Հայտարարություն
Օրերս Հայաստանի իշխանությունների կողմից ձերբակալվեց Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար, «Անհնազանդություն» հասարակական նախաձեռնության մասնակից, հայտնի պետական ու քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը։
Հանրության մեջ տարածված այն կարծիքը, որ Ա. Արզումանյանի դեմ մեղադրանքները սադրանքներ են և պայմանավորված են նրա ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ և քաղաքացիական կեցվածքով միանշանակ հիմնավորվում է նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբանների հիմնավորմամբ։
Ա. Արզումանյանի նկատմամբ իշխանությունների կանխակալ և ծրագրավորված դիրքորոշումը ակնհայտ է դառնում նրա դեմ սկսված պաշտոնական հետաքննության իր նախադեպը չունեցող որակումներով, ինչպես նաև նրան առանց լուրջ հիմնավորումների կալանքի տակ պահելու փաստով։
Ցանկացած հետաքննության պարագայում Ա. Արզումանյանի նման կենսագրություն և ճանաչում ունեցող դիվանագետն ու պետական գործիչը չէր կարող կալանավորվել առանց բացառիկ պատճառաբանության ու հիմնավորումների։
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը որևէ բացառիկ հիմնավորումներ կամ պատճառաբանություն չի պարունակում, դրան հակառակ նրանում առկա է սխեմատիկ, պարզունակ ձևակերպումներ՝ քննությունից խուսափելու կամ հետաքննությանը խոչընդոտելու ենթադրություններով։
Հետևաբար առկա է իշխանությունների կողմից հատուկ վերաբերմունք, ինչը երբեք չի կարող ճանաչվել օրինական։
Այսպիսի իրավիճակում «Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը գնահատելով Ալեքսանդր Արզումանյանի Հայաստանի Հանրապետության կյանքում ունեցած բացառիկ դիվանագիտական, պետական, քաղաքական և միջազգային ավանդը, նրա ընդդիմադիր քաղաքացիական և բարոյական կեցվածքը, նրա միջազգային ճանաչումն ու հեղինակությունը, ինչպես նաև նրա շուրջ ստեղծված արհեստական և սադրիչ գործողությունները ճանաչում է Ալեքսանդր Արզումանյանին, որպես քաղաքական բանտարկյալ և քաղաքական հետապնդվող՝ իր քաղաքացիական դիրքորոշման և քաղաքական հայացքների համար։
«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը միանում է Ալեքսանդր Արզումանյանի դեմ սկսված հետապնդումների կապակցությամբ ստեղծված Հասարակական Խորհրդին, բոլոր այն բարի կամքի տեր կազմակերպություններին ու անհատներին, որոնք դատապարտում և պայքարում են Ալեքսանդր Արզումանյանի պաշտպանության և նրա իրավունքների վերականգնման համար։
«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը վճռականություն է հայտնում ժողովրդավարական հասարակության համար ընդունելի բոլոր եղանակներով ու ձևերով պաշտպանել քաղաքական հետապնդումների ենթարկված Ալեքսանդր Արզումանյանին։
«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը ջանքեր է գործադրելու միջազգային հանրության և կազմակերպությունների օժանդակությամբ Ալեքսանդր Արզումանյանի խախտված իրավունքերի վերականգնմանն ու ազատ արձակմանը հասնելուն։
«Հայ Քաղաքացիական Հասարակություն»
Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցություն
Լոս Անջելես, 17 մայիսի 2007թ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել