HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Բջջային հեռախոսների «մեսիջը»

Վերջերս Հայաստանում Ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերության զարգացման մասին գրեթե չի խոսվում։

Ի՞նչն է փոխվել ` այս ոլորտում Հայաստանի ունեցած «մեծ ներո՞ւժն» է պակասել, զարգացման տեմպե՞րն են նվազել, թե, ընդհակառակը, աչքի առաջ են այնպիսի ակնառու նվաճումներ, որ խոսքերն այլեւս ավելորդ են։ Իսկ գուցե այսօր մեկնաբանության կարիք ունի այդ լռությո՞ւնը։

Ինչեւէ, կարելի է առանց լուրջ վերապահումների պնդել, որ վերջին տարիներին Հայաստանում Ինտերնետի մատչելիության աստիճանի եւ գործածության ձեւերի մեջ շոշափելի փոփոխություններ չեն կատարվել։ Սրա համար չկան տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական կամ այլ հիմքեր։ Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) միջոցով տնտեսության ինչ-որ ճյուղերի արդիականացման կամ բիզնեսի տարբեր ձեւերում Ինտերնետի արդյունավետ օգտագործման ցայտուն օրինակներ չկան, հաղորդակցության ենթակառույցի արդիականացումը ընթանում է դանդաղ, ցանցում հայերեն լեզվով բովանդակության տեխնոլոգիական աջակցությունը մնում է խիստ ցածր մակարդակի վրա, խոսք չկա նաեւ ինչ-ինչ ծառայությունների առաջարկի եւ պահանջարկի շոշափելի մեծացման մասին։ Ցավոք, եւ այս փաստը իր էական ազդեցությունը կունենա Հայաստանի հասարակության եւ տնտեսության ձեւավորման հետագա ընթացքի վրա, խիստ ձեւական եւ մակերեսային մակարդակի վրա մնաց ՏՀՏ-ի ներդրումը կրթության համակարգ. համակարգիչը եւ Ինտերնետը այդպես էլ կրթական գործընթացների մաս չդարձան։ Թվում է` Ինտերնետը աստիճանաբար դուրս է մղվում տնտեսական, կրթական եւ այլ առաջնահերթությունների ցանկից։

Մյուս կողմից ` իմ անձնական տպավորությունն այն է, որ ինտերնետ-սրճարանների այցելուների մեջ մեծ թիվ են կազ մ ում անչափահասները եւ պատանիները, որոնք շատ ժամանակ են անցկացնում հատկապես համակարգչային խաղերի միջավայրում։ Չեմ փորձում ապացուցել, որ համակարգչային խաղերով տարվելը վատ է, իսկ որոշակի միտումների մասին խոսելու համար պետք է ունենալ վիճակագրական տվյալներ։ Իհարկե, իշխանությունների կողմից էլեկտրոնային մեդիայի վերահսկողության խստացումը որոշ աշխուժություն մտցրեց Ինտերնետում . հայտնվեցին բազմաթիվ նոր տեղեկատվամիջոցներ, այդ թվում ` բլոգեր։ Բայց ՏՀՏ-ի ոլորտի վերջին տարիների հիմնական փոփոխությունը բջջային հեռախոսների տարածման բուռն ընթացքն է։ Բջջային հեռախոսային կապի ազատականացումը եւ «ՎիվաՍել»-ի գործունեությունը զգալիորեն փոխեցին Հայաստանի հաղորդակցական դաշտի պատկերը։ Երկու օպերատորների` «ԱրմենՏել»-ի եւ «ՎիվաՍել»-ի գովազդային մրցակցությունը մղվում է եւ՛ տեղեկատվամիջոցներում, եւ՛ փողոցներում (արտաքին գովազդ)։ Գուցե պետք է ուրախանալ. բջջային հեռախոսը դարձել է համեմատաբար մատչելի եւ տարածված։ Թեեւ չեմ կարող ասել` անհրաժեշտ։ Կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ այն կմնա արտաքին հարդարանքի տարր, ավելի հաճախ` պրեստիժային, քան գործնական մի բան։ Թերեւս, այն ավելի շատ մարմնացնում է այնպիսի բնութագրական սոցիալական հատկություններ, ինչպիսիք են ոչ գործնականությունը եւ անպարտաճանաչությունը, զրույցի ոչ պարտադիր բնույթը` դրանց տալով հաղորդակցական նոր եղանակ, հաղորդելով տեխնոլոգիական հմայք եւ փայլ։

Հայաստանում նոր տեխնոլոգիաների գաղափարաբանությունն այսօր առավելապես կապվում է հենց բջջայինների հետ։ Միջին հայաստանցին, որին ավելի շքեղ բաներ մատչելի չեն, հենց բջջայինի հետ է կապում ժամանակակիցը եւ մոդայիկը, հասարակայնորեն ցուցադրելի սպառողական ինչ-ինչ կարողությունների առկայությունը, ինքնության որոշակի պատկեր եւ սոցիալական կարգավիճակի հավաստման հնարավորությունը։

Տարիներ շարունակ խոսվում է համակարգչային տեխնոլոգիաների եւ ինտերնետային ծառայությունների ներքին շուկայի զարգացման անհրաժեշտության մասին։ Հատկանշական է, որ Հայաստանի պաշտոնյաներն այդ բանը «հասկացան» միայն վերջերս, երբ հայտարարվեց «Microsoft»-ի Հայաստան մտնելու մասին։ Ստացվում է, որ միայն անդրազգային այս հսկա՞ն կարող էր զարգացնել Հայաստանի ներքին շուկան։ Հարց է առաջանում` ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ այս ձեւով։

Նախ` Հայաստանի ներքին շուկայի զարգացման մասին պետք էր մտածել տարիներ առաջ, եւ այդ աշխատանքը պետք էր անել տեղական ձեռնարկությունների միջոցով` միաժամանակ զարգացնելով հետազոտական եւ տեխնոլոգիական մշակումների տեղական ուժերը։ Տարօրինակ չէ՞, որ ներքին կարողությունները գրեթե ամբողջովին ծառայեցվում են ծրագրային ապահովման արտահանման արդյունաբերությանը, իսկ ներքին շուկայի զարգացումը վստահվում է «Microsoft»-ին։

Երկրորդ` ՏՏ-ի ներքին շուկայի զարգացման մասին բարձրաձայն խոսվում է միայն այն ժամանակ, երբ բջջայինները հասցրել են գրավել սպառողների մի ստվար բանակ, արմատավորվել հասարակության մեջ։ Իսկ տեղական շուկայի` նոր տեխնոլոգիաներ յուրացնելու ունակությունները սահմանափակ են նյութական, կրթական, մշակութային, հոգեբանական եւ այլ առումներով։ Առավել եւս` երբ կան մրցակից տեխնոլոգիաներ։ Այս դեպքում այդպիսի մրցակիցներ են Ինտերնետը եւ բջջայինները։

Իրականում Ինտերնետի եւ բջջային հեռախոսների ոլորտները եւ դրանցում կատարվող փոփոխությունները սերտորեն կապված են։ Կարո՞ղ են բջջային հեռախոսները եւ Ինտերնետը խաղաղ գոյակցել կամ նույնիսկ նպաստել մեկը մյուսի տարածմանը։ Իհարկե, կարող են։ Իսկ կարո՞ղ է, ասենք, բջջայինների տարածումը խոչընդոտել Ինտերնետի տարածմանը։ Այո, սա նույնպես հնարավոր է։ Ամեն բան կախված է ընթացիկ հանգամանքներից։ Հայաստանում ստեղծված ներկա իրադրության մեջ ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը, եւ դա լիովին տեղավորվում է Հայաստանում վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումների ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Ակներեւ է, որ ի թիվս այլ գործոնների, այս հարցում վճռական դեր է խաղում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական շահը, որ «ՎիվաՍել»-ի ստեղծումը կապված է որոշակի մարդկանց անձնական բիզնեսի հետ։

Իմ տպավորությունն այն է, որ «ՎիվաՍել»-ի ստեղծման եւ բջջայինների տարածման հետ միասին պակասել է ընդհանուր հետաքրքրությունը Ինտերնետի նկատմամբ եւ հատկապես այն ծառայությունների, որոնք պահանջում են գրագիտություն եւ իրենց հերթին նպաստում օգտագործողի գրագիտության աճին։ Հայաստանում նոր մեդիայի երկու տեխնոլոգիաների ճակատագիրը հաստատում եւ շարունակում է երկրում առկա միտումը ` գրագիտության եւ գրական հայերենի օրինավիճակի անկումը, ժամանակակից կրթական համակարգի ստեղծման հավանականության նվազումը, սպառողականության տարածումը, հասարակության գավառականացումը եւ այլն։ Ակնհայտ է, օրինակ, որ բջջայինների տարածումը ծառայում է բարբառային եւ ժարգոնային լեզուների սոցիալական կարգավիճակի ամրապնդման առկա միտումներին։

Նոր տեխնոլոգիաների տարածման քաղաքականությունների մշակումը, նախապատվությունների հաստատումը, բնակչության շրջանում պահանջարկի ձեւավորումը, հատկապես կարեւոր ասպարեզներում դրանց գործածության խթանումը երկրի կառավարության պարտականություններն են, եւ այստեղ է, որ պետության կողմից հասարակական շահի գիտակցումը կարող է բախվել եւ հակադրվել մասնավոր ընկերությունների, մասնավոր անձանց շահերին։ Ցավոք, առայժմ Հայաստանում ավելի հաճախ հակառակն է պատահում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter