HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև փոխգործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար և մաղթել բեղմնավոր աշխատանք: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Հ. Աբրահամյանը շնորհավորել է Դավիթ Լոքյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ: Նա համոզմունք է հայտնել, որ նա ամեն ինչ կանի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար և կնպաստի տարածքային կառավարման խնդիրների լուծմանն ու երկրի զարգացմանը: 

Իր հերթին, Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ Դավիթ Լոքյանը հաջողությամբ կշարունակի ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրերը, այդ թվում՝ համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետ իրականացումը: 

Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ վստահության համար: Դավիթ Լոքյանը նշել է՝ տեղյակ է, որ նախարարությունն անցել է բավական երկար ու արդյունավետ ճանապարհ, որը ղեկավարել են պրոֆեսիոնալներ և լավագույն հիմքերը դրել երկրի տարածքային զարգացման համար: Միաժամանակ Դ. Լոքյանն ընդգծել է, որ նախարարության պրոֆեսիոնալ աշխատակազմն ունակ է իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնել՝ փորձելով լուծում տալ դժվարին խնդիրներին և նշել, որ կառավարության գործունեության ամենակարևոր սկզբունքներից մեկը շարունակականությունն է: 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter