HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ծնողներին

Հանրապետությունում, հատկապես երեխաների շրջանում, պարբերաբար արձանագրվում են դեղերից և կենցաղային նյութերից թունավորման դեպքեր, որոնք անդառնալի հետևանք կարող են թողնել: Այս մասին զգուշացնում է առողջապահության նախարարությունը` կոչ անելով ծնողներին.

« Կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում.

  • չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ
  • թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար
  • առավել վտանգավոր է, երբ քիմիական նյութը պահվում է կերակրի կամ ըմպելիքի համար նախատեսված տարաներում, շշերում:

Տանը պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են ամոնիակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիա), կրային նստվածք քայքայող որոշ նյութեր, մաքրող, լվացող որոշ հեղուկներ, լուծիչներն ու նավթամթերքները` լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը,  որոնք պարունակում են հիմքեր ու թթուներ և կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել:

Չափազանց վտանգավոր են  նաև դեղերից` սրտային և ճնշում կարգավորող, քնաբեր, հակադեպրեսանտներ, հոգեմետ դեղեր, ցավազրկողներ, հակադիաբետիկ, կոլխիցին, թունավորումները:

Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, ինչը չափազանց վտանգավոր է: 

Խորհուրդ  ենք տալիս նման թունավորումների դեպքում 82-82 հեռախոսահամարով արագ դիմել մասնագիտացված բժշկական հաստատություն` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և բուժում անհրաժեշտ իրականացնել: 

Կլինիկան այդ նպատակների համար ունի նաև ռեանիմոբիլ։ 

Հիշենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով։

Ցավալին այն է, որ փոքրիկները հիմնականում թունավորվում են ծնողների, մեծահասակների անուշադրության, անփութության հետևանքով: Երեխաների շրջանում թունավորումները հիմնականում զարգանում են շատ արագ, ունենում ծանր ընթացք և պահանջում ոչ միայն անհապաղ բժշկական օգնություն, այլև երկարատև բուժում: 

           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter