Մարզվում է Բալթիկի ափին
Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայում: 2-3 որակավորման մենամարտ անցկացնելուց հետո բռնցքամարտիկը կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը:
Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը «Հետքին» հայտնեց, որ բռնցքամարտիկի մրցակցի անունը, ինչպես նաեւ կայանալիք մենամարտի արենայի մասին տեղեկությունները պետք է հայտնի մրցակցող կողմը՝ առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ներկայում Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, մարզական սննդաբանի խորհրդատվությամբ քաշի նվազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է ե՛ւ սահմանափակումներ սննդակարգում, ե՛ւ մարզումների ավելացում: Մարզումներն անց են կացվում Գերմանիայի փոքր քաղաքներից մեկում՝ Բալթիկ ծովի ափին:
Այս պահին Արթուր Աբրահամը կշռում է 80 կգ. արդեն հասցրել է կորցնել 4 կգ: Առաջիկա մենամարտի ժամանակ մարզիկը մտադիր է մրցել մինչեւ 75կգ քաշային կարգում:
Արթուր Աբրահամը համոզված է, որ 2012 թվականին կկարողանա վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը. «Հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց եթե աշխատասեր ես, գնում ես նպատակներիդ հետեւից եւ անհաջողությունից չես ընկճվում, ապա հաղթանակն անխուսափելի է: Ես նորից կվայելեմ հաղթանակի բերկրանքը` ձեռք բերելով այն, ինչ կորցրել եմ»,- հայտարարում է բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամը շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել: Նշենք, որ Ուլի Վեգները եւս մեծ սպասելիքներ ունի նրանից` կապված 2012-ին ռինգ վերադանալու հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել