Տնտեսության նույն հակասական պատկերը
Այս տարվա հունվարին 2015 թվականի դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) Հայաստանում նվազել է 49,2%-ով, իսկ 2015-ի հունվարի համեմատ՝ ավելացել 5,5%-ով: Այս ցուցանիշները երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)։
ՏԱՑ-ն աճել է ի հաշիվ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների ոլորտում գրանցված աճի։ Մասնավորապես, հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 94,4 մլրդ դրամ, որը 15,7%-ով գերազանցում է 2015-ի հունվարի ցուցանիշը։Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 16 մլրդ դրամ, աճը՝ 1,5%: Շինարարության ծավալը՝ 8,2 մլրդ դրամ, աճը՝ 5,1%: Ծառայությունների ծավալը՝ 89,2 մլրդ դրամ, աճը՝ 5,1%։
Ինչպես 2015-ին, այնպես էլ՝ այս տարվա հունվարին Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունն անկում է ապրել։ Ծավալը կազմել է մոտ 118 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 2,7%-ով։
Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա հունվարին կազմել է 179 հազար դրամ։ Դա 3,5%-ով բարձր է 2015-ի հունվարին պաշտոնապես արձանագրված աշխատավարձի չափից։
Այսինքն, նորից նույն հակասական պատկերն է Հայաստանում՝ տնտեսությունն աճում է, աշխատավարձը՝ բարձրանում, բայց մարդիկ քիչ են առևտուր անում։ Իսկ այն տեսակետը, թե մարդիկ խնայում են և չեն ծախսում գումարը, չի հիմնավորվում։ Նշանակում է՝ քաղաքացիների գնողունակության անկումը շարունակվում է։ Եվ դա նրանք զգում են կենցաղում, իսկ պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշը, թե Հայաստանում տնտեսությունը 5,5%-ով աճել է, քաղաքացիների գերակշիռ մասին չի էլ հետարքրում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել