
Թանկարժեք մետաղների հանքանյութն ամրապնդել է դիրքերը ՀՀ արտահանման կազմում
2015 թվականին Հայաստանից մոտ 6,5 հազ. տոննա թանկարժեք մետաղների հանքանյութ (հանքաքար և խտահանք) է արտահանվել, որի մաքսային արժեքը կազմել է մոտ 31,6 մլն դոլար։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ Ֆինանսների նախարարությունից։
Սա երրորդ տարին է, ինչ Հայաստանից զգալի քանակությամբ թանկարժեք մետաղների հանքանյութ է արտահանվում։ Այն այժմ ընդգրկված է Հայաստանից արտահանված մաքսային ամենաբարձր արժեք ունեցող ապրանքների խմբում։ Մեծ քանակությամբ թանկարժեք մետաղների հանքանյութ Հայաստանն արտահանել է նաև 2012 և 2014 թվականներին։ 2005 թվականից հետո ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը փաստում է, որ բացի նշված երեք տարիներին, այն ցածր դիրք է ունեցել ՀՀ արտահանման ցանկում։ Բայց վերջին երկու տարում, փաստորեն, ամրապնդել է դիրքերը։
«Թանկարժեք մետաղ» եզրույթը, ըստ ՀՀ մաքսային ծառայության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի, նշանակում է արծաթ, ոսկի և պլատին (լուսնոսկի): Դրանց հանքանյութերը, որոնց մասին խոսում ենք հոդվածում, սովորաբար օգտագործվում են մետաղագործական արդյունաբերության մեջ։
2014 թվականի համեմատ արտահանված թանկարժեք մետաղների հանքանյութի ծավալն աճել է ավելի քան 680 տոննայով։ Բայց մաքսային արժեքը նվազել է 1,16 մլն դոլարով։ Դա նշանակում է, որ նախորդ տարի արտահանված հանքանյութի արժեքն ավելի ցածր է եղել, քան 2014-ին։
Տվյալները՝ ՀՀ մաքսային ծառայության
2011 և 2013 թվականներին արտահանման ծավալները չնչին են եղել ու զրոյական նշանակություն ունեցել։ Ենթադրաբար, դրանք որպես փորձանմուշ են արտահանվել։
Հայաստանից թանկարժեք մետաղի հանքանյութն առաքվում է հիմնականում Չինաստան, ոչ մեծ քանակությամբ նաև՝ Շվեյցարիա, Ճապոնիա, Մալայզիա: Չինաստանում թանկարժեք մետաղների շուկան զարգացած է և ունի մեծ պահանջարկ։
Ֆինանսների նախարարությունը, սակայն, չի հայտնում, թե որ ընկերությունը կամ ընկերություններն են Հայաստանից թանկարժեք մետաղի հանքանյութ արտահանում։ Դա հարկային գաղտնիք է համարվում։
Կախվածություն հանքահումքից
Թանկարժեք մետաղների հանքանյութի արտահանման ծավալների վերջին երկու տարվա աճն ազդել է ՀՀ արտահանման ընդհանուր ցուցանիշում հանքահումքային արտադրանքի տեսակարար կշռի մեծ մնալուն։ Դա էլ իր հերթին մեծ է պահում հանքահումքից Հայաստանի տնտեսության կախվածությունը։ Թեև հարկավոր է նշել, որ այդ հարցում առավել կարևոր դեր ունեն պղինձը, ոսկին ու մոլիբդենը։ Դրանց արտահանումը դասակարգվում է առանձին ցուցանիշներով։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2015 թվականին Հայաստանից կատարված արտահանման կազմում հանքահումքային արտադրանքը զբաղեցրել է ավելի քան 31%-ը։ Համեմատության համար՝ 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 25%, 2013-ին՝ 27,5%-ը, 2012-ին՝ 29%-ը, 2011-ին՝ 30%-ը։
Նույն աղբյուրի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 1,487 մլրդ դրամի ապրանք, որից ավելի քան 462 մլն դրամը հանքահումքային արտադրանքն է։ Ստացվում է, որ թանկարժեք մետաղների հանքաքարը 2015 թվականին զբաղեցրել է Հայաստանի արտահանման 2,1%-ը, իսկ հանքահումքային ապրանքախմբի՝ 6,8%-ը։
Մեկնաբանել