HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«ՍԴ-ի որոշումները հասկանալու համար ոչ թե պետք է կես լիտր օղի խմել, այլ մի քիչ իրավունքից հասկանալ»

Այսօր Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները») դրույթները Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ: Այս թեմայով «Հետքի» հարցերին պատասխանում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում ԶԼՄ-ների համար «պատուհաս դարձավ» Քրեական օրենսգրքի փոփոխությունը, որով վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվեցին: Դատավորներն անխնա սկսեցին վճիռներ կայացնել ԶԼՄ-ների դեմ, այն էլ` օրենքի ամենախիստ պահանջով: Դուք այս հարցում մտահոգություն չունե՞ք:

Երեւույթի նկատմամբ, թե ինչպիսի հարաբերություններ են, ես մտահոգություն ունեմ, բայց երկկողմանի: Մի կողմից, որ մեր զանգվածային լրատվական միջոցները պետք է ներքին զսպաշապիկ ունենան, ինքնակարգավորման մեխանիզմներ պիտի ունենան, որոնցով պիտի հասկանան թույլատրելիության սահմանը որտեղ է, որտեղ կարելի է, որտեղ` ոչ: Մյուս կողմից հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք պիտի հասկանան ու ընկալեն, որ իրենք ավելի խոցելի են, ավելի բաց պիտի լինեն, եւ այն, ինչ որ իրենց չէին ասում, երբ իրենք պաշտոն չունեին, այս դեպքում կարող են ասել, եւ դա կտեղավորվի խոսքի ազատության շրջանակներում: Մենք այս երկու առումով էլ խնդիր ունենք:

Մենք ունենք ԶԼՄ-ներ, որոնց համար այդ էթիկայի կանոններ կոչվածը չկա, եւ հենց ԶԼՄ-ների կողմից մի քանի նախաձեռնություններ են եղել` միասին կնքելու ինչ-որ համաձայնագիր, որ այս խաղի կանոններով են գործում, ինչը բավականին արդյունավետ այլ երկրներում աշխատում է: Իրենք ասում են` սա կարելի է, սա չի կարելի, սա մեր ներքին էթիկայի կանոններն են: Այս մասին կարող ենք գրել, այս մասին այսպես կարող ենք գրել, մինչեւ այս բառերը կարող ենք օգտագործել, սրանք չենք օգտագործելու: Սրանք իրենց ներքին զսպաշապիկ են պահում:

Ինչ վերաբերում է այդ փոփոխություններին, մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից առաջիններից մեկն էինք, որ վիրավորանքի ու զրպարտության հոդվածներն ապաքրեականացրեցինք, ինչը ողջունվեց բոլոր եվրոպական կառույցների կողմից, որ այլեւս քրեական պատասխանատվություն սահմանված չէ դրա համար եւ միայն քաղաքացիաիրավական հարցերի շրջանակում է: Թեպետ քաղաքացիական օրենսգրքում մոտավորապես դիսպոզիցիանները նույնն էին, ինչ նախկին քրեական օրենսգրքում, եւ այս դեպքում սահմանվեց նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով փոխհատուցում եւ մինչեւ 2000-ապատիկի չափով` զրպարտության համար, բայց մենք ընկանք մյուս` չասեմ ծայրահեղության մեջ, բայց մեր դատական պրակտիկան շարունակ մինչեւ երեւի մի քանի ամիս առաջ, երբ որ մի գործով այլեւս ամենամեծ տուգանքները չնախատեսվեցին եւ ավելի փոքր էին սահմանում, ընկանք մյուսի մեջ, երբ բոլոր գործերով սկսվեց 2000-ապատիկի չափով տուգանքներ սահմանվել նրանց համար: 

Թերեւս լուծումը սրանց արանքում է: Մի կողմից պետք է հասկանալ, որ համաչափության սկզբունքով առաջնորդվելով` պիտի հետեւյալ տրամաբանության մեջ այս ամբողջը դիտարկել, որ եթե այդ խնդրի լուծմանը դու կարող ես հասնել այլ ճանապարհով` ներողություն խնդրելը, հերքումը, համապատասխան պատասխան տպագրելը եւ այլն, գործը չպիտի հասնի տուգանքին, որովհետեւ սա ինքնանպատակ չպետք է լինի: Եթե դու կարող ես դա կանխել, վիրավորանքը վերականգնել, զրպարտությունն ի չիք դարձնել հենց այս ճանապարհներով, ինչու դիմել դատարան:  Այսինքն` տուգանքը պիտի լինի ավելի ծանրի դեպքում, կրկնության դեպքում, երբ ինչ-որ մեկը հետեւողականորեն է դա անում, կամ հանրային վտանգավորության աստիճանը շատ ավելի մեծանում է: Այն, ինչ ասում եմ ուղղակիորեն բխում է նաեւ իրավական պետությունից եւ կարծում եմ` առաջ չանցնելով Սահմանադրական դատարանն այս հարցի պատասխաննները կտա, թե որքանով են այս պատժաչափերը սահմանադրական, եւ եթե փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչ ուղղությամբ պետք է գնա:

Սա այն դեպքն է, որ բոլորն անելիքներ ունեն. լրագրողներն իրենց հերթին, հանրային պաշտոններ զբաղեցնողներն ու դատական իշխանությունն իրենց հերթին: Մենք շատ կարճ ժամանակ ենք ունեցել` ընդամենը 2 տարի, որպեսզի այդ պրակտիկան ձեւավորվի, որպեսզի այս ոլորտում Վճռաբեկ դատարանը միասնականություն ապահովի: Մեր իրականության մեջ սրանք նոր բաներ էին, եւ դատավարությունն ինքնին ու նման պատիժները նույպես նոր էին: Ժամանակն է, որ սեփական սխալներ ասեմ, կամ թույլ տված սխալների վրա կարելի է սովորել եւ գնալ առաջ: Բայց, կրկնում եմ, երբեք խոսքի ազատությունը չպետք է շփոթել անձին վիրավորելու եւ զրպարտելու հետ:

Կարծես թիրախ դարձան լրատվամիջոցները, բայց շատ հաճախ պետական այրերը մոռանում են, որ իրենք հանրային դեմք են եւ ավելի շատ են ենթակա քննադատության: Ինչո՞ւ լրատվամիջոցների քննադատությունը չեն ընդունում եւ ուղիղ դիմում են դատարան:

Ասացի, որ խնդիր երկու կողմերում էլ կա, եւ հանրային իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենք քննադատվելու են: Երբ ես ստանձնում էի արդարադատության նախարարի պաշտոնը, ինձ համար շատ պարզ էր, որ այլեւս ես բոլոր ԶԼՄ-ների համար այն սիրված փորձագետ Հրայր Թովմասյանը չեմ լինելու, եւ ինձ քննադատելու են, եւ ես արդյոք պատրաստ եմ այդ քննադատությանը, թե ոչ: Այո պատրաստ եմ: Կարծում եմ` յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի, եւ հենց այդպես էլ մտածի, կամ` իր համար ընտրություն կատարի: Այստեղ ոսկե միջին պետք է ձեւավորվի` որտեղ է ավարտվում քննադատությունը, այն քննադատությունը, որը ցանկացած պաշտոնատար անձի համար օգտակար է այն առումով, թե ինչպես են իր քայլերն ընկալվում հանրության կողմից, եւ հակադարձ կապի շնորհիվ պետք է ինքը փորձի վերագնահատել, վերաշարադրել իր գործողություններն ու անելիքները:

Բայց ե՞րբ է սկսվում իրականում վիրավորանքը. երբ կառավարության շենք մտնելուց, դուրս գալուց ինչ-որ մեկը գոռում է` սրիկաներ, դավաճաններ, մոտենում, հարցնում եմ` ու՞մ ես ասում, ինքը գլուխը վերեւ է բարձրացնում ու շարունակում է կրկնել: Սա էլ նորմալ չէ: Թող ասի` նոտարիատի համակարգում բարեփոխումները դանդաղում են, թող ասի` քաշքուկներ կան: Համաձայն եմ, ընդունեմ քննադատությունը, փորձեմ հասկանալ, թե ինչ անել, ոնց անել, որ մի քայլ առաջ գնալ:

Ես պատրաստ եմ կառավարության շենք մտնելուց և դուրս գալուց լսել քննադատություն, նորմալ է, մարդկանց ընդունել, քննարկել նույնպես, բայց ինձ համար առնվազն հաճելի չէ, երբ այնտեղ լսում ես նման բառեր, երբ մոտենում ես` ինքը ոչինչ չի պատասխանում: Դու պիտի հասկանաս, որովհետեւ ես չինովնիկ ես, միգուցե մեկ ուրիշը նրան նեղացրել է, կարո՞ղ ես այդ ամբողջը հասկանալ: Հենց այդ ընկալումով էլ առաջնորդվում ես, որ, այնուամենայնիվ, խնդիրներ ունենք, այդ խնդիրներից էլ մադը դժգոհ է, փորձեմ մոտենալ, հասկանալ, թե այդ խնդիրների լուծումը ես իմ մասով որքանո՞վ կարող եմ անել: Բայց այդ չափը, սահմանը պետք է հստակ լինի, որտեղ է քննադատությունը, ներքին վրդովմունքը, եւ որտեղ է ավարտվում արդեն վիրավորանքը: Եթե քաղաքացիների ընդունելության օրերին Ջեզ հրավիրեն ու Դուք տեսնեք, թե ինչ հարցերով են ընդհանրապես դիմում, կտեսնեք, որ դրանց 80-90 տոկոսի հետ ես արեւէ առնչություն չունեմ, բայց ես լսում եմ այդ մարդկանց, խորհրդատվություն եմ մատուցում: Փորձում եմ առնվազն լսել, կիսել իրենց մտահոգությունները, ճանապարհել. պատրա՞ստ եմ այդ ամբողջն անել: Այդ մարդն ուշադրության կենտրոնում է լինում, ուզում է իրեն ուշադրություն դարձնեն, ինչ-որ մեկն իրեն լսի, եւ մարդը համոզվում է: Գործելաոճ է, որը պետք է փորձել ներդնել, բայց դա մյուս կողմից էլ պետք է գա, փոխադարձ պիտի լինի:

Ձեզ անկեղծ եմ ասում, կառավարության նիստերին կենտրոնական մուտքից մտնում եմ, այնտեղից էլ դուրս եմ գալիս: Բայց եղել է 1-2 դեպք, որ կարող է համբերությունս չհերիքի, կարող է ինչ-որ մի բան ասեմ, եւ փորձել եմ երկար մնալ կառավարությունում, նոր դուրս գալ: Բայց ես չեմ ուզում, որ այդպես լինի: Եթե ես ինձ այդպես եմ պահում, համարժեք պատասխան եմ ակնկալում նաեւ դիմացինից:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի մի քանի հայտնի «լղոզված» որոշումները` արդեն կարծիք կա, որ առանց կես լիտր օղի խմելու` հնարավոր չի լինի նաեւ այս որոշումը հասկանալ:   

Այդ որոշումները հասկանալու համար ոչ թե պետք է կես լիտր խմել, այլ մի քիչ իրավունքից հասկանալ: Իրավունքից հասկանալու դեպքում ընկալելի կլինի: Եթե Սահմանադրական դատարանի որոշումները որոշ մարդիկ չեն հասկանում, դա իրենց մեղավորությունն է, ոչ թե Սահմանադրական դատարանի: Հայերին բնորոշ է` բոլորը բոլորին մեղավոր ճանաչեն, բայց ոչ երբեք իրենց, հիմա էլ փորձ է արվում Սահմանադրական դատարանի դեպքում:

Չեմ կիսում այդ կարծիքը: Այո, Սահմանադրական դատարանի որոշումները հենց այդպիսին են, իրենք մեկնաբանում են, բարդ են եւ շատ ու շատ իրավաբանների համար էլ ընկալելի չեն: Թե որ որոշման մասին է խոսքը, պատրաստ եմ ինքս ձեռնամուխ լինել եւ դրա պարզաբանումները տալ, թե ինչ է նկատի ունեցել Սահմանադրական դատարանը: Կարծում եմ իրավական որոշակիությունը, հստակությունը, բնականաբար, կլինի նաեւ այս պարագայում: Հանրությանը հուզող այս հարցի պատասխանը եւս կստանան, թե որքանով է սահմանադրական նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկը, մյուս դեպքում` մինչեւ 2000-ապատիկ տուգանք սահմանելը, որքանով է սահմանադրական ապացուցման բեռի բաշխումը: Այս հարցերի պատասխանը, վստահեցնում եմ, կստանաք:

Մեկնաբանություններ (2)

Նազիկ Ղազինյան
Պ-ն նախարար,միայն քաղաքացիներին ընդունելը հերոսություն չէ:Հերոսությո ւնը քարացած համակարգին դեմ գնալն է,համարձակորեն կաշառակերության դեմ պայքարելը,այլ ոչ թե նրանց պաշտպանելը:Ես ցանկացա Ձեզ ապացուցել,որ Ձեր նախարարության ենթակառուցվածքներում առկա են կոռուպցիա և հովանավորչություն:Դուք հետաքննություն անցկացնելու փոխարեն անցաք հակագրոհի,ցանկանալով ապացուցել անապացուցելին:Ես նորից եմ կրկնում,ձեր դատավորներն ու փորձագետներն օգտվելով Ձեր թողտվությունից չարաշահում են իրենց լիազորությունները:
Լյուսվա
Հարկավոր է ստուգել գործող նոտարների կնքած գործարքների օրինականությունը, գործերում կցված փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրությանը, անել հետևություն, դրանից հետո ստուգել նրանց գիտելիքները և էթիկան ու տալ որակական գնահատականը։ Պետության անկմանը և քաղաքացիների փողոցներում հայտնվելուն մեծ դերակատարում են ունեցել նոտարները։ Պաշտոնյաները հերթով գալիս գնում են, առանց պատասխան տալու իրենց արածների և չարածների համար, իսկ քաղաքացիները իրենց օրերը մթնացնում են դատարաններում, հացի համար ունեցած գրոշները ծախսում փաստաբանական ծառայությունների համար։ Պետությունը պետք է դատի տա իր անբարեխիղճ պաշտոնյաներին։ Սահմանադրությունն ասում է որ Հայաստանը ժողովրդական պետություն է և ոչ թե դատավարական։ Կառավարման ամենահեշտ պրակտիկան Հայաստանում է. Դիմիր դատարան, իսկ հետո գիտենք թե ինչ է լինում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter