HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Դարբինյանի հարցը կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը. ՊՆ

«Հետքը» գրել էր դիրքերում վիրավորված զինծառայող Նարեկ Դարբինյանի առողջական խնդիրների մասին: Պաշտանության նախարարությունն անդրադարձել է նախկին զինծառայողի խնդրին, որը ներկայացնում ենք ստորև.

«Նարեկ Սամվելի Դարբինյանը 29 սեպտեմբերի 2014թ.-ին վիրավորման կապակցությամբ ընդունվել է ՊԲ մարտունու առանձին բժշկական ջոկատ: Նախնական վիրահատությունից հետո տեղափոխվել է ՊԲ ԿԶՀ և 30.09.2014թ-ին ուղարկվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ՝ «Համակցված ողնաշար-ողնուղեղային հրազենային, գնդակային վիրավորում՝ «Ձիու պոչի» նյարդարմատիկների վնասումով, էպի և սուբդուրալ հեմատոմայի առաջացումով: Աջակողմյան հետտրավմատիկ մոնոպարեզ: Կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում: Վերել հաստ աղու վնասումով, հետվորովայնամզային հեմատոմա» ախտորոշմամբ:

02.10.2014թ.-ին կատարվել է կրկնակի վիրահատություն: 22.10.2014թ-ին ՀՀ ՊՆ ԿՌԲՀ որոշմամբ ճանաչվել է «Ոչ պիտանի զինվորական ծառայության համար, հանելով հաշվառումից»:

Ն. Դարբինյանի բուժման և առողջության վերականգնողական հարցերը մշտապես գտնվել են ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության ներքո, որոնց ծախսերը հոգալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ ցուցաբերել է ֆինանսական աջակցություն:

04.11.2014թ-ից Ն. Դարբինյանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության կողմից ուղեգրվել է Հայկական կարմիր խաչի ընկերության հիվանդանոց 15-օրյա բուժման, որը երկարացվել է ևս 15 օրով, դրանից հետո, 2014թ.-ի պայմանագրի սպառման պատճառով, ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի միջնորդությամբ ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է ուղեգիր բուժման երկարացման համար:

Ներկայումս Ն. Դարբինյանի մոտ բուժման արդյունքներով առկա է վիճակի էական բարելավում, նա կարողանում է ինքնուրույն քայլել: Առկա են նաև կայուն մնացորդային երևույթներ՝ կոնքի օրգանների կողմից, որոնք պայմանավորված են նյարդարմատիկների հրազենային վնասվածքով, ինչը, ըստ ՀՀ ԶՈՒ առաջատար մասնագետների, վերականգնման ենթակա չեն:

Ն. Դարբինյանն արտերկրյա բուժման խնդրանքով 2015թ.-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին և ներկայացրել Գերմանիայում բուժման պայմանավորվածությունն ու անհրաժեշտ դրամական միջոցները: Նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի կողմից, Ն. Դարբինյանի և վերջինիս մոր ներկայությամբ կապ է հաստատվել իրենց կողմից առաջարկվող արտերկրյա հաստատության հետ, որի արդյունքում պարզվել է, որ նշված կազմակերպությունը հանդիսանում է միջնորդ-խորհրդատվական կազմակերպություն, որն անմիջական պատասխանատվություն չի կրում բուժման արդյունքների համար: Հիվանդի վիճակի ներկայացումից հետո, նշված խորհրդատվական կազմակերպությունն առաջարկել է միայն վերականգնողական բուժօգնություն, որը կարելի է կազմակերպել նաև ՀՀ տարածքում գործող մասնագիտացված կազմակերպությունում: ՀՀ ԶՈՒ ՌԲ վարչության պետի տեղակալի կողմից Ն. Դարբինյանին առաջարկվել է ներկայացնել այլ հաստատություն, որը կերաշխավորի բուժման թեկուզ դրական տեղաշարժով արդյունք, ինչի վերաբերյալ մինչ այսօր Ն. Դարբինյանի կողմից առաջարկություն չի ներկայացվել:

Միաժամանակ ՀՀ ԶՈՒ ՌԲ վարչության կողմից իրականացվել են աշխատանքներ, մասնագիտացված բուժօգնություն մատուցող արտերկրյա կազմակերպությունների ծառայությունների ցանկում Ն. Դարբինյանի վիրավորման բնույթին համապատասխան ծառայություններ գտնելու ուղղությամբ և մինչ օրս որևէ կազմակերպություն բուժման-առողջացման արդյունքների վերաբերյալ երաշխիքներ չի տվել: Առավելագույն առաջարկներ են եղել միայն վերականգնողական բուժօգնության կազմակերպման վերաբերյալ, ինչը հնարավոր է կազմակերպել նաև ՀՀ բժշկական հաստատություններում:

Հայտնում ենք նաև, որ «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության մշտապես գործող սոցիալական կոմիտեի նիստում, առաջարկվել է որոշման նախագծում լրացնել այն վնասվածքների և հիվանդությունների ցանկը, որոնց բուժումը չի իրականացվում Հայաստանի Հանրապետությունում և կարող է իրականացվել օտարերկրյա պետություններում: Ներկայումս նշված ցանկը լրամշակվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ և ներկայացվել կառավարություն: Գտնվում է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ քննարկման փուլում: Համաձայն որոշման նախագծի՝ բուժման ուղեգրման անհրաժեշտության որոշումը և հիմնավորումը վերապահվելու է միջգերատեսչական հանձնաժողովին, որի կազմում ընդգրկվելու են ՀՀ ԱՆ առաջատար մասնագետները և համապատասխան գերատեսչությունների այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո Ն. Դարբինյանի հարցը կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը»,- գրված է ՊՆ պատասխանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter