Լոռու մարզային հողային պետական տեսչությունը վերջին 15 տարում չի հասցրել ստուգում անցկացնել Վանաձորում
Գայանե Սարգսյան
2015թ.-ի վերջին Լոռու մարզպետարանի հողաշինության ու հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությունը վարչական ստուգում է անցկացրել Վանաձոր համայնքում: Սա տեսչության 2013-2015թթ.-ի եռամյա վարչական ստուգումների վերջին կանգառն էր:
Հողաշինության ու հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանի հավաստմամբ՝ տեսչության աշխատակիցները Վանաձորում կոպիտ խախտումներ չեն հայտնաբերել:
«Վանաձոր համայնքն ունի փորձառու մասնագետներ, մեր ստուգման ընթացքում լուրջ խախտումներ չենք հայտնաբերել հողօգտագործման բնագավառում»,- նշում է նա, հավելելով, որ տեսչության աշխատակիցներին, այնուամենայնիվ, հաջողվել է գտնել փոքրիկ թերություններ:
«Հողամասերի աճուրդների կազմակերպման փաթեթներում ոչ բոլոր դեպքերում է ներառված եղել ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը: Չեմ ասում, որ դրանք չկան, ուղղակի փաթեթում չեն եղել մեր ստուգման պահին: Ասել ենք, որ ներառեն»,- նշում է Ա. ՕՀանյանը:
Հաջորդ թերությունը օտարման պայմանագրերի նախագծերը աճուրդի մասնակիցներին չտրամադրելու մասով է:
«Աճուրդին մասնակցողը պետք է ծանոթանա օտարման պայմանագրի նախագծին, դրանք պետք է լինեն փաթեթներում:- կարգն է ներկայացնում զրուցակիցս ու հավելում,- Մնացած առումներով Վանաձորը հողային օրենսդրության պահպանման առումով կարող է օրինակ ծառայել մեր շատ համայնքների համար»:
Այլ խախտումներ չե՞ք հայտնաբերել: Ճշգրտող հարցիս ի պատասխան տեսչության պետը ևս մեկ բացթողում է հիշում.
«Վարձակալության ու կառուցապատման համար իրականացվող մրցույթների մրցութային հանձնաժողովներում մարզպետարանից անդամ չեն ընդգրկել: Մարզպետի հանձնարարականով և նաև օրենքի պահանջն է՝ այսուհետ մարզպետի ներկայացուցիչը պետք է լինի համայնքի մրցութային հանձնաժողովի կազմում»:
| Արտակ Օհանյանը |
Ա. ՕՀանյանի դիտարկմամբ՝ այս կարգը մինչ այժմ չի պահպանվել 2001թ.-ից ի վեր Վանաձորում տեսչության կողմից ստուգում չիրականացնելու պատճառով նաև:
«Քննարկման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները նշել են, որ չեն իմացել այդ պայմանը ու ես հավատում եմ, որ հաստատ չեն իմացել: 2001 թ.-ից մեր բաժինը մարզպետարանում գործում է, բայց մենք Վանաձորում ընդհանրապես ստուգում չունենք իրականացրած»,- պարզաբանում է բաժնի պետը, նկատի ունենալով, որ եթե ստուգում իրականացրած լինեին, ավելի վաղ կտեղեկացնեին վերը նշված կարգը պահպանելու անհրաժեշտության մասին:
Զարմացական հարցիս՝ որն է պատճառը, որ 15 տարի շարունակ Վանաձորը ստուգման չի ենթարկվել, տեսչության պետը հստակ պատասխան չունի:
«Հաշվի առնելով Վանաձոր քաղաքի ծավալը, ստուգման աշխատանքների լրջությունն ու բարդությունը, չի ընդգկվել երևի հենց այդ պատաճով: Բոլոր քաղաքային համայնքներն ընդգրկվել են, այսինքն՝ Վանաձորի հերթը հասավ այս տարի»,- նշում է զրուցակիցս:
Վարչական ստուգումներ տեսչությունն սկսել է իրականացնել 2013թ.-ից: Մինչ այդ իրականացրել է ընթացիկ ստուգումներ, որի դեպքում հստակ նախապայման չի եղել, թե որ համայնքը երբ է ստուգվելու:
«Այն ժամանակ չկար պարտադիր պայման, թե 113 համայնքում ինչ էտապներով պետք է ստուգումներ անենք: Համայնքներն ընտրվում էին ընտրանքային կարգով: Աշխատանքային ծրագրով տարեկան 18-22 համայնք ստուգում էինք: Աշխատում էինք, որ համայնքները չկրկնվեն»,- վստահեցնում է բաժնի պետը:
«Եթե տարեկան 18-22 համայնքում ստուգումներ եք իրականացրել, ձեր նշած չկրկնվելու տարբերակը կիրառելու դեպքում 2001-2012թթ.-ի ընթացիկ ստուգումների ընթացքում դուք պետք է ստուգեիք 198- 242 համայնք, այսինքն՝ Լոռու 113 համայնքերի թվում Վանաձորի հերթը գոնե մեկ անգամ պետք է հասած լիներ,- նկատում եմ ես:
Այս նկատառմանը Ա. Օհանյանը պատասխան չունի:
Հարցազրույցի ընթացքում բաժնի պետը որպես ստուգումներին խոչընդոտող պատճառ մատնանշում է նաև մարզպետարանի սուղ միջոցները, որոնք անհրաժեշտ են գործուղման, օրապահիկի ու այլ ծախսերն իրականացնելու համար:
«Նախորդ տարիներին մարզպետարանը պլանավորում էր բոլոր ստուգումները տրանսպորտային ծախսերի մասով, որպեսզի հողբաժինն առանձին չգնա, մյուս բաժիններն՝ առանձին: Աշխատել ենք համատեղենք, հաշվի առնելով գործուղման ծախսերը և այլն,- ասում է նա ու հիշելով, որ Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանն իրար կից են, անմիջապես վրա է բերում,- բայց դա, իհարկե, Վանաձորի չստուգման հարցը չի արդարացնում»:
Ամփոփելով եռամյա վարչական ստուգումների արդյունքները՝ բաժնի պետը կարծիք է հայտնում, որ երեք տարին, այնուամենայնիվ, կարճ ժամանակ է 113 համայնքում լիարժեք ստուգում իրականացնելու համար:
«Ստուգումները լիարժեք իրականացնելու համար և՛ ռեսուրսներ են պետք, և՛ ժամանակ: Եթե մենք հնարավորություն ունենայինք, բաժնի վրա դրված պահանջներն իրականացնելու համար ամեն համայնքում 3-4 օր ստուգում պետք է իրականացնեինք: Ցավոք, այսօր մարզեպտարանի բյուջեով այդ հնարավորությունը չկա, որ և՛ օրապահիկ վճարվի, և՛ գործուղման ծախսեր, ու ստիպված մեկ-երկու օրում իրականացնում ենք ստուգումները»,- ասում է նա:
Հարցին՝ հատկապես ո՞ր համայնքներն են աչքի ընկել խախտումներով, Ա. Օհանյանն ընդհանրական պատասխան է տալիս.
«Սկզբնական տարիներին բոլոր համայնքներն էլ մեծ խախտումներ ունեին. ոչ նպատակային հողօգտագործում, ապօրինի հողօգտագործում, որը հատկապես ծայրամասային բանկավայրերում մասսայական բնույթ էր կրում: Չի եղել համայնք, որ խախտում չունենա»:
Վերջինիս կարծիքով այսօր էլ ստուգում անցկացնելու դեպքում կլինեն բազմաթիվ համայնքներ, ովքեր դասեր քաղած չեն լինի նախորդ ստուգումներից ու կրկնվող խախտումների դեպքում կրկին կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Եռամյա վարչական ստուգումների արդյունքում եղել են նաև տեսչության կողմից խախտումների ակտի հետ անհամաձայնության դեպքեր: Այժմ դատական կարգով այդ հարցը վիճարկում են մարզի երկու համայնքներ՝ Արջուտն ու Լեջանը: Լեջանում արձանագրվել են հողերի օգտագործման տրամադրման կարգի խախտումներ, ինչի համար համայնքի ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100.000 դրամի չափով, իսկ Արջուտում՝ հողերի օտարման կարգի խախտումներ, վարչական պատասխանատվության ենթարկված համայքի ղեկավարն էլ 150.000 դրամ տուգանքը վճարելու փոխարեն դիմել է դատարան:
2016թ.-ին հողաշինության պետական տեսչության կողմից վարչական ստուգումներ կիրականացվեն մարզի թվով 37 համայնքներում: Արդեն իսկ ստուգման են ենթարկվել Անտառաշեն ու Բազում համայնքները:
Գլխավոր լուսանկարում Բազում համայնքն է
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել