HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ի՞նչ շշնջացին Ալիևի ականջին Թեհրանում կամ ինչո՞ւ է Հայաստանը դանդաղում

Փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկօրյա այցը Իրանի Իսլամական հանրապետություն ավարտվեց հենց նույն օրը․ երեկոյան Ալիևին ինքնաթիռը վայրէջք կատարեց Բաքվի օդանավակայանում։ Որքան էլ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են Ալիևի այցին պատմական և քաղաքական բացառիկ նշանակություն հաղորդել, իրականում բովանդակային առումով այն նկատիելիորեն անշուք և սառը ստացվեց՝ ավելի շատ ընդգծելով երկու երկրների միջև առկա փոխադարձ անվստահությունը։ Արտաքուստ բարիդրացիական հարաբերությունների ներքո Թեհրանն ու Բաքուն թաքցնում են ներքին լարման լիցքեր, և Ալիևը Իրան էր մեկնել այդ բեռով։  

Անվաստահության պատճառները

Նախորդ տարվա վերջին Թեհրանի և Բաքվի հարաբերություններն զգալիորեն վատացան  Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան գյուղում ծավալված դրամատիկ իրադարձությունների պատճառով։ Այդ բնակավայրում, որն Ադրբեջանում համարում են Իրանի հովանավորությամբ գործող շիա-իսլամական ծայրահեղականության որջ, զինված բախումներ տեղի ունեցան իսլամիստների և ոստիկանության զորքերի միջև, որից հետո երկրի ողջ տարածքում սկսվեցին իսլամիստների մասսայական ձերբակալություններ։ Իսլամիստական կազմակերպության առաջնորդներից մեկը՝  Թալե Բաղիրզադեն, առ այսօր դեռևս գտնվում է կալանքի տալ։ Իրանը կիսապաշոտնական մակարդակով բողոքեց իսլամիստների դեմ սկսված հալածանքների կապակցությամբ, ինչը պաշտոնական Բաքուն անմիջապես գնահատեց որպես իր երկրի ներքին խնդիրներին միջամտելու  և Ադրբեջանում իսլամական հեղափոխություն նախապատրաստելու փորձ։  Տեղեկություն չկա՝ Ադրբեջանում լուրջ գործոնի վերածվող իսլամիստների խնդիրը քննարկվե՞լ է Ալիև-Ռոհանի հանդիպման ընթացքում, թե՞ ոչ։ Սակայն դժվար է հավատալ, որ Թեհրանն անտեսած լինի իր համար զգայուն այս խնդիրը։

Ադրբեջանի և Իրանի միջև առաջացած երկրորդ լուրջ խնդիրը կապված է սիրիական ճգնաժամի հետ։ Երբ նախորդ ամիս Սաուդյան Արաբիան հայտարարեց իբր իսլամիստական ծայրահեղականության և ահաբեկչության դեմ մուսուլմանական երկրների կոալիցիա ստեղծելու մասին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Բաքուն քննարկում է դրան միանալու հարցը։ Նույն բանը Մամեդյարովն ասաց անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում։ Իրականում իսլամական ծայրահեղականներին բացահայտ ու թաքուն աջակցություն ցուցաբերող Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի նախաձեռնությամբ սունիական կոալիցիայի ձևավորման թիրախը Իրանն էր և Սիրիայից վերիջինիս դուրս մղման նպատակը։ Պատահական չէ, որ Իրանին այդ կոալիցիա մտնելու առաջարկ չարվեց, իսկ Իրանն ինքը նման ցանկություն չհայտնեց։ Այս իմաստով սաուդա-թուրքական այդ «ցանցի» մեջ ներգրավվելու անգամ տեսական հնարավորության մասին Բաքվից արվող հայտարարությունները Թեհրանն ընկալում է որպես իր թիկունից հասցվող հարված։ Այս խնդիրը, թերևս, Թեհրանում կոշտ ձևով բարձրացվել է Ալիևի առաջ։ Դրա մասին է վկայում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում Ալիևի արած այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Սիրիայի ճգնաժամի հարցում համակարծիք է Իրանի հետ և համոզված է, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը։ Այս հայտարարությամբ Ալիևը հակադրվեց Թուրքիային․ Թեհրանում նրան, թերևս, բացատրել են սաուդա-թուրքական խաղերին տրվելու հնարավոր հետևանքները Ադրբեջանի համար։

Ադրբեջանի ձեռբերումն ու տապալումները

Բնական է, որ նման խնդիրների պարագայում Իրանը չի կարող իբրև անկեղծ գործընկերջ վերաբերել Ադրբեջանին։ Որովհետև վստահ չէ՝ կկարողանա՞ Բաքուն բավարար չափով Թուրքիայից անկախ լինել և արդյոք չի՞ օգտագործի իր տրանզիտային պոտենցիալը Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Այս մասով Ալիևի այցը քիչ արդյունավետ պետք է գնահատել՝ չնայած Թեհրանում կողմերի միջև համագարծակցությանն ուղղված 11 փաստաթուղթի ստորագրմանը։

Ալիևի ամենանշանակալի հաջողությունը Ադրբեջանի և Իրանի երկաթուղային գծերի միացման և Աստարա (Ադրբեջան) և Աստարա (Իրան) երկաթուղային կամուրջի շինարարության շուրջ շրջանակային համաձայնագրերի ստորագրումն էր։ Դրանցով Իրանը Ադրբեջանի տարածքով միանում է Ռուսաստանի հետ երկաթուղային «Հյուսիս-Հարավ» միջանցքին։ Առաջին փուլում մոտ 5-6 մլն տոննա, իսկ ապագայում մինչև 15-20 մլն տոննա թողունակությամբ այս մագիստրալը մի կողմից Պարսից ծոցը կապում է ընդհուպ Բալթիկ ծովին՝ թույլ տալով Իրանին այդ ճանապարհով եվրոպական շուկաներ դուրս գալ, իսկ մյուս կողմից թույլ տալիս Ադրբեջանին «յուրացնելու» չինական Մետաքսի մեծ ճանապարհի ևս մեկ բաղադրիչ։ Դա  տնտեսապես անիմաստ է դարձնում մոտ 4 մլրդ դոլար արժողությամբ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը։ Այսինքն այս մասով Բաքուն լուրջ դիրքային առավելություն է ձեռք բերում Հայաստանի նկատմամբ։

Ողջ հարցն այն է, սակայն, որ այստեղ որևէ նոր բանի հետ գործ չունենք։ Երկու երկրների երկաթուղային համակարգերը միավորելու խնդիրը դրված է եղել դեռևս 2009թ-ից, երբ կողմերը, հենց «Հարավ-Հյուսիս» միջանցքը կառուցելու նպատակով, որոշեցին կառուցել ստրատեգիական նշանակություն ունեցող Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծային նոր հանգույցը։ Չնայած անցել է արդեն 7 տարի, սակայն այդ երկաթգծի շինարարությունը ավարտվել է մոտ 80-90 տոկոսով: Այսինքն ստորագրված այս համաձայնագրերն ուղղված են այս նախագիծը տրամաբանական ավարտին հասցնելուն։ Իրանի վրայից անկցիաների հանումը խթան է։ Սակայն Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման խնդիրը դրվել է՝ նաև Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման հեռանկարը հաշվի առնելով։ Այն ավելի շատ քաղաքական նշանակություն ունի Հայաստանի և Իրանի համար, և պետք է ենթադրել, որ նրանք օրակարգից չեն հանի նոր երկաթգծի կառուցման հարցը։

Մնացած բոլոր առումնելով Ալիևը Թեհրանում որևէ էական հաջողության փաստացի չի հասել։ Հիմնական խնդիրներից մեկը, որ նա պետք է լուծեր, Իրանից Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու գործընթացը չեղարկելն էր։ Իրանի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ իրանական գազը Վրաստան տեղափոխելու պատրաստակամություն են հայտնել ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը և քննարկվում են հնարավոր տարբերակները։ Իսկ փետրվարի 17-ին Թեհրանում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպումից հետո Քամելին հստակ հայտարարեց, որ Թեհրանը և Թբիլիսին պայմանավորվածություն են ձեռք բերել 200 մլն խ/մ գազը Հայաստանի տարածքով Վրաստան հասցնելու և մատակարարումները մարտի վերջերից սկսելու շուրջ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի տարբերակը Իրանը մերժել է։ Ալիևին չի հաջողվել մտափոխել Թեհրանին։

Բացի դրանից, 2015թ․ դեկտեմբերին Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը Երևանում ստորագրեցին էլեկտրաէներգիայի  փոխհոսքերի կառավարման մակարդակը, էլեկտրաէնեգետիկ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելուն ուղղված համատեղ հուշագիր, որը ոչ այլ ինչ էր, քան այս երկների միջև էլեկտրաէներգետիկ համակարգերի շղթայի ձևավորում: Այս շրջանակում նախատեսվում է մինչև 2018 թվականը շահագործման հանձնել մի կողմից Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծը և հաստատուն հոսանքի ենթակայանը, մյուս կողմից՝ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը: Փաստացի էլեկտրաէներգետիկ ոլորտում Իրանը նախապատվությունը տալիս է Հայաստանին՝ մասամբ իմաստազրկելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 25 տարի պահպանվող շրջափակումը։

Իսկ որտե՞ղ է ուշացել Հայաստանը

Եվ այնուամենայնիվ, Ալիևի այցը Իրան պարզորոշ ցույց է  տալիս, որ չնայած առկա խնդիրներին, փոխադարձ անվստահությանը, Բաքուն ցանկանում է լիովին օգտվել իր հարավային հարևանի նկատմամբ սանկցիաների հանումից հետո ստեղծված նոր իրավիճակից, փորձում է երկկողմ պետական ու քաղաքական հարաբերությունները զարգացնել նոր մակարդակի։ Մինչդեռ այս առումով Հայաստանի քայլերը չափազանց վախվորած են թվում և անուղեգիծ։ Մինչ Ալիևը դեպի Իրան այց է նախաձեռնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ, խորհրդակցություն է հրավիրում, որպեսզի հանգամանալից զեկույց լսի Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների տնտեսական բաղադրիչի վերաբերյալ: Այդ խորհրդակցության ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, նա հարցրել է, թե ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը՝ դառնալու «տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստների հետ կապելու ճանապարհին»:

Եվ սա այն դեպքում, երբ դեռևս 2015թ․ հունիսից արդեն հայտնի էր, որ վեց ամիս անց Իրանից հանվելու են սանկցիաները, այսինքն որ տարածաշրջանի երկրների համար նոր հնարավորություններ են բացվելու։

Փաստորեն այն, ինչ Հայաստանի իշխանությունները պետք է արած լինեին վեց ամիս առաջ ՝ պատրաստելով իրանական «ազատագրման» գործոնն օգտագործելու հստակ ռազմավարական ծրագիր, գործողությունների պլան, փորձ է արվում անել հիմա՝ այն էլ դեռ զուտ խորհրդակցությունների մակարդակով։

Հայաստանը նախաձեռնողականության առումով զիջում է Ադրբեջանին՝ Իրանի կողմից արդարացիորեն ընկալվելով որպես անինքնավստահ, ոչ ինքնուրույն և սեփական շահերը չպաշտպանող, գուցե նաև չգիտակցող կամ գնահատող երկիր։

2013թ․ Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո Ալհամ Ալիևն արդեն 4-րդ անգամ է հանդիպում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին։ Եթե հավատանք ադրբեջանական մամուլին, պլանավորվում է, որ վերջինս առաջիկայում կայցելի Ադրբեջան։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը Ռոհանիին հանդիպել է ընդամենը մեկ անգամ՝ 2013թ, այն էլ՝ Իրանի նախագահի ինաուգուրացիայի ժամանակ։ Նախատեսվում էր, որ 2015-ին վերջինս պետական այց կկատարի Հայաստան։ Սակայն փոխարենը Երևան ժամանեց Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Սա խոսուն վկայություն է այն մասին, թե ինչ վիճակում են գտնվում Հայաստան-Իրան պետական մակարդակի հարաբերությունները՝ հայ-իրանական փայլուն կապերի մասին բարձրագոչ հայտարարությունների քողածածկույթի տակ։

Վրաստան գազի տեղախոփման համար Հայաստանին ընտրելով՝ Թեհրանը պարզորոշ հասկացրեց, թե ինչ դեր է ցանկանում հատկացնել վերջինիս՝ դեպի հյուսիսային և արևմտյան արտաքին շուկաներ դուրս գալու իր պլաններում։ Սակայն Երևանում ցնցակաթվածի մեջ են հայտնվում, երբ հանկարծ Իրանից թեթև ակնարկ է հնչում իրանական գազի՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տարանցելու հնարավորության մասին։ Այստեղ որոշողը ռուսական «Գազպրոմ»-ն է, որին Հայաստանը հանձնել է էներգակիրների դիվերսիֆիկացման իր բոլոր իրավունքները։

Անցած տարի Իրանը հայտարարեց մի շարք երկրների հետ հարաբերություններում վիզային ռեժիմը հանելու մասին։ Դրանց թվում Հայաստանը չկար՝ չնայած տուրիզմը զարգացնելու և իրանցի զբոսաշրջիկներին այս առումով առանձնահատուկ դեր վերապահելու մասին Երևանից հնչող հայտարարություններին։ Ի՞նչն էր խնդիրը՝ ոչ ոք հարկ չհամարեց պարզաբանել։

Դեռևս 2009թ․մեկնարկեցին Իրանը Վրաստանին և Ռուսաստանին կապելող ստրատեգիական նշանակության Հյուսիս-Հարավ ամտոմայրուղու՝ 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ճանապարհի նախագծման և շինարարության աշխատանքները։ Նախատեսվում էր, որ այն ավարտին կհասցվի 2017-ին։ Հիմա ՀՀ կառավարությունը,  որպես շինարարության վերջնաժամկետ, խոսում է արդեն 2020թ-ի մասին: Շինարարության ներկայիս տեմպը հաշվի առնելով՝ անգամ այդ ժամետը իրատեսական չի թվում։

Նախագահ Սերժ Սարգսյանին երևի պետք է հուշել, որ Հայաստանը Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստների հետ կապելու տարանցիկ գերակա ուղի  դարձնելու համար ոչ թե խորհրդակցություններ պետք է անցկացնել, այլ գոնե այս ծրագիրը չտապալել․․.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter