HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Ծնողների ըմբոստություն դպրոցական համազգեստի պատճառով

Արմավիրի մարզի դպրոցներում ծնողական ժողովները հաջորդում են միմյանց:

Օրակարգում մեկ հարց է` դպրոցական համազգեստ պատվիրելու համար յուրաքանչյուր երեխայից գանձել նվազագույնը 10.500, առավելագույնը` 17.000 դրամ ( ըստ տարիքային խմբերի ) : Դրամահավաքը պետք է ավարտվի մայիսի 30-ին: Հրահանգը դպրոցներին տվել է Արմավիրի մարզպետարանը:

Առաջին հայացքից բավական գեղեցիկ նախաձենություն է, որը, սակայն, ուղեկցվելով պարտադրանքի ու անգամ սպառնալիքի հետ, զայրույթի ու դժգոհության ալիք է բարձրացրել մարզում:

«Ամբոխատիրական բարքերը հազիվ թոթափած` կրկին մեկ ընդհանուր պարտադրանքի տակ ենք»,- նկատեց դպրոցներից մեկի տնօրենը, ով խնդրեց չհրապարակել անունը: Նրա վրդովմունքը ոչ միայն հարկադրանքի, այլեւ ժամկետային պահանջի առիթով է, մանավանդ քննությունների շեմին ու ամառային արձակուրդներից առաջ: «Էս թեժ շրջանում ես բանուգործ թողնեմ փող հավաքե՞մ: Երեխաներն էլ շուտով արձակուրդ են գնում, էլ նրանց որտեղի՞ց գտնեմ, թե՞ ուսուցիչներիս գցեմ տնետուն` գումար հավաքելու»,- ասաց նա:

Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի ծնողներից Արմինե Սահակյանն էլ ասաց, թե չի պատրաստվում վճարել հագուստի համար, որն իր երեխան կտրականապես հրաժարվում է կրել. «Նա է ինձ ճաշակ թելադրում, ես ինչպե՞ս ստիպեմ նրան հագնել այն, ինչի մասին միայն լսել եմ: Եթե ուզում են ընդօրինակել խորհրդային դպրոցին, ապա շատ սխալ տեղից են սկսել. փոխանակ շեշտը դնեն նպատակային ու որակյալ ուսուցման վրա, ձեւի հետեւից են ընկել: Եվ հետո` խորհրդային տարիներին բոլորը հավասար էին ապրում, գրեթե հավասար էլ ծախսում էին, իսկ հիմա մեկն ունի, հարյուրը` ոչ: Ինչո՞վ վճարի»:

Ծնողներին հատկապես զայրացրել է դասղեկների միջոցով տնօրենների փոխանցած սպառնալիքը, թե հրաժարվողները դպրոց չեն մտնի: «Թող չթողեն: Ես էլ երկու երեխաներիս ձեռքից կբռնեմ, կգնամ նախագահի նստավայրի առաջ կնստեմ: Կասեմ` ինչ-որ մի պաշտոնյայի բիզնեսին ջուր չեմ լցրել, դրա համար երեխաներիս դպրոցից հեռացրել են: Ժավելի սպիրտ ծախելով եմ ապրում: Ես ինչի՞ տեր եմ, որ 23.000 դրամ միայն հագուստներին տամ: Որ ճիշտ ասեմ` երեխաներիս համար ես շոր չեմ էլ գնում. բարեկամուհուս հներով են մեծանում»,- բողոքեց Կիմա Գրիգորյանը, որի երկու երեխաները սովորում են Էջմիածնի թիվ 7 դպրոցում: Իսկ Կարինե Մովսիսյանը միայն իր մասին չէ, որ մտածում է. իրենը երկուսն են, իսկ հարեւանը երեք դպրոցահասակ ունի` 3-րդ, 7-րդ եւ 9-րդ դասարաններում: «Երեխաների հայրը գիշերային պահակ է, մայրը` գրեթե անկողնային հիվանդ: Պատկերացնու՞մ եք էդ մարդու վիճակը, երբ լուրը ստանա: Եթե երեխաները միասեռ լինեին, գոնե կիմանար, որ հաջորդ տարի մեկը մյուսինը հագնելով յոլա կգնան, բայց ստացվում է, որ ամեն տարի պետք է նոր համազգեստի համար վճարի»,-ասում է Կ.Մովսիսյանը:

Ծնողներին զայրացրել են նաեւ համազգեստների գները: Զվարթնոցի բնակիչ Անուշ Սիմոնյանն ասաց, որ եթե շուկայից 5000 դրամով կարողացել է գեղեցիկ ու որակյալ աշակերտական կոստյում գնել տղայի համար, այն էլ` այն հաշվարկով, որ հաջորդ տարի էլ հագնելու, ինչո՞ւ պետք է կրկնակի վճարի, մանավանդ որ ոչ ձեւն է հայտնի, ոչ` որակը: «Թող չսպասեն. ոչ մի կոպեկ էլ չեմ տալու»,- հայտարարեց Ա. Սիմոնյանը: Ծնողների դժգոհությունը կիսեցին նաեւ ուսուցիչները, որոնցից շատերի համոզմամբ` դա մարզպետի մերձավորներից մեկի բիզնեսն է, ինչը կրկնակի գներով պարտադրում են իրենց:

Զանգվածային այս բողոքը փոխանցեցինք ՀՀ ԿԳ նախարարություն: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին զարմացրեց Արմավիրի մարզում տիրող իրավիճակը. «Նման բան չի կարող լինել, մենք կիմանայինք»,- ասաց վարչության պետն ու խորհուրդ տվեց պարզաբանումներ ստանալ մարզպետարանի կրթության վարչությունից:

«Բոլորովին պարտադիր չէ, որ նախարարությունում այդ մասին իմանան: Դպրոցականներին համազգեստի սովորեցնելը կրթական համակարգի գլխավոր գործոններից է: Վատ բան ենք անու՞մ»,- հարցրեց մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը: Նրա փոխանցմամբ` մարզպետարանում կայացած ուսուցչական խորհրդի նիստում դպրոցների տնօրեններն ու ուսուցչական ակտիվն արդեն տվել է իր համաձայնությունը: «Ծնողական ակտիվի հետ էլ ենք բանակցել,- ասաց նա,- եթե դժգոհողներ կան, դա էլ է բնական»: Գայանե Սայադյանի կարծիքով` եթե 10-րդ դասարանցի աղջիկը ջինսից բացի այլ հագուստ մերժում է, նրան պետք է պարտադրել դպրոցական համազգեստ:

Մի մտավորական էլ, որը, որպես ծնողական ակտիվի անդամ, ներկա է եղել համազգեստի հարցով հրավիրված ժողովին, իր բողոքը տեղում հնչեցնելու փոխարեն այն ուղղեց մեզ. «Բացահայտ վիրավորում են, բռնանում ազատ կամքիդ, անգամ ազատ հագնվելու իրավունքդ են ոտնահարում: Սա ի՞նչ ռեժիմ է, ի՞նչ պարտադրանք: Ժամկետներ են նշում, խախտելու դեպքում ինչ-ինչ ակնարկներ անում»:

«Ինչո՞ւ է ծնողական ակտիվի այս անդամը լռել ողջ ժողովի ընթացքում» հարցին նա պատասխանեց. «Ասեի, որ աշխատանքիցս զրկվեի՞: Չգիտե՞ք, որ հաշվեհարդարների շրջանում ենք ապրում»:

Մարզի դպրոցների ծնողական կոմիտեները դիմում-բողոքներ են պատրաստել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ուղարկելու համար: Մի մասն էլ որոշել է անձամբ այցելել նրան: Հարցի ոչ դրական լուծման դեպքում կոմիտեները պատրաստվում են դիմել ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողով ու կառավարություն:

Հիշատակման արժանի մեկ փաստ եւս. մարզպետարանը մեծահոգաբար զիջումների էլ է գնում. դպրոցահասակ 5 երեխա ունեցող ընտանիքներին մի երեխայի հագուստը նվիրում է: Այդպիսի ընտանիքներ գտնելու մեր փորձերն արդյունք չտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter