HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

23-ամյա Անին փլուզված տնակը դարձրել է Տաթև գյուղի կանանց միակ վարսավիրանոցը

Չորս տարի առաջ ամուսնացած և Շինուհայրից Տաթև տեղափոխված Անի Հայրապետյանն ասում է, որ տնային տնտեսուհու առօրյայից հոգնեց և որոշեց վարսավիրություն սովորել:

Վարսավիրական դասերի մասնակցելու համար Անին Տաթևից Գորիս է հասել: Դասերն ավարտելուց հետո նա Տաթեւում բացել է վարսավիրանոց: «Ճիշտն ասած էնպես չէր, որ երազանքս վարսավիր դառնալն էր: Շատ էի ցանկանում իրավագիտություն սովորել, բայց քանի որ կյանքի բերումով այսպես ստացվեց, եկա Տաթև, որոշեցի վարսավիրություն սովորել: Սիրում եմ գործս, սիրելով եմ անում: Եթե չսիրեմ, հաստատ չեմ անի»,- նշում է 23-ամյա վարսավիրը:

Հինգ քառակուսի մետր կազմող վարսավիրանոցը փլուզված տնակ է եղել: Ամրացրել են, նորոգել, վարսավիրանոցի տեսք են տվել: Այստեղ Անին նաև դիմահարդարման ծառայություններ է մատուցում:

Անիին հաճախորդ-զբոսաշրջիկներն են խորհուրդ տվել վարսավիրանոց հիմնել: Երկու ուկրաինուհիներ օգտվել են նրա վարսավիրական ծառայություններից և երբ իմացել են, որ Տաթևում վարսավիրանոց չի գործում, Անիին հորդորել են առաջինը լինել․ «Իրանք նոր շունչ, ոգևորություն հաղորդեցին ինձ: Նրանցից հետո առավել տրամադրվեցի վարսավիրանոց հիմնելու մտքին»:

Տաթևի երկրորդ վարսավիրը միայն տղամարդկանց համար է: Անին ժպտում է՝ միմյանց միջև մրցակցություն չի նկատում: Մրցակից-վարսավիրն էլ ուրախացել է ընկերուհու նորաբաց բիզնեսով:

Գյուղում արդեն բոլորը գիտեն նորաբաց վարսավիրանոցի մասին։ «Վարսավիրանոցը էստեղ մեծ նշանակություն ունի: Երևի որ նախկինում չի եղել, հիմա բացել ենք, մեկը մյուսին ասելով՝ գալիս են: Հետո, գյուղում լուրերը ավելի շուտ են տարածվում»,- ասում է Անին:

Վարսավիրանոցը գրեթե ամեն օր հաճախորդներ ունենում է: Զրույցի ընթացքում Անին կտրում էր Տանձատափի մի բնակչուհու մազերը: Նրա հաճախորդները նաեւ հարակից այդ գյուղի բնակիչներն են։ 

«Տասնյակ կիլոմետրեր կտրել-անցել եմ, որ գամ, Անին մազերս կտրի: Մեզ մոտ՝ Տանձատափում, վարսավիրանոց չկա, հետո էլ Անին լավ գործ է անում»,- ասում է հաճախորդ Սոնան:

Անիին ասում է, որ նորաբաց բիզնեսը իրեն նոր շունչ և էներգիա է հաղորդել: «Չեմ կարող ասել, որ փոքրիկ վարսավիրանոցովս Տաթև մեծ փոփոխություն եմ բերել, բայց որ կյանքումս մեծ հեղաշրջում է եղել, հաստատ է: Հիմա չեմ կարողանում պատկերացնել օրս առանց աշխատանքի: Արդեն հարմարավել եմ: Ուզում եմ ամեն օր աշխատել: Արդեն ինձ լիարժեք մարդ եմ զգում: Երեխա, ընտանիք ունեմ, բայց ամբողջ օրը տանը նստելը հոգնեցնում է ինձ»:

Նա հավատացնում է, որ ստացած եկամուտով նոր, առավել ընդգրկուն գործ է սկսելու: Այժմ չի ցանկանում մանրամասնել, ասում է՝ ոչ միայն տաթևացիների, այլև մարզի համար անականկալ է լինելու:

«Նպատակ դրել եմ, ամեն գնով նպատակիս հասնելու եմ: Դեռ չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել»- ասում է Անին, ով կտրականապես դեմ էր լուսանկարվելուն:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-դ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter