HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Դատարանը կրկին հանձնարարություն կատարեց»

«Դարձյալ ոչ թե իրավունքի գերակայությամբ առաջնորդվեցին, այլ հանձնարարություն կատարեցին»,- այսպես մեկնաբանեց կալանավորված Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը:

Մայիսի 24-ին դատարանը (նախագահող դատ.՝ Ա. Դանիելյան) մերժեց Արսենյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ Արզումանյանին երկու ամսով կալանելու մասին որոշման:

Փաստաբան Արսենյանը վերաքննիչ դատարանին խնդրել էր վերացնել Արզումանյանի դեմ կիրառվող խափանման միջոցը կամ էլ, գրավ կիրառելով կալանքի փոխարեն, Արզումանյանին ազատ թողնել:

«Նախաքննական մարմինը (ԱԱԾ քննչական վարչություն) միջնորդել է, որ Արզումանյանը, ազատության մեջ լինելով, կխոչընդոտի նախաքննությանը եւ կթաքնվի: Ես հայտարարեցի, որ, ի վերջո, այդ մարդը երրորդ հանրապետության ստեղծման պատմական անձնավորություններից մեկն է, եւ ոչ ոք իրավունք չունի նրան այս կերպ նվաստացնել: Արզումանյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից»,- ասում է Արսենյանն ու հավելում, որ ԱԱԾ-ն պարզապես ուզում է ցուցմունք կորզել նախկին արտգործնախարարից՝ ոտնահարելով վերջինիս իրավունքներն ու փորձելով ստորացնել նրան:

«Ես միանում եմ իմ պաշտպանյալի հայտարարությանը. սա քաղաքական պատվեր է: Իրավական հարթությունում հանցակազմ գոյություն չունի»,- համոզված է Հ. Արսենյանը:

Փաստաբանի կարծիքով՝ իշխանությունների այսպիսի գործելակերպը ուղղակիորեն կապված է հասարակական շարժման հետ. եթե շարժում չլինի, Արզումանյանին բաց կթողնեն:

Հ. Արսենյանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել նախաքննություն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությանը՝ համոզված լինելով, որ վարչությունն իր պաշտպանյալի մեղավորության վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չունի:

Մայիսի 25-ին կազմակերպված քննարկման ժամանակ Ա. Արզումանյանի կնոջ շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ կալանքի վերաբերյալ Արզումանյանի անունից դիմում կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter