HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին:

Ինչպես հայտնում է կառավարության կայքը, վարչապետը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանին՝ համատեղ աշխատանքի համար, բարձր գնահատել նրա գործունեությունը և նշել, որ պարոն Զախարյանի գլխավորությամբ նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանք: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգում առկա են խնդիրներ, որոնց լուծման ճանապարհներն ու հիմքերը հաջողությամբ դրվել են: Վարչապետը նշել է, որ անցած երկու տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ, կյանքի են կոչվել կարևոր նախաձեռնություններ, նախարարությունն ակտիվ համագործակցել է Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լևոն Յոլյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ բոլոր աշխատանքներն ու ծրագրերն շարունակական և արդյունավետ կիրականացվեն: 
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կատարած աշխատանքի բարձր գնահատանքի համար և նշել, որ համակարգում անցած երկու տարիների ընթացքում իրականացվել են ծավալուն աշխատանքներ՝ ուղղված էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացմանն ու կայունացմանը:

Նրա խոսքով՝ լուրջ աշխատանքներ են տարվել նաև կորուստների կրճատման ուղղությամբ և ներկա դրությամբ համակարգում կորուստները կրճատվել են երկու տոկոսով: Այս ընթացքում մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Երվանդ Զախարյանը կարևորել է նաև էներգետիկ հաշվեկշռի պահպանման խնդիրը, որի համար ձևավորվել է նոր մեթոդաբանություն: Նրա տեղեկացմամբ՝ համակարգում վերջին 7 ամիսների կտրվածքով արձանագրվել է մոտ 3,5 միլիարդ դրամի դրական բալանս՝ նախկին մի քանի տարիների ընթացքում արձանագրված վնասի դիմաց, որը ձևավորվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում: Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում սկսվել են մի քանի լուրջ ծրագրեր, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, Հայաստան-Իրան բարձր լարման երրորդ գծի շինարարական աշխատանքները, իսկ առաջիկայում կհայտարարվի Հայաստան-Վրաստան բարձր լարման գծի շինարարության մրցույթը: Երվանդ Զախարյանը նշել է, որ այս բոլոր համակարգային աշխատանքներն իրականացվել են հանրապետության Նախագահի աջակցությամբ, գտնվել նրա ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ՀՀ վարչապետի ամենօրյա օժանդակությամբ: Երվանդ Զախարյանը շնորհավորել է նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին և վստահություն հայտնել, որ նրա փորձի ու նախարարության անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում բոլոր ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն և խնդիրները կլուծվեն: 

Իր հերթին, Լևոն Յոլյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ դա մեծ պատասխանատվություն է իր համար: Նորանշանակ նախարարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտները Հայաստանի համար ունեն ռազմավարական կարևորագույն նշանակություն և վստահություն հայտնել, որ ինքն ու նախարարության մասնագիտական մեծ ներուժ ունեցող աշխատակազմը կկատարեն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից իրենց առջև դրված խնդիրները: 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter