HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Տրանսկասպյան գազամուղը և ղարաբաղյան գործոնը

«Հայաստանում տեղի ունեցած զորահանդեսի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի «դիտողություններին» պաշտոնական Երևանը պատասխանեց Ռուսաստանից նոր, ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելով»,- «Նոյյան տապան» թերթում տպագրված իր հեղինակային հոդվածում այսպիսի դիտարկում է ներկայացրել ՌԴ ԱՊՀ ինստիտուտի Բալթյան հանրապետությունների բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը:

Վերլուծաբանի այս դիտարկումը սկզբունքորեն որևէ սենսացիա չի պարունակում, եթե չլինեին դրանից բխող հետևությունները: Ալեքսանդրովի պնդմամբ` հայ-ռուսական ռազմական համագործակցության մեջ նոր դրսևորումների համար հիմքեր է ստեղծում պաշտոնական Բաքուն. «Այլ հանգամանքներում Ռուսաստանի ղեկավարությունը կարող էր հիմնավոր առարկություններ ներկայացնել հայկական կողմին, թե ինչու մեծացնել լարվածությունը և տարածաշրջանում խթանել սպառազինությունների մրցավազքը: Սակայն Ալիևի հայտարարություններից հետո այդ փաստարկը համոզիչ չէր լինի: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման հայկական կողմի հարցադրումները հիմնականում բավարարվել են: Մանավանդ որ Հայաստանի նախագահի մոսկովյան այցի օրերին Երևանում անցկացվեց հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Հավանական է, որ փորձագիտական մակարդակում քննարկվել է այն, ինչի մասին նախագահները պայմանավորվել են Մոսկվայում»:

Փորձագետի կարծիքով` Մոսկվայի այսպիսի պահվածքը, անշուշտ, պայմանավորված է Վրաստանին ՆԱՏՕ ընդգրկելու արևմտյան որոշ շրջանակների ձգտումով, ինչպես նաև ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայումով Թուրքիայում և Ռումինիայում, Սիրիայի նկատմամբ գործադրվող ճնշումով: Սակայն. «Գլխավորը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության հասունացումն է Կասպից ծովի ավազանում` Տրանսկասպյան գազամուղի նախագծի հետ կապված: Այս պայմաններում մեր անդրկովկասյան դաշնակցին ժամանակակից ռազմական տեխնիկա տրամադրելը վերածվում է սուր անհրաժեշտության»:

Ալեքսանդրովի կարծիքով` Մոսկվան և Թեհրանը չեն կարող թույլ տալ Կասպից ծովի իրավական ռեժիմի խախտում: «Տրանսկասպյան գազամուղի խողովակաշարի կառուցումը կնշանակի Կասպից ծովի փաստացի բաժանում սեկտորների: Դա Ռուսաստանի համար բացարձակապես անընդունելի է, և Մոսկվան ստիպված կլինի գործել Վրաստանին խաղաղության պարտադրման օպերացիայի ոգով, բայց այս անգամ հարկ կլինի Աշգաբադին և Բաքվին պարտադրել հարգել միջազգային իրավունքը: Հնարավոր է` ռազմաօդային ուժերի կողմից հարվածների ձևով, եթե նրանք այլ կերպ չեն հասկանում: Այն ամենից հետո, ինչ արեց ՆԱՏՕ-ն Հարավսլավիայում, Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում, Կասպից ծովում ուժային գործողություն իրականացնելու համար Ռուսաստանին զսպող հանգամանքեր սկզբունքորեն չկան: Ուժերի իրական հավասարակշռությունը Կասպից ծովում ՆԱՏՕ-ի և Եվրամիության օգտին չէ, և Ռուսաստանը, մանավանդ Իրանի հետ համատեղ, կարող է շատ լավ դաս տալ ոմանց: Հավանաբար Հայաստանն էլ համաձայն է աջակցել Մոսկվայի ծրագրերին: Ըստ երևույթին, հենց դա էր երկու երկրների նախագահների հիմնական ռազմաքաղաքական ազդակը տարածաշրջանային և միջազգային խաղացողներին»,- կարծում է մոսկովյան փորձագետը:

Ռուսական առածի համաձայն՝ «Пока гром не грянет, мужик не перекрестится»: Կրեմլին բավական երկար ժամանակ պետք եղավ Ադրբեջանի իրական մարտավարությունը հասկանալու համար: Արդեն մի քանի տարի է, ինչ Մոսկվան ամեն կերպ փորձում էր սիրաշահել Բաքվին` սկսած Ուլյանովսկում Հեյդար Ալիևի արձանը տեղադրելուց, վերջացրած ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանին ժամանակակից ռազմական տեխնիկա վաճառելով: Մասնավորապես, նույն C-300 համակարգերի հանձնումը Բաքվին Մոսկվան ներկայացրեց իբրև զուտ կոմերցիոն գործարք, որը, իբր, որևէ կերպ չի հակասում հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: Եվ միայն այժմ, երբ ԱՄՆ և Եվրամիության որոշ ազդեցիկ շրջանակների ջանքերով «Հարավային ռազմավարական միջանցքի» նախագիծը՝ «Նաբուկկո» գազամուղի կառուցումով և այդ ծրագրում Ադրբեջանի ու Թուրքմենստանի (հեռանկարում նաև Ուզբեկստանի) ընդգրկմամբ, կարող է դառնալ իրականություն, Մոսկվայում կրկին հիշում են, որ Անդրկովկասում կա դաշնակից Հայաստան:

Դա իհարկե վատ չէ, եթե միայն Մոսկվայի քաղաքականության մեջ այսպիսի փոփոխությունը գոնե անհրաժեշտ նվազագույն ռազմավարական բաղադրիչներ պարունակեր, ինչը կնշանակեր, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «հավասարակշռության» քաղաքականությունից Հարավային Կովկասում անցնում է առաջնահերթությունների քաղաքականության` Հայաստանին դիտարկելով իբրև առանցքային ռազմավարական դաշնակցի: Իրականությունը, ցավոք, այդպիսին չէ. Ադրբեջանը շարունակում է մնալ Մոսկվայի լուրջ հետաքրքրության առարկա ոչ միայն իբրև անմիջական հարևան պետություն, այլև որպես ապագա Եվրասիական միության պոտենցիալ անդամ: Բաքվի «ականջները ձգելու» մասին Մոսկվայում հիշում են միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը փորձում է հակադրվել Ռուսաստանի կենսական ռազմավարական շահերին:

Այսօր ռուսական արտաքին քաղաքականության վրա լրջագույն ազդեցություն ունեն նավթային կորպորացիաները և «Գազպրոմը», որովհետև այդ ընկերություններն են ապահովում պետական բյուջեի մուտքերի առյուծի բաժինը: Եթե Ադրբեջանը և Թուրքմենստանը համաձայնության գան Տրանսկասպյան գազամուղի շուրջ, Եվրամիության ազդեցիկ շրջանակները պատրաստ են ֆինանսավորել նախագիծը, և խողովակաշարը, թուրքմենական ափից ընդամենը 200 կմ անցնելով, կմիացվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գործող գազամուղին: Թուրքիայի տարածքով խողովակաշարի մնացած հատվածի կառուցումով այն կդառնա «Նաբուկկո» գազատարի մի ճյուղը՝ Թուրքմենստանի (մասամբ նաև Ադրբեջանի) գազը հասցնելով եվրոպական սպառողներին: Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ նախագծի իրագործումը կարող է մինչև 50% կրճատել Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի ծավալները, ինչը համապատասխանաբար կնվազեցնի Մոսկվայի ազդեցությունը Եվրամիության էներգետիկ քաղաքականության վրա՝ կրճատելով նաև գազի վաճառքից ստացվող ներկայիս լուրջ մուտքերը ՌԴ պետբյուջե:

Մոսկվան բավական թափանցիկ հասկացրել է Բաքվին, որ սկզբունքորեն չի առարկում Ադրբեջանի գազի արտահանմանը Եվրոպա, որովհետև վերջինիս պաշարները ռուսականի համեմատ շատ համեստ են: Փորձագետների կարծիքով՝ անգամ եթե Անկարա-Բաքու վերջին պայմանավորվածությունները իրագործվեն, և ադրբեջանական գազը հոսի միայն Վրաստանով դեպի Թուրքիա, ապա՝ Եվրոպա, Բաքուն կկարողանա առավելագույնը 10 մլրդ խմ գազ արտահանել հարավ-արևելյան Եվրոպայի երկրներ: Բայց Ռուսաստանի համար կարևոր արևմտաեվրոպական շուկան անհասանելի կմնա Ադրբեջանի համար: Այս շուկան կվտանգվի, եթե Թուրքմենստանը մտնի խաղի մեջ՝ Տրանսկասպյան գազամուղի կառուցումով:

Ըստ ամենայնի, Մոսկվայում որոշել են հերթական անգամ Բաքվին ճնշել «հայկական լծակով»: Սա նպաստավոր պահ է Հայաստանի համար` ռազմավարական դաշնակցից պոկելու այն, ինչը այլ պայմաններում թերևս հազիվ թե հաջողվեր: Բայց եթե Ռուսաստան-Ադրբեջան հակադրությունը հասնի «այլ միջոցների» կիրառման, պաշտոնական Երևանը ամեն ինչ պետք է անի «այլ միջոցների» շարքից ղարաբաղյան լծակը բացառելու համար: Պատերազմի վերսկսումը մեզ ամենևին ձեռնտու չէ, եթե անգամ դրա համար բավարար միջոցներ կան: Իսկ եթե Մոսկվայում ակնկալում են Երևանի կողմից «ըմբռնման» դրսևորում, ապա համապատասխան արձագանքը պետք է լինի ԼՂՀ անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչելու ձևով: ԼՂՀ-ն, անկասկած, ավելի կայացած պետություն է, քան, ասենք, Հարավային Օսիան, որ Արցախի բնակչության կեսն էլ չունի:

Իսկ ընդհանրապես, Մոսկվան Ադրբեջանի վրա ազդելու շատ ավելի զորեղ լծակ ունի: Լիզգիական հարցը այն հիմնախնդիրն է, որ կարող է ներսից պայթեցնել Ադրբեջանը, ինչպես նաև թալիշական հիմնախնդիրը, որ առավելապես Իրանի ազդեցության ուղեծրում է: Տարածաշրջանի բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը ավելի շատ կամրապնդեր ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի դիրքերը, քան Ադրբեջան կոչվող արհեստական, փոքրիկ կայսրության պահպանումը՝ լոկալ խնդիրների շուրջ համաձայնությունների միջոցով: Եվ այդ դեպքում Հայաստանը կարող է և պետք է իր մասով դերակատար լինի բոլոր այն գործընթացներում, որոնք տարածաշրջանում մեզ համար կապահովեն անվտանգության ավելի բարձր մակարդակ:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter