HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձախողված նախագիծ, կամ ամեն ինչ դեռ կորած չէ

Մայիսի 12-ին տեղի ունեցած միջոցառումը (ԱԺ ընտրություններ) շատերին է գցել հուսահատության մեջ, շատերն են խոսում երկրի քաղաքական համակարգի անուղղելի դեֆորմացիայի մասին՝ դրա համար մեղադրելով ժողովրդին։

Բայց պետք է նկատել, որ մայիսյան միջոցառումն ուներ նաեւ դրական կողմեր, որոնց նայելիս կարելի է մտածել, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ սոցիալական ու տնտեսական խնդիրների տակ կքած ժողովուրդը հնարավորության չափով դիմադրեց, եւ այդ դիմադրությունը ձախողեց իշխանության ամենավերեւում մտածված մի նախագիծ, որի անունն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։

Մոտ մեկ տարի առաջ ստեղծված այս կառույցը մի նպատակ ուներ՝ երկարացնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կյանքը։ Ազգային ժողովում մեծամասնություն ստանալով՝ ԲՀԿ-ն պետք է դառնար Քոչարյան վարչապետի հենարանն ու նորացված Սահմանադրության ընձեռած հնարավորությամբ նրան դարձներ գործադիր իշխանության առաջին դեմքը։

Այս գործն անելու համար ընտրվել էր Հայաստանի ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, ով իր տնտեսական հաջողությունների համար պարտական է նախագահ Քոչարյանին եւ Կոտայքի մարզում ունի բարեգործի համբավ։ Կոտայքի բնակիչները (անձամբ եմ տեսել եւ լսել) երդվում են Գագիկ Ծառուկյանի անունով՝ ասելով, որ ի տարբերություն այլ մեծահարուստների, որոնք միայն իրենց գրպանի մասին են մտածում, Ծառուկյանն իր ունեցածից բաժին է հանում նաեւ կարիքավորներին։ Նրանք չեն կասկածում, որ Հայաստանի այսօրվա պայմաններում օրինական ճանապարհով հարստանալ հնարավոր չէ, բայց նաեւ արգահատելի չեն համարում անօրինական հարստությունը, եթե դրա տերն առատաձեռն է։ «Մարդը մտածում է ժողովրդի մասին» կլիշեն ապահովում է օլիգարխի անմեղության կանխավարկածը։

Ծառուկյանին ընտրելով՝ Քոչարյանն ուզում էր Կոտայքի մոդելը տարածել ամբողջ հանրապետությունում եւ ստանալ մի իրավիճակ, երբ վերնախավը, հարստությունը բազմապատկելուն զուգահեռ, կատարում է նաեւ շանթարգելի դեր, այսինքն՝ «ժողովրդի մասին մտածելով»` զսպում է սոցիալապես անապահով խավերի գիտակցության հասունացումը։

Այս նպատակին հասնելու համար ընտրվել էր համատարած հավաքագրման եղանակը՝ նկատի ունենալով, որ կուսակցության, ասենք, 370 հազար անդամները լավագույն դեպքում կարող են ապահովել 1.5-2 անգամ ավելի ձայն, այսինքն՝ մոտ կես միլիոնից մինչեւ 750 հազար քվե։

Եթե նկատի ունենանք, որ Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում մեծամասնություն է ձեւավորել՝ ստանալով 458.258 քվե, այսինքն՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների մեկ երրորդը, ապա բավական իրատեսական կարելի էր համարել համատարած անդամագրումներով մեծամասնություն վերցնելու տարբերակը։ ԲՀԿ-ի անդամներն իրենցից բացի պետք է ապահովեին լրացուցիչ մոտ 100 հազար ձայն։

Ի՞նչ եղավ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացավ ընդամենը 204 հազար ձայն։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայտարարված 370 հազարից 204-ն է հավատարիմ եղել հարազատ կուսակցությանը, թե կարելի է մանրանալ հաշվարկներում եւ պարզել, որ կուսակցության անդամներից ընդամենը 40-50 հազարն է ձայն տվել, իսկ մնացյալը եղել են նրանց ծանոթներն ու բարեկամները, քարոզչության ազդեցության տակ ընկած մարդիկ։ Հնարավոր է, որ ԲՀԿ-ի ձայները կեղծված լինեն, բայց կուսակցությունը չի պատրաստվում բողոքարկել արդյունքները, ուրեմն համաձայն է այն թվի հետ, ինչն արձանագրված է։ Ամեն դեպքում, եթե կուսակցությունը չի հավաքում անդամների հայտարարված թվից շատ ձայն, բոլոր թվերը դառնում են առեղծվածային։

Ո՞վ տապալեց նախագահի աշխատակազմում մտածված «Բարգավաճ Հայաստան» նախագիծը։ Միանշանակ կերպով մեղքը Հանրապետականի վրա գցել հնարավոր չէ, թեեւ ԲՀԿ-ի հիմնական մրցակիցն այդ կուսակցությունն էր, որն իր նպատակին հասել է բացառապես վարչական ռեսուրսի օգտագործմամբ։ Հայաստանի մոտ 950 քաղաքային եւ գյուղական համայնքներից 507-ը ղեկավարում են Հանրապետական կուսակցության անդամներ։ Դրանցից տասը Երեւանի թաղային համայնքների ղեկավարներն են։ Շատ են նաեւ հանրապետական քաղաքապետերը։ Այսուհանդերձ, եթե Հանրապետականի ստացած 458.258 քվեն բաժանենք 507-ի, կստացվի, որ հանրապետական ամեն ղեկավար իր հարազատ կուսակցության համար ապահովել է 903 ձայն։ Բանակը, իրավապահ, օրինապահ եւ այլ համակարգերն առանձին հաշվարկելու դեպքում այս թիվը զգալիորեն կնվազի։

Հանրապետականը ԲՀԿ-ից ձայներ խլելու խնդիր չուներ, նա փորձել եւ կարողացել է առավելագույն չափով օգտագործել վարչական իր ռեսուրսը։ Միաժամանակ, ԲՀԿ-ն էլ գիտեր, որ չի կարող Հանրապետականից ձայներ տանել։ ԲՀԿ-ն պետք է աշխատեր վարչական տիրույթից դուրս մնացած ընտրողների հետ, այսինքն` պետք է ստանար ՕԵԿ-ի խարխլված ընտրազանգվածի մի մասը եւ ընդդիմության ընտրազանգվածի առավել հուզական հատվածի («գառ մորթեմ», «ցավդ տանեմ») ձայները։

Հենց այստեղ էլ բացահայտվում են մայիսի 12-ի միջոցառման դրական կողմերը։ Չնայած պոպուլիստական ՕԵԿ-ի խարխլված լինելուն եւ ընդդիմության անմիաբան մասնակցությանը, վարչական տիրույթից դուրս գտնվող ընտրազանգվածը նախընտրեց փոշիացնել իր ձայները, քան թե տալ մի կուսակցության, որի առաջնորդի` քաղաքականությամբ զբաղվելու միակ շարժառիթն ամեն ինչ ունենալուց հետո ժողովրդի մասին մտածելն էր։ Չհավատաց ընտրազանգվածը Գագիկ Ծառուկյանին, չընդունեց միասին «Բարգավաճ Հայաստան» կառուցելու նրա հրավերը, որովհետեւ ենթագիտակցության մեջ զգաց, որ եթե երբեւէ հնարավոր է բարգավաճ Հայաստան, ապա դրա հեղինակը չեն կարող լինել նախագահի աշխատակազմի չինովնիկներն ու մի բարեգործ օլիգարխ։ Սա հասկանալու համար շարքային ընտրողը շատ երկար չպետք է մտածեր, ԲՀԿ-ի «Ուժեղներն՝ արդար, թույլերը՝ պաշտպանված» կարգախոսն արդեն բացահայտում էր մի շատ կարեւոր հակասություն։ Բարգավաճ երկրի քաղաքացին պետք է ապրի բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով, իսկ ԲՀԿ-ի լոզունգն ընդամենը պաշտպանվածություն էր խոստանում։ Ումի՞ց էր պաշտպանելու Ծառուկյանն իր «թույլ» ընտրազանգվածին՝ կարկուտի՞ց, գելի՞ց, չար ու փորձանքի՞ց, պարզ չէր։

Կարելի է արձանագրել, որ ժողովրդի մի ստվար հատված այս անգամ իրական ընտրություն կատարեց՝ ձախողելով նախագահականում մշակված նախագիծը։ Ժողովուրդն ապացուցեց, որ ինքն ուժեղ է եւ արդար, որ թույլերն են իրենց բարգավաճ բիզնեսի պաշտպանությունը փնտրում ԱԺ պատերից ներս։

Սա ապագայի մեծ հույս է ներշնչում։ Մեծ հույս է ներշնչում նաեւ այն փաստը, որ Հանրապետականն իշխող կուսակցություն է դառնում՝ ունենալով ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների 1/3-ը եւ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների քվեների 1/5-րդը։ Ժողովուրդը մայիսի 12-ին, փաստորեն, անվստահություն է հայտնել իշխանություններին: Մայիսի 12-ին, փաստորեն, իշխանափոխություն է եղել։ Իշխանափոխություն` առանց ընդդիմության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter