HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իսկ պատգամավորներին կարելի՞ է «լակոտ» անվանել…

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր որոշում է ընդունել կարճել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված դիմումի հման վրա բացված վարույթը։  Դիմումով, հիշեցնենք, պահանջ էր դրվում քննարկել Աժ պատգամավոր, վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանի կողմից սոցցանցերից մեկի օգտատեր  Գայանե Շահինյանի հասցեին «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտության հրապարակավ կիրառումը Աժ էթիկայի կանոնների խախատում համարելու հարցը։ Էթիկայի հանձնաժողովն էլ քննարկել է հարցը ու որոշել, որ Շուշան Պետրոսյանը էթիկայի կանոնները չի խախատել, քանի որ այդ արտահայտություններում հանձնաժողովը չի տեսել պատգամավորի կողմից քաղաքացուն վիրավորելու և սպառնալու տարրեր։

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը մեկնաբանել է, թե եթե Գայանե Շահինյանը պատգամավորի արտահայտություններում տեսնում է իրեն վիրավորելու միտում, ապա կարող է դիմել դատարան, քանի որ որևէ արարքի մեջ վիրավորանք տեսնելն և գնահատելը էթիկայի հանձնաժողովի իրավասություններից դուրս է։ Եվ չնայած դրան՝ Հարությունյանը չի զլանում, այնուամենայնիվ, մեկնաբանել, թե որո՞նք են իր ու, թերևս, նաև հանձնաժողովի կարծիքով վիրավորանքն ու սպառնալիքը։ «Եթե հանրության համար անհայտ որեւէ մեկը մի հատ վաստակաշատ գիտնականի, տարեց ակադեմիկոսի ասեր՝ լակո՛տ, դա կլիներ իրականում վիրավորանք։ … Մենք համոզված ենք, որ Շուշան Պետրոսյանի նպատակը վիրավորելը չի եղել։ Նա ցանկացել է սաստել համացանցում նման մոտեցումներ տարածողներին։ …Դարձվածքներ կան մեր լեզվամտածողության մեջ: Այսինքն, դուք կարծում եք, որ եթե հանկարծակի Գայանե Շահինյանը շարունակեր խոսել, Շուշանը պետք է գնար նրա աչքերը հանե՞ր՝ ոչ։ Սա է կարևորը »,-դեմքի ամենայն լրջությամբ՝ բացատրել է Խոսրով Հարությունյանը։

Որ էթիկայի հանձնաժողովը կարող էր դիմումի ընթացքը կարճել, որևէ տարօրինակ բան չկա։ Առաջին անգամը չէ, որ ԱԺ այդ հանձնաժողովն առաջնորդվում է գործընկերային սոլիդարության սկզբունքով և որոշումներ ընդունում էթիկայի կանոնները խախտած պատգամավորների օգտին։ ԱԺ էթիկայի հանձնաժողովը վաղուց արդեն բովանդակային առումով գոյություն չունի․ դրա որոշումները ոչ ոքու վրա չեն ազդում, դրան լուրջ չեն վերաբերվում ոչ պատգամավորները, ոչ էլ քաղաքացիները։ Տվյալ դեպքում, սակայն, էականը երկու բոլորովին այլ հանգամանքներ են։

Առաջինն այն է, որ հանձնաժողովի որոշումը սկզբունքորեն հակասում էր նախկինում գրեթե նույնպիսի իրավիճակում կայացված մեկ այլ որոշման տրամաբանության։ Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի և նրա ընտանիքի հասցեին արված գրառումների մի քանի հեղինակներին բռնաբարելու ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հնչեցրած հրապաակային սպառնալիքների կապակցությամբ ԱԺ նախորդ հանձնաժողովի ընդունած եզրակացությանը, որով պատգամավորի հայտարարությունը գնահատվել էր որպես էթիկայի նորմերի խախտում։ Փաստորեն նախադեպային որոշումն այստեղ որևէ նշանակություն չունեցավ, թեև ունենալու դեպքում անգամ դրանք գործնական նշանակություն, հետևանք չէին ունենալու։

Երկրորդը ու թերևս ամենակարևորը՝ հանձնաժողովի որոշման վերաբերյալ Խոսրով Հարությունյանի բերած հիմնավորումներն էին։ Ըստ դրանց, ստացվում է, որ  հանձնաժողովը օրինականացնում է խորհրդարանում և դրանից դուրս «լակոտ» ու նմանատիպ այլ բառերի ազատ կիրառումը ու դրանց տալիս յուրատեսակ ծնողական «օրհնանքի» իմաստ։ ԱԺ էթիկայի հանձնաժողովը դրանով նաև հռչակում է, որ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի սրտի ուզած ժամանակ ՀՀ քաղաքացու հետ հաղորդակցվել սաստողի դերում։ Այսինքն Խոսրով Հարությունյանը «հորդորում» է, օրինակ Առաքել Մովսիսյանին, Մհեր Սդրակյանին, Սամվել Ալեքսանյանին և խորհրդարանի մի շարք այլ օդիոզ դեմքերի՝ էլ ավելի հարստացնել լրագրողներին, շարքային քաղաքացիներին ուղղված հայհոյանքների բառապաշարն ու հաճախականությունը, քանի որ հարությունյանական տրամաբանությամբ, գլխավորն այն է, որ դրանք չեն հնչում անպայման իրականացվելու միտումնավորությամբ։ Միակ վերապահումն այն է, որ հանկարծ հայհոյանքների թիրախում չհայտնվեն «վաստակաշատ գիտնականներ և տարեց ակադեմիկոսները»։ Պետք է ենթադրել, որ Խոսրով Հարությունյանը, իբրև այդպիսին նկատի ունի առաջին հերթին պատմափլիսոփայական գիտությունների դոկտոր Լիսկային, քանի որ դժվար թե վաստակաշատ գիտնականն իրեն նորմալ զգա, հասարակության, շարքային քաղաքացիներից իրեն տարբերակելու համար։ Եվ այնուամենայնիվ, այստեղ հարց է ծագում․ ելնելով նրանից, որ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը անգամ մոտավոր աղերս չունեն «վաստակաշատ գիտնականներ և տարեց ակադեմիկոսներ» լինելու հետ, արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովը էթիկայի տեսանկյունից նորմալ է համարելու սովորական քաղաքացիների կողմից պատգամավորներին նման կերպ դիմելը․․․    

Շուշան Պետրոսյանն, ինչ խոսք, Էթիկայի հանձնաժողովի նման որոշումից և հանձնաժողովի նախագահի նման մեկնաբանությունից իրեն պետք է զգա լիարժեք հաղթողի կարգավիճակում։ Ավելի ազդու լինելու համար, նա հետայսու, իհարկե, կարող է նաև չբավարարվել «լակոտ» արտահայտությամբ։ Պաշտպանության նախարարի պատիվն ու արժանապատությունն ավելի հետաքրքիր ձևերով պաշտպանելու համար կարող է նախ Խոսրով Հարությունյանից պարզել՝ ո՞րն է սպառնալիքի ու սաստման, ապա նաև վիրավորանքի և հայրական (իր դեպքում ավելի ճիշտ՝ մայրական) «օրհնանքի» սահմանագիծը, քանի որ ինչպես հասկանում ենք՝ այստեղ խոսրովհարությունական մեկնաբանությունները կողմնորոշման առումով վճռորոշ նշանակություն են ձեռք բերում։ Շուշան Պետրոսյանը կարող է նաև բառապաշարի հարստացման հատուկ դասընթացների գնալ այդ հարցում անգերազանցելի՝ հանրապետական կուսակցության իր գործընկերների մոտ, եթե իհարկե, նրանց հետ աշխատանքի՝ անցած 4 տարիներին դեռ չի հասցրել «լրացնել» այդ  բացը։

Այս ամենն, իհարկե, չափազանց զավեշտալի կլիներ, եթե այս աստիճան տխուր չլիներ, ընդ որում՝ երկկողմանիորեն։ Մի կողմից եթե նմանատիպ պահվածքը նման խղճուկ, ծիծաղելի արդարացումներով պաշտպանում և լեգիտիմացնում է խորհրդարանի, այսպես կոչված, ինտելեկտուալ, մտավորական պատգամավորներից մեկը,  ապա թե այդ հանձնաժողովի և թե պառլամենտի և որ առավել ողբերգական է՝ երկրի մտավորական էլիտայի համար կարելի է ամեն ինչ ավարտված համարել։ Ինչ-որ իմաստով սա ավելի ստորացուցիչ է, քան ինքնին «լակոտ» կամ նման արտահայտություններ կիրառելը, որոնք, միգուցե կարող էին լինել զուտ մարդկային չզսպված էմոցիաների հետևանք։ Մինչդեռ այս դեպքում գործ ունենք իրականությունը տրամաբանական ու լեզվական աճպարարություններով սառնասրտորեն և նպատակամղված ձևով լղոզելու երևույթի հետ, որին, փաստորեն, մասնակցում են խորհրդարանական բոլոր ուժերը․ փաստորեն, հանձնաժողովում չի գտնվել որևէ պատգամավոր, որ կառարկեր այս հիմնավորմամբ նման որոշման ընդունմանը։ Նախանձելի համերաշխություն և կոնսենսուս՝ պարկեշտության բարոյական նորմերի և ուղղակի պարզ, մարկային բարեկրթության դեմ։

Մյուս կողմից՝ որքան էլ թվա տարօրինակ, իրականում Շուշան Պետրոսյանի այդ որակումներից ու «սաստումներից» վիրավորվող կողմ, սուբյեկտ գոյություն չուներ։ Եթե Հարությունյանն ամբողջ ճշմարտությունն է հայտնում, թե Գայանե Շահինյանը Շուշան Պետրոսյանի պատասխան-գրառումից ու դրանում արված արտահայություններից վիրավորված չէ ու նույնիսկ վրդովվել է, թե ինչու են իր անունից նման դիմում գրել, ապա այդտեղ, անգամ մեծագույն ցանկության դեպքում, քննարկելու ոչինչ չի կարելի գտնել՝ անկախ նրանից՝ դիմումն ով և ինչու է ներկայացրել հանձնաժողովին։ Եվ սրանից է, որ պետք է կառչեր Խոսրով Հարությունյանը։ Սա ոչ վաղ անցյալից մեզ հայտնի այն դեպքերից է, երբ  հանրայնորեն արտահայտված վիրավորանքի, սպառնալիքների և նույնիսկ դրանց գործադրման զոհերն ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեն ընդունում իրենց հանդեպ կատարվածը, հրաժարվում են իրենց նախկին հայտարարություններից։  Որքան էլ սա բացառապես այդ «զոհերի» խնդիրն է, այնուամենայնիվ, զուտ սկզբունքայնության և խոսքի արժեզրկման իմաստով իսկապես տխուր է, շատ տխուր։ 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Իմ համեստ կարծիքով Շուշանին իսկապես հնարավոր է հասկանալ ու ներել՝ կնիկ է, չի կարողացել կառավարել էմոցիաները, ինչ է եղել, հո շմայսի հետ չես համեմատի: Իսկ արհեստավարժ երեսպաշտները ավելի շատ սրտախառնուք են առաջացնում քան նույնիսկ շմայսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter