
Միհրան Պողոսյանի կինը առանց եկամուտների գնել է 70 հազար դոլար արժողության ավտոմեքենա
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը շարունակում է չհայտարարագրել իր իրական եկամուտները: Իսկ կինը` Կարինե Մխիթարյանը «ռեկորդ» է սահմանել` 0 դրամ տարեկան եկամուտով գնելով 70 000 դոլար արժողության «RANGE ROVER SPORT-HSE» մակնիշի ավտոմեքենա:
2015թ. Մ. Պողոսյանի հայտարարագրած եկամուտներն ու դրամական միջոցները շատ համեստ են, մինչդեռ նրան են վերագրվում մի շարք լուրջ բիզնեսներ, այդ թվում` բանանի ներկրումը: Նշված տարում նա ունեցել է ընդամենը 22 մլն 359 հազար դրամի եկամուտ, որից աշխատավարձը` մոտ 12,5 մլն, իսկ մնացածը` վարձակալության դիմաց ստացված վճարներ:
Միհրան Պողոսյանը դրամական միջոցներով ևս աչքի չի ընկնում:
Զարմացնում է հատկապես Մ. Պողոսյանի կինը` Կարինե Մխիթարյանը: ԴԱՀԿ ծառայության պետի կինը ոչ 2014թ. ոչ էլ 2015-ին եկամուտներ չի ունեցել, հայտարարագրել է 0 դրամ: Սակայն, եկամուտ չունենալը չի խանգարել տիկին Մխիթարյանին գնել 70 000 դոլար արժողության ավտոմեքենա:
«Հետքն» անդրադարձել է Միհրան Պողոսյանի դատական գործերին, որոնց շրջանակում պետական պաշտոնյան տարբեր ընկերությունների ու անհատների դեմ գումարի բռնագանձման հայցեր էր ներկայացրել: Նա հետ է ստացել իր գումարները, որոնք միլիոնների են հասնում, սակայն վերջին երկու տարիների հայտարարագրերում այդ գումարները չեն երևում: Իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի «տեսնում» պաշտոնյայի թաքցրած եկամուտները և սովորության համաձայն վարույթներ չի հարուցում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել