HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմում ՀՀ Սահմանադրական դատարանին

Արտասահմանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն արտասահմանում ընտրելու ընտրական իրավունքից զրկելու մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանը արդեն քաջ տեղյակ է արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների բազմաթիվ բողոքների մասին, այդ թվում նաեւ Գերմանիայից ուղղված, Գերմանիայում բնակվող մի խումբ ՀՀ քաղաքացիների «ԲԱՑ ՆԱՄԱԿ»-ի մասին, որը 2007 թ. մայիսի 11-ին էլեկտրոնային փոստով ՍԴ-ին եւ բոլոր թերթերին ու ինտերնետային լրատվամիջոցներին է ուղարկվել:

Գերմանիայում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնող հանձնախումբը որոշեց հիմավորել իր բողոքը եւ պաշտոնական կարգով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` բացատրություն ստանալու իրենց քաղաքացիական իրավունքը անօրինական ձեւով արգելելու մասին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադության 30-րդ հոդվածը չի արգելում արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը, որտեղ պարզ նշված է.

«Հոդված 30. Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:

Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները:

Հոդված 30.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարման կարգը սահմանվում է օրենքով:

Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաեւ քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով»:

«Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:

Արտերկրում բնակվող քաղաքացին պարզ է, որ չի կարող մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին, բայց նա կարող է մասնակցել Ազգային ժողովի եւ նախագահական ընտրություններին: Եթե անգամ անօրինական չհամարենք ԱԺ-ի ընտրություններին առնչվող օրենսդրությունն ու հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն ՀՀ տարածքում, այս դեպքում եւս արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող էին ընտրություններին մասնակցել ՀՀ դեսպանատներում, քանի որ ՀՀ դեսպանատունը ՀՀ տարածք է համարվում: Փոփոխված օրենսդրության մեջ շեշտը դրված է երկքաղաքացիւթյուն ունեցողի, եւ ոչ թե ՀՀ քաղաքացու վրա: «Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում»:

Մեր բողոքը չի վերաբերում երկքաղաքացիների ընտրական իրավունքին, մեր բողոքը վերաբերում է հենց միայն ու միայն ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքին, ովքեր արտասահմանում ժամանկավոր են բնակվում կամ մշտական են ապրում եւ ունեն միայն ՀՀ քաղաքացիություն, ունեն ՀՀ վավերացված անձնագիր, հաշվառման են կանգնած տեղի ՀՀ դեսպանատներում, հաշվառման համար արել են պետական գանձումներ: Այս կարգավիճակը ունեցող ՀՀ քաղաքացուն ընտրելու հնարավորություն չտալը Սահմանադրության 30 հոդվածի կոպիտ խախտում է:

ՀՀ քաղաքացիները, ովքեր ՀՀ դեսպանատներում հաշվառման են կանգնած (ՀՀ դեսպանատունը` որպես ՀՀ պետական ու դիվանագիտական մարմին եւ տարածք) եւ ունեն միայն ՀՀ քաղաքացիություն, ընտրելու նույնպիսի իրավունք ունեն, ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացին:

Մենք չենք խոսում այն մասին, որ անգամ երկքաղաքացիություն ունեցող անձը նույնպես կարող է մասնակցել ընտրություններին: Հայաստանը` որպես ԵԽ-ի անդամ, զրկելով իր քաղաքացուն ընտրելու իրավունքից` խախտել է նաեւ ԵՄ եւ միջազգային օրենքները:

Նայելով Սահմանադրության հոդվածները եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները` առանց բարդության հասկանալի է, որ նոր օրենսդրությունը արգելել է երկքաղաքացիություն ունեցողի (չնայած` դա նույնպես հակաօրինական է), եւ ոչ թե ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը, որն ունի միայն ու միայն ՀՀ քաղաքացիություն եւ ՀՀ դեսպանատանը հաշվառման է կանգնած: Երկրորդ հակաօրինական քայլը, որ կատարվել է, այն է (եթե ընդունենք փոփոխված օրենքը), որ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների անունները հայտնվել են ընտրական ցուցակում (Հաշվառված ընտրողների ցուցակում): Նրանց անուններն այն ժամանակ կարող էին ընտրական ցուցակում ընդգրկվել, երբ նրանք Հայաստան մեկնեին, ներկանային համապատասխան մարմիններին եւ անձամբ լուծեին իրենց ընտրելու հարցը: Անօրինական է նաեւ ըստ ընտրացուցակի ներկայացնել 2 մլն-ից ավելի քվեարկող, բայց դրա համարյա 1/5-րդին քվերակությունից օրենքով զրկել: Մենք այդ ցուցակները ստուգել եւ պարզել ենք, որ արտասահմանում ժամանակավոր բնակվող եւ մշտական ապրող բոլոր ՀՀ քաղաքացիների անունները (անկախ նրանից` երկքաղաքացիություն ունե՞ն, թե ոչ) ընտրական ցուցակներում գրանցված են եղել: Մենք չենք խոսում այն մասին, որ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների` Հայաստանում գրանցված հասցեներով ընտրական ցուցակներում գրանցված են նաեւ անծանոթ մարդիկ:

Մենք պահանջում ենք ստուգել ընտրական ցուցակները եւ պարզել` արդյո՞ք այն քաղաքացիների փոխարեն, ովքեր Հայաստանում չեն ապրում, բայց դեռ գրանցված են Հայաստանում ու ընդգրկված են ընտրական ցուցակում, քվեարկություն տեղի ունեցել է, թե ոչ:

Մենք, Գերմանիայում բնակվող եւ ապրող երկքաղաքացիություն չունեցող ՀՀ քաղաքացիների անունից ԴԻՄՈՒՄ ենք ՀՀ Սահմանադրական Դատարան մեր ընտրական իրավունքի խախտման հարցով եւ ակնկալում ենք, որ ՍԴ-ն չեղյալ կհամարի կամ հավելյալ ընտրություններ կազմակերպելու որոշում կկայացնի արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների համար, քանի որ 400-ից մինչեւ 600 հազար ընտրելու իրավունք ունեցող արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացու ամենատարրական իրավունքը ոտնակոխ անելը սահմանադրական ամենակոպիտ խախտում է: Այլապես ստիպված կլինենք նույն բողոքով դիմել Եվրախորհուրդ եւ Եվրադատարան:

Գերմանիայում բնակվող ՀՀ Քաղաքացիների 
«ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ» Հանձնախումբ, 25 մայիսի 2007 թ., Գերմանիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter