
Դատարանը կասեցրեց թերթի դեմ գործի քննությունը մինչեւ քրգործի ավարտը
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի հայցի քննությունն ընդդեմ «168 ժամ» թերթի եւ վերջինիս լրագրող Մարինե Մարտիրոսյանի: Հիշեցնենք, որ նախկին տնօրենը պատասխանողներից պահանջում է հերքել իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները եւ զրպարտության դիմաց վճարել 2 մլն դրամ»:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ա. Հակոբյանը դատարանին միջնորդեց կասեցնել գործի վարույթը մինչեւ քրեական գործի ավարտը: Հիշեցնենք, որ թերթի եւ լրագրողի հրապակումների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն առայժմ չի ավարտվել: Ա. Հակոբյանը գործը կասեցնելու համար ներկայացրեց մեկ այլ միջնորդություն եւս. խոսքը օմբուդսմենի` ՍԴ ներկայացրած դիմումի մասին է, որը վերաբերում է ՀՀ Քաղ.օր.-ի 1087.1 հոդվածի (զրպարտության եւ վիրավորանքի մասին) որոշ դրույթների հակասահմանադրականությանը: Հայցվորի ներկայացուցիչ Գ. Գեւորգյանը առարկեց միջնորդություններին, սակայն դատավոր Ա. Մելքումյանը առաջին միջնորդությունը բավարարեց եւ գործի վարույթը կասեցրեց մինչեւ քրգործի նախաքննության ավարտը: Հենց այս պատճառով էլ դատարանը երկրորդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց:
Նույն դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում նաեւ Ս. Նազարյանի անչափահաս որդու` Տիգրան Տերտերյանի հայցն ընդդեմ նույն թերթի եւ լրագրողի: Այս անգամ էլ հայցվորը պահանջում է հերքել իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները եւ զրպարտության դիմաց վճարել 2 մլն դրամ»: Պատասխանողի ներկայացուցիչ Ա. Հակոբյանը այս գործով եւս միջնորդեց կասեցնել գործի քննությունը` ՍԴ-ում քննվող դիմումի կապակցությամբ: Դատարանը, սակայն, ոչ թե կասեցրեց, այլ հետաձգեց քննությունը մինչեւ նոյեմբերի 30-ը:
Մեկնաբանել