Հովվի շունն էլ էր գետնին փռված: Մեղմ քամի էր: Տհաճ հոտն ավելի ու ավելի էր քչանում, բայց Սելիմեն առաջվա նման կոկորդում քոր էր զգում: Նա բաց թողեց պարանի ծայրը, խուրձը գետնին ընկավ: Հետո քայլերն ուղղեց դեպի Մամոն: Մի թռչուն ծղրտաց քիչ հեռվում: Ահ ու սարսափը համակեց Սելիմեին: Դողացող ձեռքը Մաղդուրի ուսին դրեց.ՙՄամո ինչո՞ւ...՚:
Մամոն գլորվեց գետնին. դուրս պրծած աչքերը երկնքին էին հառած: Սելիմեն ճչաց, հետ-հետ գնաց: Ոտքը դիպավ ոչխարներից մեկին, դեմքով մի այլ ոչխարի վրա ընկավ: Սարսափահար վեր թռավ, բռունցքներով կուրծքը ծեծեց: Գլխաշորը գլխից ընկավ: Ձեռքը խրեց մազերի հյուսքի մեջ, կարծես եղունգը քաշեցին: Թուլացած ոտքերով տուն վազեց: Գյուղի սկզբնամասում Խալու Մոլուդի տունն էր: Ցախի խուրձը դեռևս պատի տակ էր, Խալուն փոքր-ինչ կռացած՝ հենվել էր պատին: Կիսահյուս ոտնամանը ձեռքին էր, կծիկը գետնին էր ընկած, շրթունքի անկյունից կախված թելի ծայրն ատամներով բռնել էր:
Սելիմեն ճանկռեց երեսը, եղունգների տակից արյուն ծորաց: Բղավեց. ՙԽալո՛ւ, Խալո՛ւ, էս ի՞նչ փորձանք է գլխներիս եկել...՚:
Պատին հենված Խալու Մոլուդի աչքերը դուրս էին եկել ակնախորշերից: Տարօրինակ հոտը քամու փչելու հետ սրանում ու թուլանում էր:
Ցանկապատից այն կողմ Սելիմեենց բակն էր: Կինը մարմնի մի հարվածով փլցրեց ցանկապատը:
-Բաֆրինե՛, սիրելի՛ս, որտե՞ղ ես:
Լայն քայլերով հավաբնին հասավ:
-Բաֆրինես ու Յուսուֆս քնած են: Տեսնես կեսօրին մի բան կերե՞լ են: Մեռնե՛մ ձեզ:
Բաֆրինեն մայրական հոգատարությամբ գրկել էր Յուսուֆին, քնեցրել թևերի վրա: Ճտերն անշունչ ընկած էին թխսի կողքին: Հավը գլուխը թևի տակ դրած՝ անշարժ պառկած էր: Կինը շարժեց աղջնակի պստլիկ, աղտոտված ձեռքը, ուզում էր արթնացնել նրան: Նամակը թրթռաց Բաֆրինեի ու Յուսուֆի արանքում: Ճմռթված թղթի տողերն ավելի էին ջնջվել:
ՙՆազանի աղջիկս, Բաֆրինե՛, համբուրում եմ քեզ, կծում պնդուկի նման գեղեցիկ ծնոտդ: Մի քանի օրից արձակուրդ կվերցնեմ...՚:
Մի սատկած մրջյուն էր Բաֆրինեի կապույտ ծնոտի վրա՝ հացի փշուրին կպած...
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը
Մեկնաբանել