«Սեփականատերեր ունենք, որ չեն կարողանում գլուխ դնել համատիրության ղեկավարի հետ»
Գոհար Մովսիսյան
Վանաձորում հաշվառված է 1057 բազմաբնակարան շենք, որից 898-ը սպասարկվում է համատիրությունների կողմից: Ներկայում դրանց թիվը 61-ն է, որից 20-ը մեկ շենքանոց համատիրություններ են, 25-ը՝ 10 և ավելի բազմաբնակարան շենքեր են ընդգրկում, իսկ 16 համատիրություն էլ բաղկացած է 20 և ավելի բազմաբնակարան շենքերից: Ի տարբերություն 2014թ.-ի՝ 2015թ.-ի ընթացքում Վանաձորում գրանցված համատիրությունների թիվն ավելացել է ևս երկուսով:
«2014թ.-ի համեմատ երկու համատիրություն ավելացել է. սեփականատերերը իրենք են որոշում նոր համատիրություն հիմնել կամ որ համատիրության կազմում իրենք գտնվեն: Մեծ համատիրությունից՝ «Ուսանողական» համատիրությունից դուրս է եկել 2 շենք՝ «Հայկաշեն» համատիրությունը, դա ընդամենը սեփականատերերի իրավունքն է: Վանաձոր համայնքի սեփականատերերը բավականին արդեն գիտակից են, գիտեն՝ իրենց շահերը ինչպես պետք է պաշտպանել և իրենք ինչ իրավունքներ ունեն»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը:

Դեռ հունվարի 18-ին մեկնարկել են Վանաձոր քաղաքի համատիրությունների 2015թ.-ի հաշվետու, ընդհանուր ժողովները: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը որպես համատիրությունների հաշվետու ժողովների պատասխանատու հանդես եկող բոլոր անձանց մեկ անգամ ևս հորդորել էր բնակիչներին իրազեկել ինչպես համատիրությունների գործառույթների, այնպես էլ իրենց իրավասությունների մասին: «Մեր ժողովրդի մեծ մասը կարծում է, որ համատիրության նախագահին նշանակում է քաղաքապետը. ժողովուրդը հստակ պետք է իմանա, որ իրենց համատիրության նախագահին պետք է ընտրեն իրենք»,- ասել է Սամվել Դարբինյանը:
Ս. Դարբինյանի կարծիքով՝ բազմաշենք համատիրությունները պետք է մասնատվեն, որովհետև «15-20-ից ավելի շենք ունեցող համատիրությունը գործնականում երբեք չի կարողանա բոլոր շենքերի վրա աշխատանք կազմակերպել»: Քաղաքապետը գտնում է, որ օպտիմալ և արդյունավետ աշխատանքի համար համատիրություններում պետք է ընդգրկված լինեն առավելագույնը 20 շենք, բայց ոչ, ասենք, 60, ինչպես որոշ համատիրությունների դեպքում:
«Մենք ուսումնասիրում ենք և կան համատիրություններ, որոնք շատ հստակ են կատարում իրենց աշխատանքները, կան համատիրություններ էլ, որոնք, այո՛, համայնքի ղեկավարի ասածի իսկությունն են ապացուցում. մենք ունենք համատիրություն, որ 34 շենքից է բաղկացած, և առաջարկել ենք, որ կիսվի այդ համատիրությունը, առաջիկայում կտեսնենք ինչպես կլինի, դա մեր սեփականատերերն են որոշելու»,- հավելեց համատիրությունների բաժնի պետը:
Հարցին՝ մե՞ծ, թե՞ փոքր համատիրություններն են ավելի լավ աշխատում, Գ. Պառավյանը պատասխանեց, որ դա կախված է սեփականատերերից. «Հիմնականում համատիրության ակտիվ գործունեությունը պայմանավորված է բնակիչների ակտիվությամբ, նրանք պետք է իրենց իրավունքներին տեր կանգնեն և պարտականությունները կատարեն, տվյալ դեպքում համատիրությունը պարզապես չի կարող վատ գործել»:

Գաղտնիք չէ, որ քաղաքի մեծ թվով համատիրություններում հավաքագրված վարձավճարների առյուծի բաժինն ուղղվում է աշխատակիցների աշխատավարձերին: Քաղաքապետ Ս. Դարբինյանն առաջարկում է ուսումնասիրել և վերանայել նաև այս հարցը:
«Համատիրությունները գնում են ժողովրդից գումարները հավաքում, համատիրության աշխատակիցներին աշխատավարձ տալիս և դրանով իրենց աշխատանքը ավարտած համարում: Համատիրությունները պիտի նախ աշխատանք կատարեն, և չի կարելի ուռճացված աշխատակազմ վերցնել՝ հաշվապահ, քարտուղար, աշխատակազմի ղեկավար, համատիրության նախագահ և այլն, և այլն, ու ոչ մի բան չանել: Պարզ չի՞, որ հավաքագրած գումարները միայն աշխատավարձի կգնան և վերջ: 20 տոկոսը թող իրենց աշխատավարձին գնա, այլ ծախսերի գնա տվյալ շենքից, բայց յուրաքանչյուր հավաքագրված գումարի 80 տոկոսը պետք է զուտ աշխատանքի վրա օգտագործվի, 20 տոկոսը ադմինիստրատիվ գումար է, որ ոչինչ, թող գնա ադմինիստրացիա՝ տվյալ համատիրության ղեկավարությանը, բայց մնացած գումարները պետք է մինչև վերջ ծախսվեն տվյալ աշխատանքները կատարելու համար»,- ասում է Ս. Դարբինյանը:
Գրիշա Պառավյանի դիտարկմամբ, սակայն, փոքր համատիրություններում է միայն այդ խնդիրն առկա: Նրա խոսքով՝ 10 քիչ թվով շենքեր սպասարկող համատիրություններում, որոնք, օրինակ, 3-4 հոգի աշխատակազմ են պահում, հավաքագրված վարձավճարների 50 տոկոսից ավելին աշխատավարձին է գնում, իսկ մեծ համատիրություններում, որոնք, ասենք, 6-7 հոգանոց աշխատակազմ են պահում, աշխատավարձը չի գերազանցում հավաքագրվածի 30-40 տոկոսը:
Այդուհանդերձ, Վանաձորի քաղաքապետն առաջարկում է շենքերի բնակիչների կողմից ստեղծել հանձնաժողովներ՝ պարզելու հավաքագրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման արդյունավետությունը:
Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետի հավաստմամբ, եթե տասը տարի առաջ բնակիչներն ասում էին, թե տեղյակ չեն, որ համատիրություն է հիմնադրված, ապա վերջին տարիներին բարձրացել է բնակչության իրազեկվածության մակարդակը. վերջիններս ակտիվ մասնակցություն են ունենում համատիրությունների տարեկան հաշվետու ժողովներին:
Նախորդ տարի չի կայացել թվով չորս համատիրության տարեկան հաշվետու ժողով: «Այս տարի նույնպես դրանց չկայանալը կփաստի, որ տվյալ համատիրությունը չի գործում, չի կարողանում իր ստանձնած պարտականությունները կատարել, այսինքն խնդիր կդրվի համատիրության նոր նախագահի կամ նոր կառավարիչի ընտրության»,- ասում է Գ. Պառավյանը:
Մինչ այժմ կայացած ժողովների արդյունքում բաժնի պետը բավարար է գնահատում համատիրությունների կողմից 2015թ.-ին կատարած աշխատանքները՝ նշելով, որ որոշակի վերապահումներ, այնուամենայնիվ, կան, մասնավորապես՝ մի քանի համատիրություններում բավականին մեծ դեբիտորական պարտքեր կան: Տվյալ սեփականատերերին առաջարկվել է սեփական միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ նյութերը՝ ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման և վերանորոգման համար, որից հետո կկատարվի սպասարկման վարձավճարների վերահաշվարկ: Երևույթը Վանաձորում գնալով մասսայական է դառնում:
«Վանաձոր համայնքում լայն տարածում է գտել սեփականատերերի կողմից ընդհանուր օգտագործման տարածքների և գույքի նորոգման աշխատանքներ կատարելը, որից հետո սպասարկման վարձավճարների վերահաշվարկ է կատարվում: Ես միշտ առաջարկել եմ և առաջարկում եմ բնակիչներին՝ մեր բազմաբնակարան շենքերի սեփականատերերին, որ իրենք ակտիվ լինեն թե՛ իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, թե՛ իրենց պարտականությունները կատարելու հարցում. իրենք իրավունք ունեն համատիրությունից հաշվետվություն պահանջել, ասենք, մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին և հավաքագրված գումարների մասին»,- ասում է բնակարանային տնտեսության բաժնի պետը:
Թեև Գ. Պառավյանի հավաստմամբ՝ գնալով բարելավվում է համատիրությունների աշխատանքը, բայց խնդիրներ ու դժգոհություններ այնուամենայնիվ լինում են:
2015թ.-ի ընթացքում թվով 64 դիմում-խնդրանք է հասցեագրվել Վանաձորի համայնքի ղեկավարին՝ կատարելու սպասարկման վարձավճարների վերահաշվարկ: Քաղաքապետի հանձնարարությամբ համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժինը համապատասխան մասնագետներով մասնակցել է սեփականատերերի կատարած աշխատանքի վերաբերյալ արձանագրությունների կազմմանը. արդյունքում համատիրությունը օգտագործած նյութերի արժեքի չափով կատարել է սպարակման վարձավճարների վերահաշվարկ:
«Կառավարությունը հարցում էր արել, թե քանի դիմում ենք ստացել և քանիսին է դրական պատասխան եղել, ասեմ, որ Վանաձոր համայնքում բոլորը դրական պատասխան են ստացել: Ես կարծում եմ, որ եթե 64-ը դիմել են համայնքի ղեկավարին, սրա տասնապատիկը՝ մոտավորապես 540 կամ ավելի շատ, դիմել են իրենց համատիրությանը և խնդիրը առանց համայնքի ղեկավարի է լուծվել: Մենք սեփականատեր ունենք, ով գտնում է, որ իր շահերը ոտնահարվում են, և համատիրության ղեկավարի հետ չի կարողանում համաձայնության գալ կամ չի կարողանում գլուխ դնել համատիրության ղեկավարի հետ, դիմում է համայնքի ղեկավարին, և համապատասխան մասնագետների օգնությամբ խնդիրը լուծվում է»,- պարզաբանում է Գ. Պառավյանը:
Հաճախ է պատահում նաև, երբ որ սեփականատերեը դժգոհում են համատիրությունից՝ ընդհանուր օգտագործման տարածքում անհրաժեշտ վերանորոգում չիրականացնելու առիթով: Օրինակ՝ Տիգրան Մեծ 59 շենքի 39 բնակարանի բնակիչը դիմել է, որ տանիքը վատ վիճակում է. համատիրության նախագահին մի քանի անգամ դիմել է, սակայն վերանորոգում չի կատարվել: Քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց, որ «սա սպեցիֆիկ խնդիր է, տանիքը 15 տարի առաջ է հիմնանորոգվել մետաղյա թիթեղով, բայց արդեն շարքից դուրս է եկել: Համապատասխան մասնագետներ կուղարկենք, տեսնենք համատիրության հետ ինչ կարող ենք անել»:
Վանաձորի բազմաբնակարանների սեփականատերերին հուզող գլխավոր խնդիրը, սակայն, սպասարկման վարձավճարների փոփոխման, ավելի ստույգ՝ բարձրացման հարցն է: Վանաձորի համատիրությունների մեծ մասում որպես սպասարկման վարձավճար գանձվում է 10 դրամը՝ բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց: Գ. Պառավյանի հավաստմամբ, Վանաձորում պահպանվում է ՀՀ-ում սպասարկման վարձավճարի ամենացածր շեմը: « 3 սենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը միջին հաշվով 75 քառ. մետր է, այսինքն 3 սենյականոց բնակարանի սեփականատերը ամսական վճարում է 350 դրամ: Օգտագործած լավ որակի ազբոշիֆրը մոտավոր 2500 դրամի կարգի է, այսինքն՝ 100 օրվա մեջ 3 սենյականոց բնակարանի սեփականատերը 1 օգտագործված ազբոշիֆրի գումար է վճարում: Բայց համատիրություններ ունենք, որ բավականին աշխատանքներ են կատարել՝ շքամուտքերում դռներ է փոխված և այլն, համատիրություններ էլ ունենք, որ բաց թողնված է…»:
Հիմնականում մեկշենքանոց համատիրություններում սպասարկման վարձավճարը սահմանված է 3-5 դրամ, իսկ ընդամենը երկու՝ «Տարոն 4» և «Հայկաշեն» համատիրություններում սպասարկման վարձավճարը գերազանցում է 10 դրամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել