HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբարկղերը դատարկվում են, հարակից տարածքը աղբանոցի է վերածվում

Ռոստովյան-Արցախ խաչմերուկում է գտնվում այս աղբանոցը (տես լուսանկարը): Տարածքին կից  տեղադրված են չորս աղբարկղեր: Աղբարկղերի աղբահանությունը կատարվում է ամեն օր, բայց հարակից տարածքը չի մաքրվում: Աղբանոցը գտնվում է Ռոստովյան փողոցով անցնող ջրանցքի մոտ:

Անին հաճախ է այս տարածքով անցնում, ասում է՝ մի քանի ամիս է, ինչ այս վիճակն է: Դեռ սա բարվոք է, քանի որ նախկինում անգամ այս աղբարկղերը չեն եղել: Հաճախ է տեսել՝ ինչպես են բնակիչներն աղբը ջրանցքը լցնում:

«Անցյալ տարի էլ նույն վիճակն էր: Էս տարածքով, որ գնում-գալիս եմ, չեմ տեսել, որ էս տարածքը մաքրեն: Անցած տարի, որ էս հատվածը ասֆալտապատել էին, էսքան շատ չէր, բայց ձմռան ամիսներին, շատացել են»,- նշում է մոտակա շենքի բնակչուհի Նարինեն:

Էրեբունի վարչական շրջանի աղբահանության  ու սանմաքրման աշխատանքների պատասխանատուն «Էրեբունի-Մաքրություն» ՍՊԸ-ն է: Ընկերության փոխտնօրեն Արտակ Այվազյանի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցները 1999 թվականից ամեն օր կատարում են վարչական շրջանի աղբահանության և սանմաքրման աշխատանքները: «Ամեն օր և՛ աղբարկղերն են դատարկվում, և՛ դրանց կից տարածքներն են մաքրվում: Անձամբ հետևում եմ մաքրման աշխատանքներին: Տարածքը մաքրող բոլոր աշխատակիցներն էլ գիտեն, որ պետք է տարածքը ամբողջությամբ մաքրեն: Կարիք չկա զգուշացնելու: Մենք էլ հետևում ենք, որ սաղ տենց անեն, տենց էլ անում են: Երևի անհարմար ժամանակ եք գնացել տեսել»,- նշում է փոխտնօրենը:

Ա.Այվազյանը վերջին անգամ երեկ է եղել այդ տարածքում և չի նկատել, որ աղբարկղերին կից տարածքը աղբանոցի է վերածված. «Ձյունը,  որ հալել էր, կողքը աղբանոցի էր վերածվել: Մարդիկ աղբը թափել էին, ձյունը վրան էր եկել, աղբը չէր երևացել: Հիմա, որ ձյունը հալել ա, մեր հավաքարարները ավլել  ու հավաքել են»:

Հարցին՝ արդեն հավաքվել է աղբը, պատասխանում է. «Հա, բա ինչ են արել: Երկու օր առաջ են արել, ու էդի շուտ-շուտ, ամեն օր ավլում, հավաքում են»:

Դիտարկմանը, որ երկու օր առաջ ենք եղել այդ տարածում և տարածքը մաքրված չէր, նշում է.«Ուրեմն ձեզանից հետո էն ավլել»:

Նրա հետ ունեցած զրույցից երկու ժամ հետո ժամանել ենք նույն աղբանոց, նախկին աղբակույտերին նորերն են ավելացել:

Դիանա Ղազարյան

Լուսանկարները՝ Հերմինե Վիրաբյանի

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter