Հայաստանի ժողովրդավարության մակարդակի ինդեքսը
Արուսյակ Ալեքսանյան
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի
դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական
ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ
ՆԱԽԱԲԱՆ
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի ժողովրդավարության մակարդակը[1], այն պայմանավորող քաղաքական գործոններն ու դրանց զարգացման միտումները:
Հաշվի առնելով ընտրական գործընթացների կարևորությունն ու ազդեցությունն անցումային երկրների ժողովրդավարության մակարդակի վրա՝ հատուկ ուշադրություն է դարձվել նախագահական և խորհրդարանական ընտրությունների համակողմանի վերլուծությանը:
Ռեգրեսիոն վերլուծության միջոցով վեր են հանված այն գործոնները, որոնք առավել նշանակալի ազդեցություն ունեն Հայաստանի ժողովրդավարության վրա:
Ժողովրդավարության Քաղաքական գործոնների ինդեքսի (ՔԳԻ) կորից երևում է, որ քաղաքական զարգացումներն ընթանում են նույն մակարդակով` փոքր-ինչ վերելքներով և վայրէջքներով, որոնք հիմնականում պայմանավորված են ընտրություններով: Հետազոտությունները վկայում են, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի և քաղաքական կայունության առավել մեծ անկումներ նկատվում են մասնավորապես նախագահական ընտրությունների ժամանակ, որը բնորոշ է նախագահական քաղաքական համակարգ ունեցող և անցումային շրջանում գտնվող պետություններին:
Հայաստանում նախագահական ընտրություններ են անցկացվել 1991թ., 1996թ., 1998թ., 2003թ., 2008թ. և 2013թ. (տե՛ս աղյուսակ 2):
Առաջին նախագահական ընտրությունները տեղի ունեցան 1991թ., որի ժամանակ ձայների 83%-ով հաղթանակ տարավ Հայոց համազգային շարժման թեկնածու Լևոն ՏերՊետրոսյանը։
Հաջորդ նախագահական ընտրությունները խնդրահարույց էին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Տեր-Պետրոսյանը վերընտրվել էր նախագահի պաշտոնում ձայների 51,7%-ով, իսկ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն), ստանալով ձայների 41%-ը, հայտարարում էր տեղ գտած լայնածավալ կեղծիքների մասին:
1996թ. սեպտեմբերի 25-ին 150-200 հազար ցուցարարներ գրոհեցին ԱԺ-ի շենքը և բռնություն գործադրեցին ԱԺ խոսնակի ու փոխխոսնակի նկատմամբ[1]: Ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, ինչի հետևանքով մոտ 60 մարդ ստացան մարմնական տարբեր վնասվածքներ[2]: 1996թ. արձանագրված ՔԳԻ-ի անկումը մեծ մասամբ պայմանավորված է քաղաքական այս ճգնաժամով (տե՛ս գծապատկեր 1, աղյուսակ 1):
Արդեն իսկ 1998թ. մարտին նախագահական արտահերթ ընտրություններ նշանակվեցին, որը պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակի շուրջ առաջացած ներքին տարաձայնություններով[3]: Այնուամենայնիվ, ՔԳԻ-ի տեսանելի անկում նկատվում է 1999թ., որի պատճառը հոկտեմբերի 27-ի դեպքերն էին, երբ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ ահաբեկչություն[4]:
2003թ. և 2004թ. նույնպես նկատվում է ՔԳԻ-ի անկում (տե՛ս գծապատկեր 1, աղյուսակ 1): 2003թ. սկսած անկումը պայմանավորված է նշված ժամանակահատվածում ակտիվ քաղաքական իրադարձություններով. այդ տարի տեղի են ունեցել և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև՝ հանրաքվե: Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների համեմատությամբ առավել հանգիստ ընթացք ունեին: Ընդդիմությունը, չհամաձայնելով արդյունքների հետ, պնդում էր, որ ընտրությունները կեղծվել են, իսկ ԵԱՀԿ դիտորդները հայտարարեցին, որ դրանք ընթացել են թերություններով[5]։ Այդ ընտրությունների երկրորդ փուլում 67,5% արդյունքով վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը՝ հնարավորություն ստանալով պաշտոնավարելու ևս 5 տարի։
Համապետական հագեցած իրադարձությունների պատճառով նշված ժամանակահատվածում նկատվում է քաղաքացիական անհնազանդությունների քանակի որոշակի աճ, որը շարունակվեց նաև 2004թ. գարնանը, երբ ընդդիմությունը մարտի 28-ից սկսեց ցույցերի մի շարք՝ պահանջելով Ռ. Քոչարյանի հրաժարականը[6]։
Հետազոտությունն ամբողջությամբ՝ այստեղ:
[1] Astourian, Stephan H. 2001. From Ter-Petrosian to Kocharian: Leadership Change in Armenia. University of California, Berkeley, 2014, էջ 45 http://iseees.berkeley.edu/bps/publications/2000_04-asto.pdf, վերջին մուտքը՝ 17.01.2016
[2] Armenia: Amnesty International Calls for Investigations into Beatings of Opposition Supporters Following Election Protests, Amnesty International. 1996, https://www.amnesty.org/en/documents/EUR54/002/1996/en/, վերջին մուտքը՝ 17.01.2016
[3] «Ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ». այս օրը հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, մարտի 2, 2013թ., Lurer.com, http://lurer.com/?l=am&p=74074, վերջին մուտքը՝ 17.01.2016
[4] Shooting death of Armenian prime minister heightens crisis in the Caucasus https://www.wsws.org/en/articles/1999/10/arme-o29.html, WSWS, 1999, վերջին մուտքը՝ 17.01.2016
[5] Republic of Armenia, Presidential Election, 19 February and 15 March 2003, OSCE/ODIHR Election Observation Mission Final Report, Warsaw, http://www.osce.org/odihr/elections/armenia/14054?download=true, վերջին մուտքը՝ 17.01.2016
[6] Ishkhanian Armine, 2008. Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia, 44-45 էջեր, London: Routledge
[1]Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի (ԺՄԻ) մեթոդաբանությունը մշակել է Արուսյակ Ալեքսանյանը ՀՌԿԿ-Հայաստան և Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի հետազոտական ծրագրի շրջանակներում, “Index օf Democracy Level (IDL): Discovering Factors that Influence Democracy In Armenia”, 2013, pp. 15-25, http://www.crrc.am/hosting/file/_static_content/fellows/fellowship12/Final%20Paper_Arusyak%20Aleksanyan.pdf: Վերջին մուտքը՝ 20.01.2016: Մշակված մեթոդաբանութան հիման վրա հետազոտական մոդելը գործարկվել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում՝ հաշվարկելով ու վերլուծելով Հայաստանի ու հետխորհրդային մի շարք երկրների ինդեքսները: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը ծրագրի» շրջանակներում ուսումնասիրությունը թարմացվել ու համալրվել է Հայաստանի համար հրապարակված ցուցանիշների հաշվառումով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել