
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման 80 %-ը կրթական հաստատություններում է (ինֆոգրաֆիկա)
ՀՀ կառավարության 2011 թվական դեկտեմբերի 29-ի N 1905-Ն որոշման համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամեն տարի իրականացնում է ստուգումներ տարբեր տնտեսվարողների մոտ:
Դրանց մեջ են մտնում նաև կրթական հաստատություններն ու մանկատները:
«Հետք»-ն ուսումնասիրել է 2015թ․ կատարված ստուգումների արդյունքներն ու ահա , թե ինչ պատկեր է ստացվել։
Գերակշիռ մասն աշխատում է խախտումներով
2015թ. կատարվել են ուսումնասիրություններ և ստուգումներ 664 տնտեսվարողների մոտ:
Նրանցից միայն 20 %-ն է ստացել «տեղեկանք խախտում չունենալու մասին»: 80 %-ից ավելիի մոտ ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։
Դրանք վերաբերում են մակնշման, փաթեթավորման, բաղադրության կանոնների խատման, անվտագությունը հավաստող փաստաթղթերի բացակայությանը։
Գերակշիռ մաս են կազմում սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների խախտման դեպքերը։
Ուշագրավ է, որ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման դեպքերի մոտ 80 %-ն արձանագրվել է կրթական հաստատություններում (մանկապարտեզներ, նախակրթական հաստատություններ, դպրոցներ):
Խախտումների վերաբերյալ հիմնականում տրվել են՝
- «Արտադրական գործունեության գործառույթները կասեցնելու մասին» որոշումներ
- «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրություններ։
- Վարչական տուգանքներ (62 որոշում):
Ամենաշատ խախտումներն Արարատի մարզում են
Ստուգումների մոտ կեսն իրականացվել է կրթական հաստատություններում:
Ուսումնասիրություններ են կատարվել 306 կրթական հաստատություններում, միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներում :
Դրանց 70 %-ի մոտ (203) տարբեր տեսակի խախտումներ են հայտնաբերվել։
Ընդ որում՝ խախտումների ամենամեծ թիվը գրանցվել է Արարատի մարզում՝ 29 դեպք:
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման գերակշիռ մասը՝ մոտ 80 %-ը հենց կրթական հաստատություններում է ․արձանագրված 36 դեպքերից 31-ը մանկապարտեզներ, նախակրթարաններ և նախադպրոցական ուսումնական հաստատություններն են (խախտվել է կառավարության 2011թ․ N 34-Ն որոշում 23-րդ կետը, այն է՝ «Սննդի կառույցները պետք է պահվեն մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում»):
Սննդամթերքի հետ առնչվող սարքերի հիգիենայի խախտման 31 դեպք ից 28-ը դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում է ( 34-Ն որոշման 39-րդ կետ):
Սննդամթերքի մշակման և պահպանման համապատասխան ջերմաստիճանային պայմանների խախտման 5 դեպք է արձանագրվել, բոլորն էլ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում․ 4 Աշտարակ քաղաքում, 1-ը՝ Կարբի համայնքում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված 62 որոշումներից 21-ը կրթական հաստատություններին է վերաբերվում:
Երևանում խախտումներ չկան
Ստուգումներ անցկացվել են նաև Երևանի 80 նախակրթական հաստատություններում։
Հետաքրքրական է, որ դրանցից և ոչ մեկում խախտում չի հայտնաբերվել. բոլոր տնտեսվարողները ստացել են «տեղեկանք խախտում չհայտնաբերելու մասին»։
Սարքերի հիգիենայի նորմերի խախտման դեպք Խարբերդի մանկատանը
Ստուգումներ են անցկացվել նաև 3 մանկատներում․ Խարբերդի, Գավառի և Երեւանի(«Մարի Իզմիրլյանի անվան») :
Խախտումներ հայտնաբերվել են միայն Խարբերդի մանկատանը․ սննդամթերքի հետ առնչվող սարքերի հիգիենան չի համապատասխանել N34-Ն որոշման կետ 39-ի պահանջներին:
Ստուգումների թիվը նվազում է, խախտումներն ավելանում
Աննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Հետք»-ին տրամադրված տվյալներով, 2013-2015թթ․ իրականացվել է 1518 ստուգում, որի արդյունքում 1114 տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է «վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումներ։
2015թ. կատարված ստուգումների թիվը նախորդ տարվա համեմատ 10%-ով նվազել է , բայց նշանակված տուգանքների թիվը՝ մոտ 5 մլն դրամով ավելացել:
Մասնավորապես ՝ 2014թ․ իրականացվել է 736 ստուգում և 406 որոշումներով նշանակվել 41 մլն 280 հազար դրամի տուգանք, իսկ 2015թ․ իրականացվել է 665 ստուգում և վերստուգում, որոնց արդյունքում 546 տնտեսվարողների նկատմամբ կիրառվել է տուգանք 46 մլն 910 հազար դրամի։
2016թ․ նախատեսված է իրականացնել 500 ստուգում, որոնցից 453 բարձր ռիսկայնությամբ, 47 միջին ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ
(ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ)։
Մեկնաբանել