HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Eye Care Plus հավելվածը մասնակցել է Շվեյցարիայում կայացած մրցույթին

Շվեյցարիայի Լոզան քաղաքում քիչ առաջ ավարտվել է ստարտափերի Seedstars մրցույթը: Տարվա լավագույն ստարտափ է ճանաչվել հարավաֆրիկյան Giraffe-ը, որը գործատուների համար աշխատակիցներ որոնելու հարթակ է, և նախատեսված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործազրկությունը կրճատելու համար: Giraffe-ն արժանացել է գլխավոր մրցանակին՝ 500 հազար դոլար ներդրմանը:

Seedstars-ը վենչուրային հիմնադրամ է, որի նպատակն է բացահայտել զարգացող շուկաների «սերմնային փուլում» գտնվող ստարտափերին: Այն կապ է ստեղծում այդ ստարտափերի և ցանցի ներդրողների միջև: Մրցույթին մասնակցում էին 55-ից ավելի ստարտափեր Միջին Արևելքից և Հյուսիսային Աֆիկայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որոնք ներկայացնում էին առողջապահության, գյուղատնտեսության, էներգիայի, կրթության և այլ բնագավառներ: Հաղթողները, ինչպես «Հետք»-ին տեղեկացրել էր Seedstars World-ի տարածաշրջանային մենեջեր Իգոր Օվչարենկոն, կիսելու էին 1 մլն դոլար ֆոնդը:

«Հիմնական նպատակը զարգացող շուկաներում էկոհամակարգը զարգացնելն է, նորարարություն բերելը և կամուրջներ կառուցելը մեր ցանցի ներդրողների և զարգացող շուկաների այն մարդկանց միջև, ովքեր պակաս հասանելիություն ունեն կապիտալին»,- նշել էր ընկերության ներկայացուցիչը:

Seedstars World-ից բացի 500 հազար դոլարի ներդրում էր նախատեսել Lastminute.com խումբը՝ ճանապարհորդական ստարտափի համար: Այդ մրցանակին արժանացավ ուկրաինական TRIPMYDREAM-ը, որը թռիչքների և հյուրանոցների որոնման համակարգ է:

Հայաստանից մրցույթին մասնակցում է Eye Care Plus ստարտափը, որը տեսողության ստուգման և լավացման անվճար հավելված է՝ ստեղծված 2013թ-ի ապրիլին, Սորսիո ընկերության կողմից: Հավելվածը նախատեսված է թեստերի միջոցով տեսողությունը ստուգելու և հնարավոր խնդիրները պարզելու, ըստ այդ արդյունքների՝ կանոնավոր վարժություններ կատարելու, ինչպես նաև օգտատերերին աչքի առողջության մասին նյութերի հետ ծանոթացնելու համար:

Հավելվածը հասանելի է Անդրոիդ օպերացիոն համակարգի համար և Google Play-ում գրանցել է 2.5 մլն ընդհանուր ներբեռնում: Հավելվածի համահիմնադիրներ Արամ Մխիթարյանը և Պավել Սնխչյանը, ովքեր Լոզանում են, նշում են, որ առաջիկայում պատրաստվում են հավելվածը հասանելի դարձնել նաև iOS համակարգի համար: Eye Care Plus-ի ներկայացուցիչները նշում են, որ եթե հավելվածը ստանար ֆինանսավորում, իրենք այդ գումարը կուղղեին համակարգի լավացմանը, նորանոր ֆունկցիաների ավելացմանը, ինչպես նաև iOS համակարգում ներկայանալուն:

«Մրցույթը հնարավորություն է տալիս ցուցադրել հավելվածը պոտենցիալ ներդրողներին, ինչպես նաև ունենալ օգտակար շփում մենտորների և այլազգի ստարտափ ներկայացուցիչների հետ, փոխանակել գաղափարներ»,- նշում է Պավել Սնխչյանը:

ձախից՝ Eye Care Plus-ի համահիմնադիրներ Արամ Մխիթարյանը և Պավել Սնխչյանը Seedstars մրցույթին

Seedstars մրցույթին ներկայացված 55 ստարտափերը ընտրվել են 3000-ից ավելի դիմորդներից, որոնց ընկերության ներկայացուցիչները առանձնացրել են 2015թ-ի ընթացքում՝ 54 երկրներում կայացած մրցույթների արդյունքում: Երևանում մրցույթը կայացել է մայիսի 28-ին: Seedstars Yerevan-ին ներկայացել են 12 ստարտափեր, որոնցից Seedstars World համաժողովին և մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվել Eye Care Plus-ին:

Seedstars մրցույթը առաջին անգամ անցկացվել է 2013թ-ին՝ ներառելով 20 երկրներ: Երևանում կայացած առաջին մրցույթին 2014թ-ին հաղթող է ճանաչվել SoloLearn-ը, որն այնուհետև հայտնվել է Seedstars World-ի եզրափակիչում:

2017թ-ին նախատեսվում է մրցույթին մասնակից ընկերությունների թիվը հասցնել 70-ի: Հայաստանում Seedstars World-ի գործընկեր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը նշում է, որ 2016թ-ի հունիսին Երևանում կայանալիք ազգային ընտրական մրցույթին ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ֆինանսական տեխնոլոգիայի (fintech), ճանապարհորդության, առողջապահության ոլորտի ստարտափներին: «Առավելություններ ունենալու են այն ստարտափները, ովքեր կունենան որոշ առումով պատրաստի նախատիպեր, ովքեր հստակ պատկերացնում են, թե ինչ խնդիր են ուզում լուծել կամ ինչ բաց են ուզում լրացնել, ինչ թիրախային շուկայի համար, ինչ զարգացման միտումներ ու տենդենցներ ունի այդ շուկան, պատկերացնում են իրենց պլանները և կարող են արագ ադապտացվել փոփոխվող միջավայրին»,- ասում է Արտաշես Վարդանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter