HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում հողատերերը հրաժարվել են 862 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից

Գայանե Սարգսյան

Վերջին մեկ տարվա ընթացքում Լոռու մարզում 862 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ դարձել են համայնքային սեփականություն: Մարզի տարբեր տարածաշրջաններում հողօգտագործողներն իրենց սեփականությունը հանդիսացող հողատարածքներից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել գյուղապետերին:

Այս մասին բարձրաձայնեց Լոռու մարզպետարանի հողաշինության ու հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Արտակ Օհանյանը տարեսկզբին մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Բարձրաձայնելու պատճառն էլ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացված հարցումն էր:

«Նախարարությունից պարզաբանում էին ուզել, թե ի՞նչ պատճառով են համայնքային հողերը ավելացել, ինչին պատասխանեցինք, որ համայնքային հողերի ավելացումը տեղի է ունեցել ի հաշիվ քաղաքացիների սեփականաշնորհած հողերից  կամովին հրաժարվելու՝  հողային օրենսգրքի 101 հոդվածի համաձայն»,- ավելի ուշ «Հետքի»  հետ զրույցում նշեց Ա. Օհանյանը:

 Անդրադառնալով հողատարածքներից հրաժարումների բարձր ցուցանիշին, բաժնի պետն ասում է.

«Չէի ասի, որ սրանք հենց այս տարվա հրաժարվածներն են: Տարիների ընթացքում   կուտակված  հրաժարվածներ ունեինք, որոնց հողերն այս տարվա ընթացքում  են ստացել պետական գրանցում: Այսինքն՝ հնարավոր է  2007թ.-ից հրաժարված լինեն, բայց նոր գրանցված լինեն որպես համայնքային սեփականություն»:

Վերջինիս խոսքով` տարիներ շարունակ համայնքներն իրենց բյուջեներից ծախսեր չեն նախատեսել այդ հողերի  պետական գրանցումն իրականացնելու համար, պատճառաբանելով, որ այդ գործընթացը ծախսատար է:

 «Նախկինում պետական գրանցման վճարն 8.000 դրամ էր,  հիմա 3000 դրամ է, և համայնքերն սկսել են համայնքի բյուջեի հնարավորությւնների սահմաններում  էտապ-էտապ գրանցել հողերը»,- նշում է նա` հավելելով, որ գործընթացի ակտիվացմանը նպաստել է նաև համայնքների հողի բազաներում շտկումներ կատարելու անհրաժեշտությունը:

Ա. Օհանյանն առաջ է քաշում  գյուղացիների կողմից հողից հրաժարվելու մի քանի   պատճառ.

«Մարդը լավ օրից չի հրաժարվում հողից, չի կարողանում հողը մշակել, եկամուտ ստանալ, իսկ այդ հողի հարկը պարտադիր պետք է վճարի, այսինքն՝ դա բերում է նրան, որ ավելորդ ծախսերից խուսափելու համար մարդիկ հրաժարվում են հողից, որ այլևս հողի հարկ չվճարեն»:

 Սա նաև համայնքապետերի առաջ քաշած կարևորագույնն պատճառն է: Պատճառահետևանքային կապով սրան կապվող հաջորդ հիմնավորումը արտագնա աշխատանքն է.

«Հատկապես հեռավոր բնակավայրերում հողերի սեփականատերերը հիմնականում ծերերն են: Երիտասարդները բացակայում են գյուղից, մեկնում են արտագնա աշխատանքի ու հողը մշակելու համար մարդ չի մնում: Ու քանի որ հողի շուկան էլ ձևավորված չի, շուկա չկա, գնորդ չկա, որ մարդիկ իրենց հողը օտարեն, ստիպված հրաժարվում են»,- նշում է Ա. Օհանյանը:

 Ոչ պաշտոնական պատճառաբանությունների թվում ոլորտի պատասխանատուն ու գյուղապետերը բարձրաձայնում են ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար հողատարածքներից հրաժարվելու դեպքերի մասին:

 «Հողերը չեն մշակում, մասսայական հրաժարվում են «Փարոս» ստանալու համար»,- նշում է Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքի համայնքապետ Սերյոժա  Վարդանյանն ու հավելում, որ նպաստ ստանալու համար հրաժարվելու մասին գյուղացիներն իրեն բացահայտ չեն ասում, «ինքն է գլխի ընկնում»:

Լոռու մարզում հողատարածքներից հրաժարվելու  ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հենց Մեծանավում. մասնավոր սեփականությունից համայնքային սեփականություն է դարձել 142 հա վարելահող, 194 հա խոտհարք:

«Էդ գեշ կառույցը՝ «Փարոսը», որտեղի՞ց փայ եղավ Հայաստանով մեկ: Պիտի ով ինչքան երեխա ուներ, էդքան փայ տային: Եթե ինձ հարցնեին, ես ահագին փորձ ունեմ, էդպես կբաշխեի… Մարդիկ կարող է ավտո ունեն, իրենց վրա չեն ձևակերպում, նպաստ են ստանում, կամ լավ տուն ունեն, ուրիշի անունով են ձևակերպում՝ ստանում, հողից են հրաժարվում՝ ստանում»,- նեղսրտում է  գյուղապետը:

Ս. Վարդանյանի խոսքով`  գյուղում մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Գյուղացիները հողի հետ մեծ հույսեր չեն կապում, իսկ պատճառը նաև գյուղում գյուղտեխնիկայի բացակայությունն է.

«Գյուղում տեխնիկա էլ չկա, ձեռքով-մեռքով, հին տեխնիկայով ի՞նչ մշակեն: Էն վախտվա բերրիությունը չի էղնում,- նշում է գյուղապետն ու հիշում հին ու բարի սովետական ժամանակները,- սովետի օրոք ստացել ենք հեկտարը 6-7 տոննա ցորեն, կարտոֆիլ ենք ստացել 20-30 տոննա…»:  

Գյուղապետն ասում է, որ վերջին երեք տարիների ընթացքում հողատարածքներից հրաժարվել է շուրջ 300 տնտեսություն: Գյուղում բնակվում է 1476 տնտեսություն:   

Գյուղապետի վստահեցմամբ՝ հողի հարկի հաշվարկը դադարեցվում է բնակչի կողմից սեփականության վկայականն ու հրաժարվելու դիմումը գյուղապետարան ներկայացնելու պահից:

«Դիմումը գրեց,  էլ իրեն պարտք չենք համարում: Դիմումը գրում են, վկայականը բերում, մենք համապատասխան որոշում ենք կայացնում, ուղարկում կադաստր, որտեղ վերաձևակերպում են, նոր վկայականը գրում գյուղապետարանի վրա, ամեն հողակտորի համար 3.000 դրամ եմ մուծում»,- մասնավորից համայնքային սեփականություն դարձնելու ընթացակարգն է պարզաբանում Ս. Վարդանյանը:   

 Ի դեպ, հողերից հրաժարվողների առյուծի բաժինն ընկնում է  հենց Տաշիրի տարածաշրջանի համայնքներին: Ընդ որում, հրաժարումների դեպքեր կան ոչ միայն գյուղական, այլև քաղաքային համայնքներում:

Հրաժարումների բարձր ցուցանիշ է գրանցվել հետևյալ համայնքներում. Բլագոդարնոյե` 83 հա խոտհարք, 12 հա վարելահող, Դաշտադեմ՝ 139 հա խոտհարք, Պրիվոլնոյե՝ 66 հա խոտհարք, 2 հա վարելահող, Սարչապետ՝ 39 հա վարելահող, 37 հա խոտհարք, Տաշիր՝ 22 հա վարելահող, 8 հա խոտհարք…

Հողից հրաժարվելու դեպքեր են գրանցվել նաև Սպիտակում, Արջուտում, Շահումյանում, Գուգարքում, Ազնվաձորում, Սարատովկայում:

Վանաձորին կից Գուգարք համայնքում շուրջ 30 հա հողից հրաժարվողների թվում նաև տնամերձից հրաժարվածներ կան:

«Ժողովուրդը չի մշակում, անջրդի հողեր են, ջրովի չեն մեր հողերը, չեն կարողանում մշակել»,- ասում է Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը:

Վերջինս նշում է, որ եթե ավագ սերունդը տարիներ առաջ հող էր մշակում, ապա այսօրվա սերունդը չի ցանկանում հողագործությամբ զբաղվել:

«Նոր սերունդը չի մշակում, ջահելներն ուսանող են, ջահելները ծառայում են, Երևան են գնում, դուրս են գնում»,- նշում է գյուղապետը:

Վերջինս ասում է, որ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում փորձել է բնակիչների կողմից հրաժարված հողատարածքներն աստիճանաբար դարձնել համայնքային: Ասում է՝ տարիների ընթացքում ինչքան հնարավորություն ենք ունեցել, մաքրել են, այդ ծախսերը վերցնելով համայնքի վրա:

 Ինչպե՞ս է կարգավորվում հողից հրաժարված բնակչի հողի հարկի հաշվակը մինչ այն համայնքային գրանցում կստանա: Այս հարցին համայնքապետը պատասխանում է.

«Դե, ում կարում ենք, ում համոզում ենք, բերում են մի բան մուծում, ում չէ, տվյալները որ կադաստրից գալիս են, համակարգիչն ինքն իրեն մաքրում է»:

Հողերից հարաժարումների հետևանքով այդ համայնքների բյուջեների մուտքերը, բնականաբար, նվազել են: Համայնքապետերի խոսքով` դա էականորեն ազդել է իրականացվելիք աշխատանքների ծավալի վրա:

«Մոտ 6 մլնով նվազել է մեր մուտքերը:Մանկապատեզ, կուլտուրայի տուն, երգի պարի անսամբլ, կարատեի խմբակ ունենք: Այդ գումարով մի գործ կանեինք: Ահագին գումար ա, բայց որ չեն մշակում ու հողի հարկը չեն տալիս, դա արդեն իմ վրա, գյուղի վրա է մինուս գալիս»,- ասում է  Մեծավանի գյուղապետը:

Վերջինիս խոսքով` ամեն գարնանն ու աշնանը համայնքային սեփականություն դարձած հողատարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին հայտարարություններ են տարածում, ցանկացողներ , սակայն չկան:

«Էն ա  վատ, որ մի տարածքից չեն հրաժարվում, այլ մեկումեջ: 3.000, 2.000, 1.500 մետրով հրաժարվում են, իրա կողքը ազատ չի: Որ մասսայական մի կողմում լինի, կարող ա Երևանից, Արտաշատից, Աշտարակից գան, էդ հողերը մշակեն: Էդքան փոքրերի համար  չեն գալիս: Օրինակ, Միխայլովկայում կամ ուրիշ գյուղերում մեծ տարածքներն եկել, օգտագործում են ուրիշ համայնքներից»,- ասում է գյուղապետը:

Հատկապես գյուղերում սեփական հողը համայնքային հանձնելը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անընդունելի է համարում:

«Գյուղական համայնքներում դա միակ սեփականության վկայականն է, որ մարդը պետք է փոխանցի իր երեխեքին: Լավ, դա էլ տարավ հանձնեց համայնքին, բա վաղը մյուս օրը երեխան  մեծանա, չպետք է ասի գյուղում ապրում ենք, սեփական հող էլ չունենք: Բա գյուղում ապրելու իմաստը ո՞րն է: Հայ մարդն իրավունք չունի հողի վկայական տանի հանձնի համայնքին, այն էլ այն դեպքում որ հողի տարեկան հարկը կարող է լինել միջինն ընդամենը 10.000 դրամ»,- ասում է  մարզպետը:

Չնայած հողից հրաժարումների պատճառների մասին համայնքապետերի հիմնավորումներին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հրաժարումների մեծ թիվը կասկածելի է  թվում: Նախորդ հաշվետու տարում գրանցված 32.9 հա հրաժարումների համեմատ  այս տարվա 869 հա-ն մտածելու տեղիք է տալիս:

«Մենք այստեղ մի կարեւոր խնդիր ունենք: Որ անցել է համայնքային սեփականություն, այդ մարդն էլ հողի հարկ չի վճարում համայնքին, բայց ես վստահ չեմ, մարդն այդ հողն օգտագործո՞ւմ է նորից, թե չէ: Չի բացառվում, որ եթե մի փոքր ավելի հետւեողական լինենք ու համայնքներում գնանք ուսումնասիրություններ կատարենք, այլ բան պարզվի… Ուղղակի մարդը հողը հանձնել է համայնքին, հողի հարկ տարվա ընթացքում ընդհանրապես չի վճարում,  բայց համոզված եմ, որ այդ հողը ինքը նույն տեմպով օգտագործում է,- նշում է մարզի ղեկավարն ու հավելում,- եթե համայնքի ղեկավարը սրտացավ չի համայնքի բյուջեի համար, գոնե մենք պետք է հետեւողական աշխատենք»:

Հողերից հրաժարվելու հետ կապված հարցերը պարզաբանելու համար Լոռու մարզպետը հողաշինության բաժնի պետին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել մարզի մի քանի համայնքներում:

«Տեսեք որ համայնքներից են հողը համատարած հանձնել որպես համայնքի սեփականություն ու գնանք այդ համայնքներից մի քանիսում ուսումնասիրություն կատարենք: Կոնկրետ հանձնված հողերի կոդերով գնանք ու տեսնեք այդ հողն օգտագործվում է, թե ոչ:Գարնանը դա պարզ կերեւա: Եթե պարզվի, որ օգտագործվում է, այդ համայնքի ղեկավարին էլ, հողօգտագործողին էլ կարելի է շատ խիստ վարչական տուգանքների ենթարկել»,- ասում է Ա. Նալբանդյանը:

Արտակ Օհանյանի տեղեկացմամբ՝ մարզպետի հանձնարարականը բաժինը կիրագործի համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներն սկսվելուն պես: Ապօրինի հողօգտագործման դեպքեր հայտնաբերելու դեպքում համայնքապետերը կենթարկվեն վարչական պատասխանատվության:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter