
ՊԵԿ-ի նոր ղեկավարին ամեն տարի նվիրում են հազարավոր դոլարներ
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով քիչ առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հովհաննես Հովսեփյանը նախագահական նստավայրի ամենահարուստ պաշտոնյաներից է: Հարստության զգալի մասը, ինչպես ցույց են տալիս Հ. Հովսեփյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը, կուտակվել է տարբեր նվիրատվություններից:
Նվիրատվություններից բացի նա ունի նաև այլ եկամուտներ: Օրինակ` 2011-2015 թվականներին տրված փոխառության դիմաց նա ամեն տարի ստացել է տոկոսագումարներ` 100 հազար դոլարի չափով:
Հ. Հովսեփյանի դրամական միջոցներն էլ «համեստ» չեն: 2015թ. նրա հաշվին եղել է 185 մլն դրամ և 1 մլն 855 հազար դոլար:
Հովհաննես Հովսեփյանը նախորդ տարի գնել է նաև թանկարժեք գույք: «RANGE ROVER 5.0» մակնիշի ավտոմեքենան ձեռք է բերել 120 հազար դոլարով: 30 մլն դրամով «RANGE ROVER 2.5 TD» մակնիշի ավտոմեքենա գնել էր նաև 2011թ., իսկ նույն տարում «RANGE ROVER»-ը վաճառել 16,5 մլն դրամով:
Պարզվում է` Հ. Հովսեփյանը հետաքրքրված է նաև նկարներով: 2015թ-ին նա գնել է 2 հատ նկար` 5000 դոլար արժողությամբ, 2014թ.` 3 նկար, որոնց համար վճարել է 32 հազար դոլար, իսկ 2013թ.` 5 հատ նկար` ընդհանուր 70 հազար դոլար արժողությամբ:
2015թ. նախագահի վերահսկողական ծառայության արդեն նախկին պետը վաճառել է իր երկու ավտոմեքենաները: «MERCEDES-BENZ S 500» մակնիշի ավտոմեքենան օտարել է 150 հազար դոլարով, իսկ «RANGE ROVER 5.0» ավտոմեքենան` 100 հազար դոլարով:
Այնպես չէ, որ Հովհաննես Հովսեփյանը միայն նկարներ ու ավտոմեքենա է գնում: Նա 2011թ. 110 մլն դրամով գնել է անշարժ գույք, իսկ 2012թ. մոտ 124 մլն դրամով վաճառել է հողակտոր:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել