HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առևանգված հարսներ

16-ամյա Ռիմային Գոքորը ընկերոջ հետ գիշերն է փախցրել։ Ռիման ծխախոտի դաշտն էր ջրում, երբ տղաները նրան բռնեցին ու տարան սար՝թուրքի հոլիկներ  կոչվող տարածք: Հետո Գոքորը նրան ավելի հեռու մի քարանձավ տարավ, որը գյուղում էսօր  «Գոքորի ծակ» անունով է հայտնի: Մի շաբաթ հետո թաքստոցից դուրս են եկել, քարանձավի մոտ են հայտնվել կոլխոզի նախագահն ու ոստիկանները: «Գոքորը հենց իմանում ա, որ մեծավորները եկել են՝ իրան բռնեն, փախնում ա արտերով, Ռիման էլ հետևից:  Էս, որ տեսնում են, էլ ի՞նչ դատ, ի՞նչ դատարան»,-Մարտունի գյուղում 1949 թ.–ին աղմկահարույց առևանգման մասին պատմում է  89-ամյա  Գուրգեն Հովհաննիսյանը: Նա ասում է՝ ինքն իր կնոջը համաձայնությամբ է կնության առել, բայց որդին՝ Հայկը «կռանով»(ամբարձիչ մեքենա) է փախցրել հարսնացուին:  1964թ. Սարգիսն է «հավի ճտի նման փռնել» , Էմմային գցել անասնաբուժական մեքենան ու փախցրել:

Սարգիս Սարգսյանը (76 տարեկան) իր կնոջը՝ Էմմա Մխիթարյանին (71 տարեկան) փախցրեց պատահաբար՝ առանց պլանավորելու:

Սարգիս -Իրանք չէին ուզում տան, ասում էին՝ պիտի սովորի: Ես էլ հորս հարցրի, ասի գնա՞մ պիրեմ, ասավ, թե տղա ես՝ գնա: Զրուց անելով իջնում էինք, մեքենան եկավ հանդիպեց, առաջարկեցի, որ նստի կապինգեն՝ տանեմ իրանց տուն, մտքիս չկար, ճիշտն ասած, որ փախցնեմ էդ օրը, դե գռուզավիկով հո բան չի: Ինքն էլ՝ չէ, չէ, չէ: Հետևի տյուռը բաց արի ու …

Գնացինք Քյավառ: Ախպերները եկան: Քվորս տեգրն էլ թափով տղա էր, եկավ իրա աղբորն ասեց. « Հանգիստ խոսա, թե չէ շլվարդ կխանեմ, Քյավառա տկլոր կլարեմ դուրս»:

Միլիցիա տվեցին, աղջիկն էլ գնաց գրեց, որ իրա հոժար կամքովն ա գնացել: Մի ամիս հետո մեծ հարսանիք արեցինք: Հորեղբորս տղեն Երևան նվագող էր, զանգեցի, իրա խումբը վերկալավ եկավ, լա՜վ անցակացրինք: Էն ժամանակ էլ զալեր պան չկար, մեր պադվալի մեջ էլ մեր հարսանիքն արինք: 

Իրեք երեխա ունենք, երկու տղա, մի աղջիկ, թոռներ ունեմ, ծոռներ ունեմ… էն էլ Էմմա տատիկը՝ մեջքը կռացած, փետով ման ա կյալի:

Էմմա - Չէ, ես չէի ուզում ամուսնանայի, ուզում էի սովորեի, էն էլ եկավ գխովս ընգյավ: Ես պիոներ պալատում էի աշխատում, ինքն էլ՝ անասնաբուժարանում: Կյալիս էր  թատերական խմբակ, իբր թատրոն էինք պատրաստում, ինքն էլ էր ուզում դեր տանի, բայց դե մտադրությունն ուրիշ էր: Փախցնելը պատահական էր.  չնստեցի մեքենան, ասեցի՝ իմ ախպերներս տենան ես ուրիշի մեքենան եմ նստու՞մ: Ասեց՝  դե չէ, չէ, մի հավի ճուտի նման փռնեց-քցեց մեքենայի մեջ: Աղբերներս եկան, հետ բերեցին, բայց ամոթ էր՝ գյուղում ասեն՝ Աբալի աղջկանը փախցրել են, հետ պիրել:  էն ժամանակ էս խելքիս ըլեի, կասեի՝ ոնց գնացել եմ, նենց եկել եմ: Ցավն էն ա, որ ուսում չառա…Հիմա էլ թոռներով ենք ուրախանում: Թոռս բանակ ա գնացել, մի ամսվա մեջ երկու պատվոգիր ա ստացել, մի հատ մեդալ ա ստացել:

Շատ լավ ա պահել ժամանակին. ինչ տյուս ա  եկել ռայոնում, առաջինը ես ունեցել եմ՝ կոշիկ ա, շոր ա, վիլյուրը, որ տյուս էր եկել, ո՞վ էր ստեղ գիդում։ Հիմա էլ ճնշում ունեմ, հիվանդ եմ, ամեն ինչը ինձ օգնում, մատակարարում ա, իմ թեյը լցնում…:

Աղջիկ փախցնելու ավանդույթի սկզբնավորման ու զարգացումների մասին հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը նշում է, որ մուսուլմանական, մահմեդական ազգերին է բնորոշ և մանրամասնում է.  «Ամուսնությունները լինում են երկու տիպի՝ բռնի և պայամանագրով: Երևույթը, որի մասին պետք է խոսենք բռնի ամուսնություն է համարվում. սրա  ակունքները կապված են նահապետական բարքերի հետ, երբ ամուսնական հարաբերությունները դիտվում էին նախևառաջ որպես տնտեսական կապերի մի տարբերակ, և կանանց փոխանակության միջոցով փոխանակվում էին տնտեսական բարիքներ: Տղայի կողմը աղջիկ փախցնելու դեպքում չի վճարում գլխագինը՝ կալիմ, որը ունի մի քանի տարբերակ, դրանք երբեմն արժեքավոր նվերներ էին, անասուն , խմիչք, բրինձ:  

Շատ էին դեպքերը, երբ հայ աղջիկներին փախցնում էին քրդական և թուրքական միջավայրում: Դա այնքան էր տարածված և վտանգավոր, որ աղջիկներին ամուսնացնում էին շատ վաղ տարիքում (յոթ-ութ տարեկանում)՝ դրանով նրան փոխանցելով ամուսնու հովանավորությանը: Նրանք իրենց սկեսուրի հետ ապրում էին մինչ սեռական հասունացումը և հետո կենակցում ամուսնու հետ, բայց ես խոսել եմ տարիքով կանանց հետ, ովքեր զրկվել են կուսությունից մինչ դաշտանաշրջանը»:

Գայանե Շագոյանն ասում է, որ 1991-94թթ., երբ Հայաստանը տնտեսական  ճգնաժամի մեջ էր, և ընտանիքը չէր կարողանում հոգալ կարիքները, բայց ամուսնանալու անհրաժեշտություն կար, այդ պատճառով աղջիկ փախցնելու կեղծ դրվագներ էին ստեղծվում, որտեղ կար երկկողմ համաձայնություն: «Մեր ժամանակաշրջանի համար այս երևույթը, կոպիտ ասած, գռեհիկ մի բան է, որը ցույց է տալիս անցումը ավանդական հասարակությունից, երբ խումբն է որոշում անհատի փոխարեն,  այս շրջանի, երբ ենթադրվում է, որ ամեն մեկն ինքը կարող է որոշում կայացնել,-ասում է ազգագրագետը և Հայասատնում այժմ նման դեպքերի տվյալների մասին ավելացնում,-փախցնելու դեպքերի շատ քիչ տոկոսն է, որ հասնում է ոստիկանություն: Որպես կանոն գործում է սովորութային այն օրենքը, որ աղջիկներին ոգեշնչում է, թե իր անունը պղծվել է՝ անկախ նրանից սեռական հարաբերություն եղել է, թե՝ ոչ: Դրա հետևանքը կարող է լինել այն, որ  նա այլևս չի ամուսնանա: Ես կարծում եմ՝ Հայաստանում բռնի փախցնելու երևույթները պիտի որ քիչ լինեն, որովհետև, երբ բռնի է, ավելի շատ են հակված ոստիկանություն դիմելուն: Իմ տպավորությամբ նման դիմումները կարող են շատանալ, բայց դա կխոսի, որ ոչ թե երևույթի քանակն է շատացել, այլ դիմողները: Վերաբերմունքը, ինձ թվում է, փոխվել է, նույնիսկ` գյուղերում»:

Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը հայտնեց, որ իրենք չունեն տվյալներ այն մասին, թե Հայաստանում քանիսն է բռնի կերպով ամուսնանում։ Տվյալների բացակայությունը մի կողմից խոսում է այն մասին, որ ծավալներն այնքան մեծ չեն, որ կանանց իրավունքներով զբաղվող կենտրոնը մտահոգվի և զբաղվի դրանով,  ինչպես, օրինակ, Ղրղզստանում է, որտեղ կանանց 1/3 –ը ամուսնության նպատակով առևանգվում է, լինում են նաև առևանգվածների ինքնասպանության դեպքեր, այս մասին նշվում է 2013 թ.-ին Ֆիլադելֆիայի Համալսարանի կողմից իրականացված հետազոտությունում (Eurasian Journal of Social Sciences), իսկ «Vice» ամսագրի լրագրող  Թոմաս Մորտոնը Ղրղզստանում կանանց առևանգման մասին հինգմասանոց վավերագրական ֆիլմ է նկարահանել:

Պաշտոնական տվյալները,  որոնք տրամադրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, հետևյալն են՝  2014 թվականին  ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի հատկանիշներով գրանցվել է 44 դեպք, որոնցից 3-ը անչափահաս աղջկա առևանգում է, 2015-ին դիմումների աճ է գրանցվել՝  58 դեպք, 5-ը՝ անչափահաս: Հանցագործությունների գրանցման քանակով և՛ 2014, և՛ 2015 թվականներին առաջատարը Երևան քաղաքն է, համապատասխանաբար 21 և 28: Մարզերից երկրորդը 2014-ին Արմավիրն է ՝  5 դեպք, 2015-ին՝ Գեղարքունիքը՝ 6  դեպք: Վարչությունը հայտնում է նաև, որ նշված դեպքերով 2014 թվականին՝ 51, իսկ 2015 թվականին 76 անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործերն ուղարկվել են դատարան։ 

Գենյա (53 տարեկան)  և Հայկ  (60 տարեկան) Հովհաննիսյանների ընտանիքը նույնպես կազմվել է որոշ արկածներից հետո:  Գենյան  անչափահաս էր, երբ 1979թ. Հայկը փախցրեց նրան: 

Գենյա-Աղաբլիթի օրն էր, որ կերա, տեսա երազիս մեկը սև պոչով ու գծերով կռուշկով բերեց ինձ ջուր տվեց, բայց մութ էր՝ ոչ տվողին տեսա, ոչ տունը: Որ Հայկը ինձ գյուղ բերեց, գնացի, որ ջուր խմեմ, տեսա էդ երազիս կռուշկեն ա, շշմեցի:

Հայկ-Ինչ պիտի եղնի, չի կարա չեղնի. մենք անփորձ մարդ, ի՞նչ իմանայինք, որ երազին էդ ա տեսել (ծիծաղում է):

Գենյա -10-րդ դասարան էի, ինքն էլ եկել էր վարձով ապրում էր մորքուրիս տանը՝ մեր հարևանությամբ: Հետո էս մարդը տենում ա ինձ, հավանում ա, մտածում ա՝ կարելի ա էս աղջկան հարս տանել: Մի օր ասեց, քեզ հավան եմ, ուզում եմ ամուսնանամ, ես էլ ասեցի` ուզում եմ սովորեմ, ամուսնանալու մտադրություն չունեմ: Մի քանի ամիս անց իրա տնեցիք եկան մեր տուն՝ թե եկել ենք ձեր աղջկա ձեռը խնդրենք: Մեծ եղբայրս տանը չէր, փոքրն ասեց, որ ձայնը մեծինն ա: Գնում են, որ հաջորդ շաբաթ գան:

Հայկն էլ ընկերների հետ ուտում-խմում են, գցում-բռնում են, ասում են՝ ի՞նչ եկող շաբաթ, էնա գնանք փախցնենք՝ առանց իմանալու, որ անչափահաս եմ ու իրանց դատ կհասնի դրա համար: Պայմանավորվում են, որ պետք ա փախցնեն կռանով: Մի օր իրիկունը դուրս ա կանչում ու ոտերիցս, թևերիցս բռնած գցում են կռանի մեջ:

Հայկ - Եթե «Ժիգուլիով» բերեինք, էսօր ի՞նչ պիտի հիշեիր:

Գենյա- Օգնություն կանչեցի, դուռը բացեցի, որ ինձ դուրս գցեմ: Էդ պահին ոստիկան ա լինում ճանապարհին, տեսնում ա, ահազանգում, որ աղջիկ են փախցնում կռանով: Կանգնեցնում են կռանը: Էդ ընթացքում Հայկի թևը նենց էի կծել, մինչև հիմա սպին կա:

Հայկ- Միլիցիայի դեմից ենք հենց փախցրել, տենց էլ պիտի լիներ. առաջին անգամ էր, ջահել էինք, շատ բան չգիտեինք:

Գենյա-Տանում են բաժին, գրում եմ, որ ոչ սիրել եմ, ոչ էլ ուզել, ինքը ինձ զոռով ա փախցրել:

Հայկ-Ու՞մ զգացմունքերի մասին ա մտածում հին մտածելակերպով հայ տղամարդը, երբ որ ուզում ա ամուսնանա՝ մենակ իրա զգացմունքերի:

Գենյա-Եղբայրս եկավ իմ հետևից, բայց ես մեր տուն չգնացի, վախեցա, որ մեծ եղբայրս գա իմանա…

Դե բոլորը խառնվում են իրար, կեսրարս որ իմանում ա, ասում ա՝ էդ ի՞նչ ղալաթ են արել:

Գալիս են մեր տուն՝ բարիշելու: Էդ ընթացքում Վեդիում ինչ ասես խոսում էին, թե տարել են սարերը, չորս հոգով, արդեն ամաչում էի՝ ոնց եմ փողոց դուրս գալու: Մերս էլ ասում էր՝ իմ պատվի հետ չխաղաս, իմ տղերքի պատվի հետ չխաղաս…Գալիս են, մատանի են դնում: Հետո ինձ հյուր բերեցին, գալիս էինք գալիս, տեղ չէինք հասնում, Հայկն ասել էր, որ յոթ սարի հետև ենք գնում….

Հայկ-Էդ արդեն երկրորդ անգամ փախցրեցի:

Գենյա- Ու էլ ինձ հետ չտարան, ոչ էլ ուսումս շարունակեցի: Նույն տարիքում, նույն բախտին արժանացավ իմ աղջիկը: 35 տարի ա՝ միասին ենք, ամուսնացրել ենք երեք երեխեքին էլ, ունենք հինգ թոռնիկ:

Եկեղեցու տեսակետը ամուսնացողների երկկողմ համաձայնության անհրաժեշտության և այս երևույթի վերաբերյալ հայտնեց Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Պսակ քահանա Մկրտչյանը. «Եթե աղջիկը համաձայն է, ոչ մի խնդիր չկա: Հասարակական կարծիքը որևէ կերպ չի կարող դեր ունենալ, եթե աղջիկը կայացած է և հստակ որոշել է, բռնի ուժով նրան տանելը վերջ չի դնում: Եկեղեցին ի պաշտոնե պետք է խոսի նման դեպքերում: Եթե ես գիտեմ, որ տղան փախցրել է, իսկ աղջիկը չի ուզում, ես կարող եմ զրուցել տղայի հետ՝ հորդորելով ավելորդ քայլեր չանել, չխորացնել խնդիրը: Աղջիկն է որոշում՝ մնալ, թե չմնալ: Չնայած սա նույնն է՝ ինչ թրաֆիքինգը, սա տանում են ամուսնության նպատակով, մյուսը՝ շահագործման, արդյունքում մարդու առևանգում է  տեղի ունենում»:

Այժմ, երբ երիտասարդության մեծ մասը բացահայտ մերժում է նահապետականությունը, երբ կինը ֆինանսական անկախություն է ձեռք բերում և ավելի մեծ համարձակություն, «Առևանգված հարսների » մասին շարունակում ենք լսել:  Թե ինչպիսի էվոլյուցիա է ապրել դեռևս Աստվածաշնչում արձանագրված երևույթը մեր իրականության մեջ, կարելի է հետևություն անել հոդվածի վերջին՝ երեք անգամ «առևանգված հարսի» պատմությունից:

Մարի (25 տարեկան)  և Գրիգոր ( 32 տարեկան )  Մարգարյաններ (անունները փոխված են)

Մարի-Տասնինը տարեկանից սկսվեցին մեր հարաբերությունները, մեկ ամիս շփվեցինք, հետո վիճեցինք: Ինքը ուզում էր, որ մենք վերականգնենք մեր հարաբերությունները, բայց ես դեմ էի: Հետո ինքը որոշեց փախցնել, որովհետև  զգացել էր, որ սկզբում իմ կողմից զգացմունք ա եղել: Առաջին անգամ երբ փախցրեց, համալսարան էի գնում առավոտյան: Մի մեքենա եկավ, մի քանի հոգով ինձ դրին մեքենան ու տարան, էնքան արագ, որ չհասցրի գոռամ, օգնություն խնդրեմ: Հետո երաժշտության ձայնը բարձրացրին մեքենայի մեջ, որ ձայնս դրսում չլսվի: Մեքենայի մեջ կռվում էինք. ձեռքը նենց էի եղունգներով չանգռել, որ հինգ մատներիս տեղը մնացել էր: Տարավ, բայց ես իրեն համոզեցի, որ հետ բերի, հետո գան մեր տուն՝ նշանելու: Եկանք տուն, հասկացա, որ իրան չեմ ուզի: Ինքն էլ խոստացավ, որ ինձնից հեռու կմնա: Բավական ժամանակ կապ չունեինք, ես շարունակեցի ուսումս: Ութ ամիս անց նորից սկսվեցին մեր հարաբերությունները , ընկերություն և այլն: Որոշեցինք, որ գնանք միասին դիպլոմս շնորհավորելու: Խնջույքից հետո մեր տուն տանելու փոխարեն իրենց տուն տարավ: Էդ անգամ էլ չհարմարվեցի, նորից հետ եկա: Հինգ ամիս հետո նորից փախցրեց: Ծննդյանս օրից երկու օր առաջ էր, ճանապարհին ընկերուհուս հետ էի: Ինքն էլի նույն մեքենայով էր, որով առաջին անգամ էր փախցրել: Դուրս եկավ մեքենայից ու դեպի ինձ եկավ: Ես հասկացա՝ ինչ ա սպասվում: Գրիգորը ինձ վերցրեց (դե ես շատ թեթև եմ իրա համար) ու փախցրեց: Էս անգամ տարավ Վանաձորի Մեղրուտ գյուղ:  Մի ամբողջ գիշեր խնդրում էին ինձ, որ համաձայնեմ: Վերջը համաձայնության եկանք, բայց ինքը բերեց մեր տուն, հետո նորից շփվեցինք իրար հետ, ավելի լավ ճանաչեցի իրան, իրա տեսակը սկսեցի սիրել: Զգացի, որ ինքն ա իմը, ոնց փախնում եմ, էլի ինքն ա գալիս:  Հետո եկան մեր տուն՝ ինձ ուզելու: Ինձ շատ էր սիրում, չնայած փախցնում էր, ուզում էր, որ իմ սրտով լինի: Իմ համար էլ կարևոր էին իմ զգացմունքերը և ոչ թե ինչ կասեն մյուսները կամ որ ընտանիքս ինձ չի ընդունի: Ամուսնացա նրա հետ, երբ զգացմունքեր ունեցա: Շատ դեպքեր գիտեմ, որ աղջկան զոռով տարել են, բայց ինքը հետ ա եկել ու ուրիշի հետ ամուսնացել: Էդ էն ժամանակ էր, որ կասեին ամոթ ա, տարած -հետ բերած ա: Չեմ ընդունում էդ երևույթը, երբեք չէի ուզի, որ իմ աղջկան էլ փախցնեն, բայց ամուսինս ասում ա, որ իմ տղեն մի աղջկա սիրի, բայց ինքը չուզի, կգնամ կփախցնեմ:

Ազգագարգետ Գայանե Շագոյանն ասում է՝ իր տպավորությամբ իրավիճակը փոխվել է. «Մեծ մասամբ գնում է դեպի կնոջ ինքնուրույնություն: Բայց քանի դեռ կան  նահապետական մոտեցումները, քանի դեռ տղամարդկանց դերը գերադասվում է անկախ իրենց իրական դերակատարությունից և պաշտվում է, այո, դա կլինի»: 

Ազատուհի Խաչատրյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter