
Անբարեխիղճ արտադրողներ.ի՞նչ ենք ուտում՝ շոկոլա՞դ, թե քաղցր սալիկ
Այսօր շուկայում վաճառվում են տարբեր տեսակի քաղցրավենիքներ, որոնք պիտակավորված են «շոկոլադ» անունով, այնինչ որևէ առնչություն չունեն դրա հետ:
Մենք ուսումնասիրել ենք շոկոլադի հայկական շուկան և պարզել, որ որոշ արտադրողներ պահանջվող կակաոյի յուղի փոխարեն օգտագործում են էժան արմավենու յուղ ու երբեմն, պիտակի վրա «մոռանում են» նշել այդ մասին:
Ավելին, ներկրողները հայերեն մակնշման մեջ արտադրողի «արմավենու յուղը» «դարձնում են» կակաոյի կամ բուսական յուղ ու այն գրում վերջում՝ փոփոխելով բաղադրատարրերի հերթականությունը, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է:
Արմավենու յուղ պարունակող շոկոլադներ.ուտե՞լ, թե չուտել
Շոկոլադի՝ միջպետական ԳՕՍՏ 31721-2012 ստանդարտներով պատրաստելու ընդհանուր տեխնիկական պահանջներն ընդունված են նաև Հայաստանում:
Ըստ դրա՝ շոկոլադը կակաո-ապրանքների և շաքարի հիմքով ստացվող հրուշակեղեն է։
Այդ չափորոշիչները նաև սահմանում են տարբեր տեսակի շոկոլադներում (կաթնային, մուգ, դառը, սպիտակ և այլն) կակաոյի, կակաոյի յուղի ու շաքարի անհրաժեշտ և թույլատրելի չափաքանակը։
Օրինակ՝ դառը շոկոլադը, որը խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետ ունեցողներին, պետք է պարունակի կակաոյի ընհանուր չոր մնացորդի ոչ պակաս, քան 55%, և կակաո յուղ՝ ոչ պակաս, քան 33 %:
Չփոփոխելով կակաո ճյուղի պահանջնվող նվազագույն քանակը՝ շոկոլադում, ըստ ստանդարտների, թույլատրվում է օգտագործել կակաո յուղին համարժեք մինչև 5% բուսական յուղ։ Ընդ որում, ըստ վերոնշյալ չափորոշիչների (ինչպես նաև եվրոպական չափորոշիչներով), գրությունը որ, շոկոլադը պարունակում է «մինչև 5% բուսական յուղեր», պետք է հստակորեն տարբերակված և մակնշված լինի։
Շոկոլադի բաղադրատարրերը փաթեթի վրա նշվում են քանակական նվազման սկզբունքով : Ըստ այդմ՝ բուսական յուղը պետք է գրված լինի բաղադրատարրերի նախավերջերում:
Արմավենու յուղը, բուսական է և էժան: Այն լայնորեն կիրառվում է շոկոլադային արտադրության մեջ:
Թեև արմավենու յուղը սննդի մեջ օգտագործելը չի արգելվում, այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նվազեցենել դրա կիրառումը, քանի որ այն մեծացնում է սրտային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը:
Պատճառն է այն է, որ արմավենու յուղը միակն է բոլոր բուսական յուղերի մեջ, որի բաղադրությունը գրեթե նույնն է, ինչ կենդանական յուղինը։
Այն բաղկացած է հագեցած ճարպաթթուներով, որոնց շնորհիվ, առանց հատկությունները փոփոխելու, կարող է երկար պահվել, հետևաբար հաճախ է օգտագործվում երկարաժամկետ պահպանման ապրանքների արտադրությունում։
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցներից մեկում ռուսական «Ռոսպետրեբնադզոր»-ի սանիտարական հսկողության բաժնի աշխատակիցներից Լյուդմիլա Ուսկովան նշել է՝ ինչպես կարելի է տարբերել արմավենու յուղ պարունակող շոկոլադը բնականից․«Նախ և առաջ, արժեքից․դրանք էժան են։ Երկրորդ՝ արմավենու յուղով պատրաստված շոկոլադը դժվարահալ է»,-եզրափակել է նա։
Երբեմն, սակայն, արտադրողը դիմում է խորամանկության՝ այն «թաքցնելով» բուսական յուղեր բառակապակցության մեջ և այդ մասին պիտակի վրա չնշելով:
Տեղական շուկայում կատարած մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
արտադրողներից և ոչ մեկը «արմավենու յուղ» կամ «բուսական յուղ» պարունակելու վերաբերյալ որևէ մակնշումը չուներ:
Սա Հայաստանում, ՌԴ-ում և մի շարք երկրներում ընդունված արտադրման տեխնիկական նորմերի խախտում է, որը սակայն, օրենքում դեռևս հստակորեն չի ամրագրված:
Քաղցր սալիկը դեռևս շոկոլադ չէ
Հայկական «Սոնագրո» ՓԲԸ-ն արտադրում է «Armchoc» անունով մի քանի տեսակի քաղցր սալիկ, որոնց փաթեթի վրա մակնշված է՝ «շոկոլադ» (տարբեր տեսակի):
Ըստ պիտակի ՝ այն արտադրվում է ԳՕՍՏ 6534-89 ստանդարտներով, որոնք այժմ կորցրել են իրենց ուժը, քանի որ, ինչպես հուշում են վերջին 2 թվերը, այն ընդունված է եղել դեռևս 1989թ.՝ ԽՍՀՄ տաիներին , և վաղուց փոխարինվել է այլ ստանդարտներով (դրանց մասին հոդվածի սկզբում արդեն նշել ենք):
Բայց եթե նույնիսկ ընկերությունը 2016թ. որոշել է արտադրել 1989թ. ստանդարտներով, ապա դարձյալ կա տեխնիկական նորմերի խախտում:
Օրինակ՝ 1.3.2. կետը սահմանում է , որ «շոկոլադ արտադրելիս չի թույլատրվում կակաո – յուղի փոխարինիչով շոկոլադային մասսայի օգտագործում»:
Այնինչ «Armchoc» կաթնային սալիկի երկրորդ բաղադրատարրը հենց կակաո յուղի փոխարինիչն է:
Բացի այդ, հայերեն և ռուսերեն մակնշումներն իրարից տարբերվում են. ռուսերեն «молоко сухое цельное» (չոր կաթի փոշի անարատ) բաղադրատարրը հայերենում բացակայում է, և էներգետիկ արժեքը, ինչպես նաև սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը տարբեր են:
Սրանք «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտումներ են:
Կակաոն և կակաոյի յուղը թանկ են, և նույնիսկ փոխարինիչներով ու բուսական յուղերով պատրաստված կաթնային շոկոլադներն այնքան էժան չեն, որքան այս ընկերության սալիկը. 90գրամն ընդամենը 135 դրամ:
«Schogetten». գերմանական շոկոլադ հայկական մեկնաբանությամբ
Այս շոկոլադը, ինչպես և նախորդները, ևս լայնորեն տարածված է հայկական շուկայում: Թեև նրա որոշ տեսակներ ևս պարունակում են արմավենու և այլ բուսական յուղեր, սակայն արտադրող գերմանական ընկերությունը բաղադրության մեջ բարեխղճորեն նշում է այդ մասին (այն արտասահմանյան ապրանք է և չի ենթարկվում ԳՕՍՏ 31721-2012 պահանջներին): Շոկոլադը ներկրող «Կոնվեկտ» ՓԲԸ-ն, խախտելով «Սննդամթերքի անվտանգության մասին » օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետը, հայերեն մակնշման մեջ իր «ուղղումներն» է կատարում.փոփոխվում է ոչ միայն բաղադրատարերի հերթականությունը, այլ հենց բաղադրատարրերը:
Ստացվում է, որ հայերեն մակնշումը հավաստի չէ, կեղծ է:
Օրինակ՝ «Schogetten» Caramel Brownie շոկոլադում արտադրողը բաղադրության մեջ 3-րդը նշում է արմավենու յուղը։ Հայ ներկրողը մակնշման մեջ այն տեղափոխում է 5-րդ տեղ և դարձնում «բուսական յուղ», իսկ արտադրողի կողմից 5-րդ բաղադրատարր ներկայացրած «անարատ կաթի փոշին»՝ դարձնում 2-րդ:
Նույնը տեսնում ենք «Schogetten» Black and White շոկոլադի օրինակում:
Բացի վերոնշված խախտումներից, հայերեն մակնշումը տարբերվում է նաև էներգետիկ արժեքով, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քանակով:
«Schogetten»-ի՝ մեր ուսումնասիրած տեսակներում չի եղել հայերեն մակնշման որևէ օրինակ, որտեղ վերը նշված կետերը համապատասխանեն արտադրողի ներկայացրածին:
Նկարում ներկայացված են «Schogetten» ՝ Պրալինե, Կաթնային, Ստրացիատելլա, Կաթնային ընկույզով շոկոլադների պիտակները։
Նմանատիպ պատկեր տեսնում ենք նաև հայկական «Մարսերալ» ՍՊԸ-ի կողմից ներկրվող «Alpen Gold» շոկոլադներում:
Օրինակ ՝ «Alpen Gold» աղի գետնանուշով և կրեկեռով տեսակի մեջ ռուսական արտադրողը նշել է «բուսական յուղ» ( փաթեթի վրա առանձին չի նշել այդ մասին): Իսկ ներմուծող կողմը հայերեն մակնշման մեջ առհասարակ չի նշել, որ շոկոլադը պարունակում է բուսական յուղ:
Որակյալ շոկոլադ․ինչպե՞ս գտնել այն
Բնական շոկոլադն ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն նաև հակաօքսիդանտ է, որը նպաստում է բջիջների կյանքի երկարացմանը, հետևաբար՝ ուշ ծերանալուն:
Իսկ ինչպե՞ս գտնել այն:
Ինչպես արդեն նշել էինք, շոկոլադի փաթեթի վրա բաղադրատարերրը նշվում են քանակական նվազման սկզբունքով.սկզբում նշված տարրերն ամենաշատն են:
Լավ շոկոլադի առաջին 3 բաղադրրիչների իդեալական տարբերակն է ՝ «կակաո, կակաո-փոշի, կակաո յուղ»:
Եթե կա արմավենու յուղ կամ որևէ այլ բուսական յուղ, պետք է ստուգել՝ որ հատվածում է այն գրված:
Փոխարինիչների առկայությունը վկայում է , որ շոկոլադը պատրաստված է ոչ բարձրորակ հումքից:
Կարևոր է հաշվի առնել նաև՝
- Շոկոլադի գինը (կակաոն թանկ է, լավ շոկոլադը չի կարող էժան լինել):
- Գույնը (շագանակագույն և մուգ շագանակագույն, ոչ սև):
- Փայլուն մակերեսը (յուղերի շնորհիվ)։
- Հալվելը (իսկական շոկոլադը հալվում է 32 աստիճանում, այսինքն՝ բերանում այն պետք է հալվի, իսկ սենյակային պայմաններում՝ ոչ ):
- Ջարդելիս զրնգուն ձայնը (դա վկայում է կակաոյի և կակաո յուղի առկայության մասին):
Հ.Գ. Հոդվածում հիշատակված շոկոլադներն ընտրված են պատահականության սկզբունքով՝ որպես շուկայում լայն տարածում ունեցող և սպառվող ապրանքներ:
Եթե դուք բողոքներ ունեք սննդամթերքի որակի և անվտանգության վերաբերյալ կամ նկատել եք սննդամթերքի արտադրման, պահման պայմանների և այլ նորմերի խախտում, խնդրում ենք գրել մեզ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել