Վահան Մարտիրոսյան. «Ամենամեծ օգնությունն արվեստին՝ չխանգարելն է»
Նաիրա Հայրապետյան
Մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) « 4 դաշնամուր» խորագրով համերգը. մենակատարներ՝ Գլորիա Կամպաներ (Իտալիա), Տրիստան Պֆաֆ (Ֆրանսիա), Ֆրանսուա- Գզավիե Պոազա (Շվեյցարիա) և Վահան Մարտիրոսյան (Հայաստան): Ծրագրում կհնչեն Բախի, Ռավելի, Պուլենկի ստեղծագործություններից: ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ասում է, որ յուրօրինակ համերգ է լինելու, քանի որ հրավիրված երաժիշտներն աշխարհում լավագույն դաշնակահարներից են: Բացի այդ, ծրագրում հնչելու են փոխադրումներ, որոնք նորություն են հայ հանդիսատեսի համար: ՀՊԿՆ-ին զուգահեռ՝ Վ. Մարտիրոսյանը պարբերաբար ղեկավարում է բազմաթիվ նվագախմբեր՝ Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ, Սևիլիայի «Real Orquestra Sinfonica Pays de Loire» ազգային, Չեխիայի մենակատարների կամերային, Պրահայի, Լիբանանի ֆիլհարմոնիկ, Կաննի, Թուլոնի օպերային, Նովոսիբիրսկի կամերային նվագախմբերը և այլն: 2016թ-ը, նրա բնորոշմամբ, հետաքրքիր և հարուստ համերգային շրջագայություններով լի տարի է լինելու ՀՊԿՆ-ի համար: Եվ քանի որ դաշնակահար է, երբեմն նվագախումբը ղեկավարում է՝ միաժամանակ նվագակցելով՝ դաշնամուրի առջև նստած:
Լեգենդար դիրիժոր Զուբին Մեթան, երբ անցած տարի Հայաստանում էր, դիրիժորի մասնագիտությունը բնորոշեց որպես միստիկ, կախարդական մի բան: «Մենք ոչնչի չենք դիպչում, չենք նվագում, պարզապես ղեկավարում ու կոորդինացնում ենք գաղափարը, որն արտահայտվում է հարյուրավոր երաժիշտների կատարմամբ»,- ասել էր աշխարհահռչակ դիրիժորը:
Ոմանք այն առանձին գիտություն են համարում, ոմանք՝ պարզապես կատարումը ղեկավարելու հմտություն: Կարծիքները կարող են այսպես ծայրահեղ տարբեր լինել և միգուցե այն պատճառով, որ այս երկու բևեռներում էլ հստակ է մի բան՝ ստեղծագործության մատուցման ողջ հմայքն ու ստվերումը կախված է օդում նկարվող այդ հրաշագործ շարժումներից:
Դիրիժորային գործի առանձնահատկության, այս տարվա ծրագրերի, հայաստանյան երաժշտական մթնոլորտի և մշակութային արժեքների հանդեպ ժամանակակից ընկալումների մասին ենք զրուցում ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, դաշնակահար Վահան Մարտիրոսյանի հետ:
- Ես հիմա առավելապես որպես դիրիժոր եմ ելույթ ունենում, քան մենակատար:- ասում է Վ. Մարտիրոսյանը,- Դաշնամուրային մասը իմ հիմնական գործունեության մեջ հիմա երևի մնացել է 5-10 տոկոս: Այս տարի որպես դաշնակահար Բուլղարիայում և երկու անհատական համերգով Ճապոնիայում հանդես կգամ: Ցավոք, ամբողջ այս ընթացքում ես անվերջ ճամփորդությունների մեջ եմ՝ ղեկավարելով տարբեր նվագախմբեր, որի պատճառով որպես դաշնակահար առավել քիչ եմ հանդես գալիս:
Ըստ նրա՝ նվագախմբի համար տարին հագեցած է լինելու, համենայն դեպս, այդպես է նախատեսված՝ համերգային շրջագայություններ տարբեր երկրներում և բազմաթիվ ծրագրեր Հայաստանում:
- Ամռանը սպասվում են հյուրախաղեր Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Գերմանիայում, հիմա դեռ կարգավորման ընթացքի մեջ են, կազմակերպչական աշխատանքներ են տարվում: Մի քանի փառատոների հետ մասնակցության, վարպետության դասերի պայմանավորվածություն ունենք: Համերգային շատ գեղեցիկ ծրագրեր ենք ունենալու Հայաստանում՝ հատուկ հյուրերի մասնակցությամբ: Մի խոսքով՝ տարին հագեցած է լինելու տարբեր հանդիպումներով:
Մշակութային կյանքը, ըստ Վ. Մարտիրոսյանի, լի է բազմաթիվ խնդիրներով, որոնք էլ հաճախ հանգեցնում են մեծ խոչընդոտների: Թեև ընդհանուր մթնոլորտից այնքան էլ գոհ չէ, այնուամենայնիվ, կարևոր է համարում պայքարելն ու հնարավորինս նպաստելը այդ խնդիրների լուծմանը: Երբեմն, ինչ խոսք, հիասթափությունն էլ է այցելում:
- Եթե խոսելու լինենք մշակութային քաղաքականության ինչպիսին լինելու կամ, առհասարակ, լինել-չլինելու մասին, ապա կարծում եմ՝ մեզ միշտ պետք է օգնեն՝ չխանգարելով: Ինձ համար, անձամբ, ինձ չխանգարելը կլինի ամենամեծ օգնությունը
Ն. Հ - Իսկ սովորաբար ինչպե՞ս են խանգարում:
- Ամեն վայրկյան բզելով… համերգների, հնարավորությունների, նվագախմբի առումով: Օրինակ, երբ որոշվում է նվագախմբի կազմում կրճատումներ կամ նորամուծություն անել՝ առանց դիրիժորի իմացության, որի պատճառով դիրիժորը, ստեղծագործական աշխատանքը թողած, ստիպված զբաղվում է այլ խնդիրներով: Կարծես արհեստականորեն ստեղծվում է իրավիճակ, որը կստիպի այստեղից թողնես-փախչես: Ես արդեն 20 տարուց ավել է, ինչ ապրում եմ Ֆրանսիայում, այդ երկրի քաղաքացի եմ, Կաննի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն եմ, բայց երբ աշխարհի տարբեր երկրներում համերգներ եմ ղեկավարում, ներկայանում եմ որպես հայ երաժիշտ: Բայց իմ անձնագիրը ֆրանսիական է, իմ գործունեությունը հիմնականում կապված է այդ երկրի հետ և այն գումարով, որը ես վաստակում եմ այստեղ, նույնիսկ երեք օր Ֆրանսիայում չեմ դիմանա:
– Մենք արդեն կարծես թե խոսում ենք մեր երաժշտական մթնոլորտի մասին: Այդ դեպքում ի՞նչն է Ձեզ այստեղ պահում:
- Իմ երաժիշտները, Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտներն են ինձ ամուր պահում: Նրանց հանդեպ ունեցած հավատն է ինձ ուժ տալիս մտածելու, որ իրավունք չունեմ լքելու իմ տեղը: Եթե ես էլ ամուր չմնամ, ի՞նչ է լինելու վաղը, Հայաստանը Արմենչի՞կ է դառնալու: Ես դեռ պայքարում եմ, որովհետև լավ գիտեմ մեր ազգի ստեղծելու կարողությունն ու ներուժը, ես լավ գիտեմ մեր մշակույթը, իսկակա՛ն արժեքները, ավանդականը: Եվ երբ մարդիկ թողնելով իրենց ոսկին ու ադամանդը՝ վազում են թուրքական պղնձի հետևից՝ ասելով սա մերն է, դա ինձ ամենաշատն է այսօր զայրացնում: Եթե մենք պահպանենք, զարգացնենք մեր արվեստը, ոչ թե ուրախանալով գողանանք հարևանի աղբը, մենք շատ ավելի հեռու կգնանք, քան այսօր ենք:
- Չե՞ք կարծում, որ նման իրավիճակի մեղավորներին կարելի է փնտրել նաև արվեստի տարբեր բնագավառների, այդ թվում՝ դասական երաժշտության արմենչիկների մեջ:
- Իհարկե, ինչ խոսք: Հեշտությամբ գնալ կոմերցիայի հետևից հաճախ է լինում, որովհետև էդպես ավելի հեշտ և դյուրամարս է: Այսպես կարող է լինել, երբ մարդը նախընտրում է հեշտ ապրելը, բայց նախ՝ դու պետք է ազնիվ լինես: Ազնիվ լինես քո և քո արվեստի հանդեպ, ոչ թե վաճառվող կամ վաճառական: Ես չեմ ընդունում արվեստում վաճառական լինելը: Մարդիկ կան՝ իրենց մարմինն են վաճառում, մարդիկ էլ կան՝ հոգին: Ես այս պարագայում մարմնավաճառներին ավելի եմ հարգում և ավելի կնախընտրեմ շփվել նրանց հետ, քան հոգեվաճառների: Բացի այդ՝ արվեստը երբեմն կարող է մտավոր շատ բարձր կարողությունների հետ կապ չունենալ. դու կարող ես լինել շատ լավ երաժիշտ, կատարող, բայց ինտելեկտուալ չլինել: Ամեն դեպքում, ինձ համար հոգին վաճառելուց ավելի վատ բան չկա:

- Իսկ ես կարծում էի, որ մաքուր երաժշտությունը կարող է պաշտպանել մարդուն նման գայթակղություններից:
-Չի՛ կարող: Չի կարող, որովհետև աշխարհում կան բաներ, որոնց դեմ անզոր է երաժշտությունն էլ: Ամեն ինչ դեպի պարզեցում է գնում: Ոչ միայն Հայաստանում է այդպես, այլև ողջ աշխարհում: Կարծես ամեն ինչ արվում է, որ մարդը ձգտի միջակությանը: Հիմա պետք չեն զարգացած ուղեղներ, այդպես հարցերն ավելի արագ են լուծվում: Մարդիկ սկսեցին ավելի հեշտ հետ գնալ դեպի այդ միջակությունը, երբ հատկապես օգտագործվեց հեռուստատեսությունը: Պատմության մեջ կան փուլեր, երբ արվեստը, գիտությունը սկսեցին զարգանալ ու մեծ մասշտաբով ծաղկում ապրել: Այդպես էր 17-18-19-րդ դարերում, և ինչքան մեծ գործեր ստեղծվեցին, լույսի դարեր էին դրանք: Իսկ այսօր հեռուստատեսության միջոցով ավելի հեշտ ու արագ է տարածվում դյուրամարս ինֆորմացիան՝ սերիալների, կլկլոցների շնորհիվ: Դիտեք և լսեք այս տեսակ բաներ, իսկ մենք այդ ընթացքում ձեր փոխարեն կանենք այն, ինչ ուզում ենք անել, ու դուք ժամանակի ընթացքում կդառնաք այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում տեսնել: Իսկ երբ միտքդ ամեն օր լցվում է այդ էժան ինֆորմացիայով, այլևս դժվար է դառնում հակառակը վերցնելը:
- Բայց այդ նույն հեռուստատեսությամբ կարող ենք նաև կամերային երաժշտության համերգներ դիտել ու լսել:
- Կարող ենք, բայց դա այնքան փոքր չափաբաժին է, երբ կողքին այդքան շատ էժան այլընտրանք է լինում, արդեն դժվար է հույս դնել միայն դրա վրա:
- Այնուամենայնիվ, միջոցն այս դեպքում այդքան ուժեղ չի կարող լինել, եթե առավել ուժեղ լինի նպատակը: Ուզում եմ ասել, եթե արժեքավորը ներկայացնելու գիտակցությունը լինի, հեռուստատեսությունը կարող է լավագույն օգնականը դառնալ:
- Դա չի արվում կամ շատ քիչ է արվում, որովհետև աշխարհին մտածող մարդիկ այսօր համարյա պետք չեն: Համատարած արժեզրկման հետևանքով է, որ Հայաստանում մարդկանց համար դեռ կարևորը լավ մեքենա ունենալն է, այդ մեքենաների համարանիշերի սիմետրիկությունը: Այսպես ուզում են ցույց տալ հարևանին, թե իրենք ինչքան առավել են: Հավատացեք՝ ես իմ մեքենայի համարանիշերը մինչև հիմա չգիտեմ, եթե իմ և մեկ ուրիշինը հիմա ցույց տաք, ես չեմ կարողանա իմ մեքենայինը ճանաչել: Ձևականությունն ավելացել է, մտել է մշակութային դաշտ: Մյուս կողմից էլ՝ մարդիկ ուզում են լավ ապրել, փող աշխատել ու եթե արվեստով չի ստացվում, ուրեմն՝ թքած արվեստի վրա:
- Եվ այս մթնոլորտում, այնուամենայնիվ, աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, շարունակում է հնչել լավ երաժշտությունը, հյուրընկալվում են աշխարհահռչակ երաժիշտներ և այլ արվեստագետներ: Մարտի 9-ին կկայանա «4 դաշնամուր» խորագրով համերգը՝ հրավիրյալ դաշնակահարների մասնակցությամբ: Ինչու՞ են գալիս նրանք Հայաստան, որովհետև Վահան Մարտիրոսյա՞նն է հրավիրել, թե՞ որովհետև մեր երկրում, այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Գուցե այստեղ նրանք գտնում են երաժշտական մի տարածք, որը դեռևս հետաքրքրում է օտարներին:
- Երկուսն էլ: Գալիս են Հայաստան, որովհետև ես եմ հրավիրել, միաժամանակ գալիս են նաև նրա համար, որովհետև լսել են Հայաստանի մասին՝ իմ կողմից, իմ երաժիշտ այն ընկերներից, ովքեր արդեն եղել են այստեղ և պատմել են նրանց Հայաստանի գեղեցկության ու հարուստ մշակութային ժառանգության մասին:
-Լավ դիրիժոր լինելու համար ի՞նչ է պետք մարդուն:
- Առաջին հերթին երաժիշտ լինել: Դիրիժոր չի կարող լինել այն մարդը, ով որևէ գործիք նվագել չգիտի: Դիրիժոր չեն ծնվում, դառնում են: Մինչև երաժիշտների առջև կանգնելն ու նրանցից այս կամ այն նվագը պահանջելը, դա նախևառաջ ինքն իրենից պետք է պահանջես, չէ՞ որ քո դիմաց նստած են պրոֆեսիոնալ երաժիշտներ: Պահանջիր նախ ինքդ քեզնից, ստացիր, հետո նոր այն պահանջիր երաժշտից: Իսկ այս ամենին հասնելու համար շատ աշխատանք է պահանջվում: Աշխարհի մեծագույն դիրիժորներից մեկը՝ Արտուրո Տոսկանինին, լավագույն թավջութակահարներից մեկն էր, հիշենք նաև Հերբերտ Ֆոն Կարայանին՝ չքնաղ դաշնակահար էր: Մինչ օրս Ռիկարդո Մուտտին փորձերի ժամանակ նվագակցում է իր երգիչներին: Բայց 21-րդ դարում մի փոքր այլ է, դու կարող ես միանգամից դիրիժոր ընտրվել՝ առանց երաժիշտ լինելու: Բայց այդպես է ավելի շատ այն պատճառով, որովհետև այս դարում ամեն ինչ PR-ի վրա է հիմնված: Մինչդեռ՝ Դանիել Բարենբոյմը՝ մեծանուն այդ դիրիժորը, նախևառաջ աշխարհառչակ դաշնակահար է, մեծագույն դաշնակահար և մեծագույն դիրիժոր: Հիմա ոմանք «ռասկռուտկա» են անում ու վերջ: Իսկ մինչ այդ, այդ բառի մասին ոչ ոք չգիտեր, փոխարենը կար մեկ այլ բառ՝ «որակ»:
Դիրիժորի արվեստն իր մեջ ներառում է և՛ երաժշտություն, և՛ փիլիսոփայություն, դա գիտություն է, որն անընդհատ ընթացքի մեջ է: Նա իր աշխատանքով ուղղորդում է մի ողջ նվագախմբի երաժշտություն, նա պետք է կարողանա տանել իր հետևից այնպես, ինչպես պատմության մեջ առաջնորդներն են կարողացել: Այն օրը, երբ ես ասեմ, որ ես 100 տոկոս դիրիժոր եմ, իմացեք, որ ես արդեն մեռած եմ: Դա կանգ չառնող, չավարտվող ընթացք է, սովորելու շարունական ընթացք, և դու անվերջ սովորելու բան ունես երաժիշտներից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել