HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին՝ Հայաստանում Եգիպտոսի դեսպան նշանակվելու առթիվ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների փոխհարաբերություններն ակտիվ զարգանում են, և առկա է մեծ ներուժ՝ հայ-եգիպտական կապերը սերտացնելու և ընդլայնելու համար: 

Դեսպան Մաաթին նշել է, որ պատվով է ստանձնում Հայաստանի և Եգիպտոսի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նա վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Եգիպտոսի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: 

Անդրադառնալով հայ-եգիպտական փոխգործակցության խորացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցերը, քաղաքական ակտիվ երկխոսությունը, միջկառավարական և միջխորհրդարանական ձևաչափերով հաճախակի շփումներն ու փոխգործակցությունը: Երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում վարչապետը և Եգիպտոսի դեսպանն ընդգծել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը և քննարկել ընթացիկ տարում հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը վերաբերող մանրամասներ: 

Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում դեսպան Մաաթին իր նպաստը կբերի երկու երկրների միջև համագործակցության առավել զարգացմանն ու ընդլայնմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter