
Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը հավանության է արժանացել
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Կառավարությունը հրապարակել է Դավիթ Հարությունյանի ելույթից հատված: «Փետրվարի 10-ին ՀՀ Նախագահն իր կարգադրությամբ սահմանեց այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է մշակվեն այն օրենքների նախագծերը, որոնք բխում են Սահմանադրությունից: Այս փաթեթի համար ժամկետ էր սահմանվել մարտի 1-ը, ինչը նշանակում էր, որ մենք ունեինք ընդամենը 13 աշխատանքային օր՝ մշակելու այս փաթեթը: Մենք մշակել ենք այն, ճիշտ է, քանի որ մարտի 1-ին կառավարության նիստ չի եղել և նպատակահարմար չէր գումարել արտահերթ նիստ, այն ներկայացնում ենք այսօր: Պետք է նշեմ, որ շատ լարված է աշխատել աշխատանքային խումբը, և մենք ունեինք երկընտրանք, երբ նախագահը ժամկետները սահմանում էր: Առաջին՝ հիմնական ժամանակը քննարկումների համար տրամադրել հենց կառավարությանը, որպեսզի կառավարությունը կազմակերպի ակտիվ քաղաքական քննարկումներ և ձևավորի վերջնականին մոտ փաթեթը՝ նախքան Ազգային ժողով ուղարկելը, և երկրորդ տարբերակը՝ հիմնական շեշտադրումը կատարել Ազգային ժողովում քաղաքական քննարկումների համար: Եվ ես կարծում եմ՝ այս ամենը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սահմանադրությունն ինքնին նախատեսել է վերջնաժամկետ այս փաթեթի ընդունման համար՝ 2016թ. հունիսի 1-ը: Կարծում եմ՝ որոշումը շատ ճիշտ էր կայացված, որ այս նախագծի հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ՝ մի այնպիսի մարմին, որտեղ քաղաքական ողջ ներկապնակն է ներկայացված, այլ ոչ թե կառավարություն: Եվ այդ իսկ պատճառով է կառավարությանը սահմանվել այդքան սեղմ ժամկետ և արդեն, ինչպես նշեցի, քննարկումների հիմնական բեռը տեղափոխել Ազգային ժողով: Այսպիսով, եթե այսօր մենք հավանության արժանացնենք այս փաթեթըը, կազդարարենք այս փաթեթի հանրային քննարկումների սկիզբը, որոնք տեղի կունենան ԱԺ-ում, բնականաբար, կառավարության և այս նախագծերի փաթեթը մշակած աշխատանքային խմբի ակտիվ ներգրավմամբ:
Մեկ անգամ ևս նշեմ. սա ընդամենը հենք է, որը հնարավորություն է տալիս սկսել հանրային քննարկումները: Մեր կարծիքով՝ բավարար հենք է: Իհարկե, պետք է նշեմ, որ ներկայացվող նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծից, բայց, բնականաբար, հաշվի առնելով ժամկետի սղությունը, որ հունիսի 1-ին պետք է այս նախագիծն ընդունված լինի, մենք կարծում ենք, որ այս աշխատանքները պետք է իրականացնենք զուգահեռ: Մարտի կեսերին սպասվում է փորձագետների առաջին այցը և, բնականաբար, նրանց կներկայացնենք, թե ինչ փոփոխություններ ենք կատարել նախագիծն իրենց ուղարկելուց հետո: Ես կարծում եմ՝ մենք կկատարենք նաև մեր աշխատանքի երկրորդ մասը՝ անընդհատ զուգահեռ աշխատելով և ներկայացնելով հանրությանը: Այս պահից սկսած մենք հանրությանը ներկայացնելու ենք ոչ միայն նախագիծը, այլև համեմատական տեսքով աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները»,- մասնավորապես, նշել է Դավիթ Հարությունյանը:
Նա վստահեցրել է նաև, որ չի լինելու որևէ առաջարկություն, որն ուշադրության չի արժանանալու:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որոնց` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016թ. հունիսի 1-ից:
Համաձայն կառավարության հաղորդագրության` ընտրական նոր օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ամփոփման փուլերում: Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները: Ներկայացված նախագծում իրացվել են նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ:
Մեկնաբանել