«Շատ է եղել, երբ առանց օգուտի եմ տուն գնացել»
«Բանակից եկա, մեկ տարի շարունակեցի զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով, ապա ընտանիքով մեկնեցինք Ռուսաստան, երբ վերադարձա ցանկացա սեփական բիզնեսն ունենալ ու եղբայրներիցս մեկի հետ (մենք չորս եղբայր ենք) սկսեցինք պանրի գործը, քանի որ ֆերմա ունենք Մարտունիում (գ. Ծովասար), և հումքը մեր սեփականն է, մենք ենք պատրաստում, թեև հիմա համագործակցում ենք նաև որոշ գործարանների հետ»,- պատմեց Գեղամ Հայրապետյանը:
Գեղամը, թեև մասնագիտությամբ մարզիկ է, բայց արդեն 16 տարի Զեյթունի շուկայում պանիր է վաճառում, իսկ այսօր ստիպված է այլ տարածք փնտրել, նախընտրում է տարածք վերցնել որևէ խանութում` շուկան արդեն հեռանկարային չէ։
Նա, բացի պանրից, վաճառում է նաև կաթ, մածուն, կաթնաշոռ։ Սկզբից միայն պանիր է վաճառել, հետո ժամանակի ընթացքում քիչ-քիչ ավելացրել է մյուս ապրանքները: Երբեմն իրենց պանրից տալիս է ծանոթներին, որպեսզի վաճառեն իրենց տաղավարներում։
«Պետք է ուրիշին լավություն անեմ, հենա ծանոթներիս կօգնեմ։ Իհարկե, ապրանքը տալիս եմ տոկոսային հարաբերությամբ, բայց դա լավ է համ ինձ համար, համ իրենց», - ասում է Գեղամը։
Վաճառողների մեծ մասը դուրս է եկել շուկայից՝ տեղավորվելով խանութներում, որովհետև մարդիկ նախընտրում են օգտվել խանութներից ու սուպերմարկետներից։

«Ի տարբերություն առաջվա` հաճախորդների թիվը նվազել է, թեև ես ունեմ իմ մշտական հաճախորդները։ Ապրանքի գներն էլ են բարձրացել, չնայած, ի տարբերություն սուպերմարկետների,՝ մեզ մոտ ավելի մատչելի գներ են։ Շատ է եղել, երբ առանց օգուտի եմ տուն գնացել հաճախորդ չկորցնելու համար։ Բայց հիմա ուզում եմ իմը ունենամ, որ ավելի հարմարմարավետ, ավելի հիգիենիկ լինի, թեև այստեղ էլ ամեն բան անում ենք, որ հիգիենիկ նորմերը չխախտենք»:
Գեղամը նշեց, որ փորձել է համագործածկցել սուպերմարկետների հետ, բայց նրանք ապրանքի դիմաց քիչ են վճարում, իրեն «ձեռք չի տալիս», դրա փոխարեն շուկայում կմնա ու ավելին կաշխատի, շուկայի տաղավարի հարկն էլ հարմար է։ Վաստակածից չի բողոքում, ընտանիքն էլ ինքն է պահում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
«Մեծս դպրոց է գնում, փոքրս՝ մանկապարտեզ։ Վատ չէ հիմա, հասցնում եմ։ Միայն այս գործով եմ զբաղվում, բայց ուզում եմ ավելի լավ լինի։ Երեխաներս, երբ մեծանան, չեմ կարող ասել, այս վաստակածով կհասցնեմ, թե ոչ»։
Իսկ ի՞նչ անել, երբ ապրանքը կամ հումքը թանկանում է, առանց օգուտի՞ աշխատել, հաճախորդ կորցնե՞լ, թե՞ չաշխատել։ Այդ դեպքերում փորձում է առաջարկել իրենց պանիրը, որը կարող է անհամեմատ ավելի էժան վաճառել, քան գործարանինը:

«Երբ ապրանքը կամ հումքը թանկանում է, աշխատում եմ չթանկացնել, կամ հնարավորին չափ քիչ թանկացնել հաճախորդ չկորցնելու համար. առանց մշտական հաճախորդների շատ դժվար կլինի»,- նշեց Գեղամը։
Գեղամը թեև չի սիրում այս աշխատանքը, բայց իրեն այլ բնագավառում չի պատկերացնում։ Ինքնուրույն է ստեղծել, և այս ամենին դժվարությամբ է հասել, այդ պատճառով էլ գործը թողնելու մասին չի էլ մտածում։ Ցանկությունը մեկն է՝ հնարավորին չափ զարգացնել բիզնեսը։ Նա գիտակցում է, որ խանութում հարկն ավելին թանկ կլինի, բայց պատրաստ է հաղթահարել դժվարությունները. չէ՞ որ սկսելիս էլ հեշտ չի եղել։
«Հիմա ցանկանում եմ շուկայի մոտակայքում որևէ խանութ կամ խանութում մի փոքր տարածք վերցնել իմ կաթնամթերքի համար: Շուկային մոտ եմ ուզում, որ գոնե մշտական հաճախորդներիս չկորցնեմ, հետո քիչ-քիչ լավ կլինի»։
Սիլվա Մալինցյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել