HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հասմիկ Կիրակոսյան. «Ես այդպես էլ ընկա, սոսնձվեցի, սիրահարվեցի եւ մնացի մշակույթում՝ արդեն 40 տարի»

Անցած դարի 70-ականներին Լենինականում (ներկայիս Գյումրի) կատակում էին, թե հանրապետության ամենատղամարդ քաղաքում մայրիշխանություն է հաստատվել՝ գրեթե բոլոր ղեկավար պաշտոնները վստահվել էին կանանց: Գուցե պատահականություն էր, գուցե մտածված քաղաքականություն, բայց փաստ էր, որ մի ժամանակահատված ղեկը հայրաքաղաքի հայտնվել էր կանացի նուրբ, սակայն ամուր ձեռքերում:

«Ու պատկերացրու, որ շատ էլ լավ ղեկավարում էինք,-ծիծաղում է այդ տարիներին կուլտուրայի բաժնի վարիչ աշխատած, անկախացումից հետո Շիրակի մարզի մշակույթի վարչության պետ եւ ներկայում մարզպետի մշակույթի գծով խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը,-քաղաքային կոմիտեի քարտուղարը Դոնարա Հարությունյանն էր, առողջապահության վարչության պետը Ալվինան էր Մարկոսյան, պրոպագանդայի բաժնի վարիչը Նինա Օհանջանյանն էր, քաղսովետի նախագահի տեղակալը՝ Սիրուշ Ղարաքեշիշյանը, թատրոնի դիրեկտորը՝ Մարիամ Գեւորգյանը, կուլտուրայի բաժնի վարիչն էլ ես էի: Ուրեմն մի անգամ Արամայիս Սահակյանը եկավ, հավաքեց բոլորիս ու հարց տվեց: Ասեց՝ դուք ղեկավար կանայք եք, ձեր ամուսինները ձեզ սիրու՞մ են: Ես էլ տեղիցս ռեպլիկ տվի, թե. «Օր բռնեն՝ կսիրեն» (ծիծաղում է-հեղ.): Մեզ մեր տնեցիք շատ քիչ էին տեսնում: Ես, որ առավոտը դուրս էի գալիս տնից, ամուսինս` Սոսը, հարցնում էր. «Հասմիկ, դու էսօր էլ բդի եգուց գա՞ս»:

40 տարի Գյումրու մշակութային կյանքի զարկերակի բաբախը սեփական սրտի աշխատանքի հետ համահունչ պահած տիկնոջ համար դժվար ընկալելի է ներկայիս «տաբելային» աշխատելաոճը, երբ մարդիկ աշխատանքի վայրում շատ հաճախ բավարարվում են միայն սեփական ֆիզիկական ներկայությունն ապահովելով: Ասում է՝ գիշերը, որ գլուխս դնում էի բարձին, էլի գործի մասին էի մտածում՝ իսկ հիմա շատ բան է փոխվել, քչացել են խելոք ու գիտակ մարդիկ՝ մասնագետների փոխարեն էլ դիլետանտներն են աշխատում:  

«Ես իրականում երբեւէ չեմ երազել ղեկավարի աշխատանքի մասին: Բանասիրականն ավարտելուց հետո մեծ սիրով գնացել եմ Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում ուսուցչուհի աշխատելու: Այ էնտեղից են ինձ պարտադրաբար, զոռով տարել կոմերիտական աշխատանքի: 1964թ-ին ընտրվել եմ Արթիկի ռայկոմի քարտուղար, որից հետո Հայաստանից 4 հոգու՝ այդ թվում եւ ինձ, գործուղել են Մոսկվա բարձրագույն կուսակցական դպրոցում սովորելու: Ավարտելուց հետո տարել են կենտկոմ՝ երիտասարդական բաժնում աշխատելու: Ամուսնացած չէի, 24-25 տարեկան էի, ու տանում էին էդպիսի պատասխանատու աշխատանքի: Մամաս, որ իմացավ, շատ նեղվեց, թե տարիքդ արդեն մեծացել է, փոխանակ նշանվելու մասին մտածես՝ կենտկոմ կերթաս, ի՞նչ գործ ունիս կենտկոմները, բայց հակառակվել չէի կարող ու էդպես հայտնվեցի Երեւանում, երկու տարի աշխատեցի պրոպագանդայի բաժնում»:

Անցած տարիների հիշողություններից լուսավորվում է զրուցակցիս դեմքը: Ասում է՝ ես էությամբ մշակույթի մարդ էի ու երկար չդիմացա կենտկոմում, թե ուրիշները ազդեցիկ ծանոթներ էին մեջ գցում այնտեղ աշխատելու համար, իր ուշքն ու միտքը Լենինական վերադառնալն էր: Չորս անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, ի վերջո վերադարձել է հարազատ ծննդավայր, աշխատել դպրոցում, այնուհետեւ դասավանդել Լենինականի Պոլիտեխնիկ ինստիտուտում: Երբ Լենինականի քաղկոմի քարտուղար է նշանակվել Ռոբերտ Արզումանյանը, Հասմիկ Կիրակոսյանը կրկին հրավիրվել է աշխատելու պրոպագանդայի բաժնում: Այս անգամ «Ոչ»-ը հնչել է կտրուկ ու նրան նշանակել են կուլտուրայի բաժնի վարիչ: «Ես այդպես էլ ընկա, սոսնձվեցի, սիրահարվեցի եւ մնացի մշակույթում՝ արդեն 40 տարի»,-ասում է զրուցակիցս:

Մշեցի գաղթական Տոնոյի ու ազատանցի հայտնի Պեչեի Աշոտի թոռնուհին, մեծանալով ավանդույթներով հարուստ ընտանիքում, չէր կարող գեներով չժառանգել այն լավն ու դրականը, որ իրենց մեջ կրում էին նախնիները: Հաջողությունների համար մշտապես շնորհակալ է եղել բիթլիսցի պապին՝ համարելով, որ հենց նրա շնորհիվ է, նրանից ժառանգած խելոք ուղեղից, խելոք մտքերից մի փշուր ունենալով դարձել «հացի տեր»:

«Մշեցի պապս շատ ավանդապաշտ էր: Մենք իր մոտ, անգամ ամռան շոգին, իրավունք չունեինք կարճաթեւ հագուստով երեւալու: Միշտ կնեղվեր, թե էլի ամառն էկավ, էլի ըսօնք բդի մեյմուննան (մեյմուն՝ կապիկ-հեղ.), այսինքն պիտի բաց շորեր հագնեինք: Ու մենք ինչքան էլ շոգ լիներ, իր ներկայությամբ միշտ ժակետով էինք: Ինքը միշտ ասում էր. «Կնիգմարդն ո՞վ է, օր տղամարդու հետ նստի սեղան կամ կնիգմարդն ո՞վ է, օր ես կխոսիմ, ինքը մեջ ընգնի»: Բայց սրա հետ մեկտեղ մեր ընտանիքում կար հարգանք ու մեծարանք կնոջ նկատմամբ: Ուղղակի պապս համարում էր, որ կինը չի կարող հավասար լինել տղամարդուն»:

«Մայրական կողմս Ազատանից է, հրաշալի պապ եմ ունեցել, երկաթգծի գնդապետ, Լենինի կրկնակի շքնաշնակիր Աշոտ Խաչատուրովիչն էր պապս, Պեչեի Աշոտ էին ասում եւ ամբողջ երկաթգիծը գիտեր իրեն եւ ես հպարտանում եմ նրանով: Հայրս, մայրս սովորական մարդիկ են եղել, մայրս միջնակարգ կրթությամբ, հայրս բարձրագույն կրթությամբ՝ ինժեներ երկաթգծի՝ էլեկտրոֆիկացման հետ կապված: Չորս երեխա ենք եղել, բոլորս էլ բարձրագույն ենք ավարտել, աշխատել, պիտանի եղել հասարակությանը: Հայրս չկա, բայց մայրս կա՝ 93 տարեկան է, եւ ես էնքան երջանիկ եմ, որ մտնում եմ հայրական տուն ու մորս ձայնն եմ առնում, մորս եմ տեսնում: Ու թող մայրերը շատ երկար ապրեն: Մայրության օրերը օրացույցային չեն, ջահելները պետք է  ուշադիր լինեն ծնողների նկատմամբ՝ նրանք գնացող են, ու իրենց սերը արտահայտեն նրանց կենդանության օրոք»:

Զրույցն ընդհատում ենք ու տեղափոխվում խոհանոց: Տիկին Հասմիկն ասում է՝ պիտի անպայման իմ եփած սուրճը խմեք, այ որ ամառը գաք՝ Սոսն էլ պատշգամբում խորոված կանի. «Խոստացեք, որ ամառը գալու եք, ես էլ իմ սիրած ճաշատեսակներից կպատրաստեմ»,-խոստում է կորզում հյուրընկալ տանտիրուհին: Հետո ցույց է տալիս բնակարանի երկու պատշգամբները, որոնք հարմարեցված են ամռան զով երեկոները փոքրիկ սեղանի շուրջ, մեկ բաժակ սուրճ կամ թեյ վայելելու համար: Պատշգամբներից մեկից երեւում է Գյումրու Վարդանանց հրապարակի մի հատվածն ու քաղաքապետարանի շենքը: «Ամռանը, որ էստեղ նստում ենք՝ հրապարակի ծառ ու ծաղիկը երեւում է անչափ սիրուն է՝ հատկապես առավոտները, երբ տարածքը ջրած է լինում, մաքուր է: Ես կատակով ասում եմ Սոսին, թե նայի, էս էլ մեր այգին, Սոսն էլ միշտ կատակում է, թե՝ քաղաքապետարանն էլ չուլանն է, չէ՞»:

Սոսը մեր զրույցին գրեթե չի միջամտում: Տիկին Հասմիկը կատակում է.«Մարդս սաղ կյանքը համեստ է եղել: Երեկ միջոցառման պիտի գնայի, ոսկե օղերս անցրեցի, հարցրեցի, թե Սո՛ս, հըլը նայե, սազե՞ց, ինքն էլ, թե Հասմիկ ջան, քեզի ամեն ինչ էլ կսազե, մենակ մարդդ չի սազե»:

Ճանաչված դասախոս ու մտավորական Սոս Հովհաննիսյանի եւ Հասմիկ Կիրակոսյանի ամուսնության պատմությունն եւս առանց զվարճալի դրվագների չի եղել: Հանդիպել եւ ծանոթացել են Պոլիտեխնիկ ինստիտուտում, որտեղ երկուսն էլ դասավանդում էին:

«Խելոք, համակրելի, հանդարտ մարդ էր: Գիտակցական ամուսնություն է եղել՝ ոչ սիրո ու շատ արագ ենք ամուսնացել, հոկտեմբերի 7-ին նշանդրեքն ենք արել, 20 օր հետո էլ, իմ ծննդյան օրը՝ հարսանիք: Ես իրեն զգուշացրել էի, որ շատ արագ լինի, որովհետեւ կարող է փոշմանեի: Ես արդեն 29 տարեկան էի, դարձել էի բծախնդիր ու կարող է ասեի հա, բայց հետո փոշմանեի, ասեի՝ չէ,-զրուցակցիս դեմքին կրկին ժպիտ է գծագրվում,-ուրեմն ժամը 8-ին պիտի գային երեկոյան՝ ուշացան: Զանգ տվեցի, թե՝ Սոս, էս ի՞նչ էղաք, էս ինչի՞ կուշանաք: Ասեց եկանք, եկանք: Մենք հարսնատեսի համար իրար հետ 7 հատ տոնական կոնյակ էինք առել, բայց իրանք բերեցին սեղանին դրեցին 5 հատ ու ես չհամբերեցի, ասի՝ Սոս, բայց մենք 7 հատ էինք առել, էս երկու հատն ուրա՞: Էդ խնամիները շշման, թե էս հարսն էս ի՞նչ հատ ու հաշիվ կենե մեր վրա: Սոսն էլ, թե՝ մինչեւ գալը էն երկուսը խմեցինք»:

Ամուսնությունից ծնված երկու աղջիկներին խիստ է դաստիարակել: Պատմում է, որ տեղյակ էին հայաստանյան մշակութային կյանքի ամբողջ անցուդարձին: Երբ փոքր էին՝ կրկնում էին այն բոլոր արտահայտությունները, որ լսում էին ղեկավար մայրիկից: Ասում է, որ սովորաբար աշխատանքի հետ կապված խնդիրներից տանը չի խոսել, գաղտնապահ է եղել, սակայն հեռախոսով իր խոսելու ձեւերը, պատասխանները կրկնօրինակելու առիթը աղջիկներն երբեք բաց չեն թողել:

Խնդրում եմ բացառության կարգով մի քանի հումորային պատմություններ պատմել, որոնց թիվը աշխատանքային 40 տարիների ընթացքում պիտի որ քիչ չլինեին:

«Մեր առաջին մարզպետ Արարատ Գոմցյանի հետ կապված հետաքրքիր պատմություններ շատ կան, բայց ես մի երկուսը կպատմեմ: Ուրեմն ընտրություններ էր՝ կարծեմ նախագահական, Գոմցյանն աշխատանքի բաժանում է կատարել, մեզ ինչ որ բլոկների է բաժանել: Նստած ենք ես, օղորմածիկ Խաչատրյան Ռուբիկն ու Սահակը Մինասյան: Ուրեմն ծափ է տալիս ու հերթով թվարկում՝ «սոցիալական բլոկը» գնացեք, դուք ժամը 23-ից հետո կգաք, ես տեղիցս ելա, զարմացած դարձավ ինձ. «աղջի, դու՞ ուր ես գնում», ասի. «օր 23-ից հետո է, էրթամ գիշերանոցս առնիմ գամ»: Մի օր էլ գիշերը ժամը 22-ին զանգ է տվել, թե՝ Հասմիկ ինչի՞ տեղում չես, ասի տեղում եմ, պարոն Գոմցյան, տեղիս մեջ եմ»:

«Մարզպետ Փիրումյանի ժամանակ էր, եկել էին ընդունելության, մեկը ջղայնացած ներսից դուրս եկավ, հարցրի մարդ կա՞ ներսը, օր մտնիմ, ըսեց. «Մարդ կա, հըմը մարդկություն չկա»: Հետո մի անգամ էլ, էլի պարոն Փիրումյանի ժամանակ էր, Սառնաղբյուրի գյուղապետը բդի ներս մտնի, օգնականը չթողեց, որովհետեւ բուշլատով էր, ասեց՝ էդ ձեր վրայի վերարկուն հանեք, գյուղապետն էլ դառավ թե՝ չեմ կռնա հանե՝ մայկես ծակ է»:

«Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք միջոցառման ժամանակ է, Սամվելը Գրիգորյանը «Ֆայտոն Ալեք»-ից հատված կարտասանե, էնտեղ տողեր կան. «Գեղացիք եկել լցվել են քաղաք», մեկ էլ Ֆելիքս Ցոլակյանը կանգնեց նստած տեղից, դառավ ընձի ու կատակով ըսավ. «Հասմիկ, էդ տողը հաստատ դու ես մտցրել»:

«Շատ հետաքրքրիր դեպքեր կան՝ կապված մեր վաստակաշատ պարուսույց Աղասի Շաբոյանի ու դուդուկահար Մգըլի՝ Մկրտիչ Մալխասյանի հետ: Ուրեմն Մոսկվա ենք գնում, Շաբոյանի պարի խումբը տանում ենք փառատոնի: Շաբոյանն էլ ռուսերեն շատ վատ գիտի՝ մի քանի բառ: Գնացքով ենք գնում, հասանք Թիֆլիս, դեմից «վստրեչնոյ» գնացք էր գալիս, մենք պիտի սպասենք: Հիմի Շաբոյանն իջել է պեռոն, ինքն էլ սիրուն տղամարդ է՝ ալեխառն մազերով, կերթա- գուկա, կերթա-գուկա ձեռքերով մազերը հետ տալով, մեկ էլ տեսնինք վրացիների է մոտեցել՝ հետները կխոսա: Պարի տղեքը կախվան լուսամուներից ու ձեն կուդան իրան. «Վարպե՜տ, էդ ռուսերենդ ռասխոդ մի էրա, պայե Մասկվայի համար, քանիմ բառ գիտես իջել էս վրացիքի հետ ռասխոդ կենես»:

«Երկրաշարժից հետո հյուրախաղերով Հալեպում ենք: Շատ շոգ է, մենք էլ համերգ ենք տվել, հոգնած ենք, իրիկվա կողմ թվաց, թե մի քիչ քամի կա, ասի դուրս գամ, փողոցով մի քիչ քայլեմ: Ուրեմն բավական ուշ ժամ էր ու խանութները փակում էին: Մեկ էլ հայերեն բառեր լսեցի, նայեցի էդ խանութի ցուցափեղկից ներս՝ տեսնեմ մեր Մգըլը կելնի կանգնի աթոռին, հետո շրխկալով կընգնի վար, նորից կկանգնի՝ նորից կընգնի: Ներս մտա, տեսնիմ քրտինքի մեջ կորած, մազերը խառնված, հարցրի՝  Մուկուչ, ի՞նչ է եղել, ըսեց, տո ընգեր Կիրակոսյան, էս արաբ կնկտանցը մեր երկաշարժը կպատմեմ: Մյուս օրը ուզեցել է կնոջ՝ Անժիկի համար ժակետ առնի էդ նույն խանութից, էժան չէին տվել, թեւերը  բացել ընձի ցույց կուդա, թե «Տեսար չէ՞, ընգեր Կիրակոսյան, երեկ սաղ ջանս կապտցրի՝ մանեթըմ չիջան»:

«Ֆորշը եկել էր Գյումրի համերգի, գնացել է սուպերմարկետ պեպսի կոլա առնելու: Երկու շիշ կոլա է վերցրել, եկել է, որ կասսան կանգնի փողը տա, էնտեղ ցելաֆոն է վերցրել, բայց եզրերը կպած է եղել: Հըմի կփչե, կփչե՝ չի բացվի: Արա, էս խի՞ չի բացվում, արա..մեկ էլ հետեւից մեկը կըսե՝ տո փութլուղ, ընբես էլ կտանջվիս, ինչխոր պարաշուտդ չի բացվի»:

Երբ 2000թ.-ին կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը Գյումրիում նկարահանում է իր «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմը, որոշում է խախտել ավանդույթն ու պրոֆեսիոնալ դերասանների կողքին նկարահանել իր համար սիրելի, գյումրեցիների կողմից ճանաչված ու հարգված մարդկանց: Այդպես նկարահանման հրապարակում հայտնվում է նաեւ Հասմիկ Կիրակոսյանը: Ալբերտ Մկրտչյանը նրան առաջարկում է մարմնավորել սոցիալական բաժնի ղեկավարին, ով պիտի աջակցեր ընկեր Սաթենիկին Գագիկի որդեգրման հարցում:

«Ալբերտը Մկրտչյանը գոհ էր մնացել իմ խաղից, որ ճիշտն ասեմ՝ ես էլ,-ծիծաղում է տարիքին ոչ բնորոշ զրնգուն ձայնով,-կինոյում նկարվելու հրավեր էլի եմ ունեցել ու էլի Ալբերտ Մկրտչյանից: Կարեն Ջանիբեկյանի կինը պիտի խաղայի իր նոր ֆիլմում: Ալբերտը զանգեց, թե՝ «Հավաքիր խալաթներդ ու եկ կինոհրապարակ»: Գիտենալով, որ ֆիլմը պատերազմական դժվարին ժամանակների, մութ ու ցուրտ տարիների մասին է, ասի՝ «իմ բոլոր խալաթները թանկարժեք են», հետո որ իմացա դրվագային դեր է, կատակով ասի. «չէ, համաձայն չեմ, միայն գլխավոր դերեր»:

Թեպետ գիտեի հարցիս պատասխանն, այնուամենայնիվ հարցնում եմ, թե երբեւէ ցանկություն ունեցե՞լ է այլ վայրում ապրելու՝ ունենալով մեկնելու բազմաթիվ հնարավորություններ: Մի պահ լրջանում է, աչքերը թախծում են, հետո միանգամից պայծառանում:

«Ես ահավոր սիրահարված եմ էս քաղաքին, չեմ կարող ուրիշ տեղ մնալ: Եթե մնայի, ժամանակին Երեւան կմնայի, էլի: Ֆրանսիայում Ռուբեն Սեւակի բարեկամը՝ Չիլինգիրյանն ինձ ասում էր տիկին, դուք մնացեք, ես ձեր բոլոր հարցերի մասին կմտածեմ, միայն մնացեք, բայց ես չմնացի: Աղջկաս մոտ Շվեդիա էի գնացել, մի ամիս ժամանակ ունեի, հազիվ 16 օր դիմացա: Գյումրին ու Հասմիկ Կիրակոսյանն իրարից անբաժան են ու էնքան եմ սիրում, որ անբաժան են: Գյումրին սեղանին դրված բացված, բայց մինչեւ վերջ չկարդացված գիրք է: Գյումրեցին հայի աղն է, տեսակն է, ավանդույթն է, թասիբն է, պատիվն է, ըսպես չլոտ, ըսպես անժպիտ, էլի ինքը որակ ունի, էլի իրա որակով տարբերվում է: Գյումրեցին թանգարանային նմուշ է: Մենք միշտ էս երկրի երեսը պարզ անողներից ենք եղել թե թատրոնի, թե երաժշտության, թե սպորտի, թե ուրիշ բնագավառներում: Ես այսքան տարի աշխատել եմ մշակույթի ոլորտում ու մենք միշտ պարզճակատ ենք բեմ բարձրացել: Սաշուր Քալաշյանն էր ասում, եթե բեմ է բարձրանում Հասմիկ Կիրակոսյանն՝ ուրեմն Գյումրուն էլ կրել հնարավոր չէ: Ուրեմն արեք այնպես, որ Գյումրուն չհաղթելով, չկրելով՝ հնարավոր չլինի կրել նաեւ ողջ Հայաստանին: Տեր կանգնեք Գյումրուն»:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (2)

Varduhi Muradyan
Տիկին Հասմիկ ջան, երանի շատ լինեն մեր ազգի մեջ ձեր նման կանայք։ Ապրեք։
Tigran
Տիկին Հասմիկ շնորհավորում եմ ձեր մարտի 8-ը, միշտ այդպես տեսնեմ երկուսիդ, մինչև նորից հանդիպենք, դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք, Երևանից ջերմ բարևներով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter