HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլիտաները որպես դեպի առաջադեմ հասարակություն տանող մշակութային տրանսֆորմացիայի կերտման սուբյեկտ Հայաստանում

Մասիս Պողոյան 
սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

 “Advanced nation” հասկացությունը հայերեն կարելի է թարգմանել զարգացած կամ առաջադեմ ազգ: Առաջադիմության կամ զարգացած լինելու ըմբռնումները և ցուցանիշները տարբեր են ինչպես բացարձակ առումով, այնպես էլ կոնկրետ հայ հասարակության առանձնահատկություններից կախված: Առաջադիմության ցուցանիշ կարող է դիտվել այնպիսի արժեքների առկայությունը, ինչպիսիք են դեմոկրատիան, մարդու իրավունքները, ազատականությունը: Մեկ այլ ըմբռնմամբ՝ առաջադիմությունը նախևառաջ ազգի և պետության հզորությունը և մրցունակությունն է՝ հատակապես Հայաստանի պարագայում, որ ունի մերձպատերազմական իրավիճակ, տնտեսական ճգնաժամի սաստկացնող հանգամանքներ և համաշխարհային պետությունների ընտանիքում գոյատևելու ռազմավարական խնդիր: Մեկ այլ հակադրություն է առաջադիմության անձակենտրոն և հասարակամետ մոտեցումները: Առաջին դեպքում առաջադեմ է այն հասարակությունը, որտեղ հասարակությունը հարմարեցված է անձին այնպես, որ վերջինիս պահանջմունքները բավարարվեն մաքսիմալ արդյունավետությամբ: Այսինքն`հասարակությունն է աշխատում անձի համար: Հասարակամետ, պետականամետ կամ ազգամետ մոտեցման դեպքում առաջադեմ է այն հասարակությունը, որտեղ անձը կամ անհատը առավել արդյունավետությամբ է օգտագործվում հասարակության կողմից հանուն հասարակության հավաքական շահի:

Վերոնշյալ երկու ըմբռնումները հակադրության մեջ են միմյանց հետ: Օրինակ՝ ազատականացումը ենթադրում է մարդու ինքնորոշում իր բնակավայրի, ամուսնական զույգի ընտրության, աշխատավայրի, մասնագիտության և այլ առումներով: Նշված իրավունքի վրա է հենվում բարձրորակ կադրերի արտահոսքը երկրից դեպի ավելի լավ պայմաններ և ամուսնությունները դեպի արտասահման: Գործընթացներ, որոնք թուլացնում են մեր հասարակության մրցունակությունը՝ ջլատելով ռեսուրսները, առաջացնելով դեմոգրաֆիական խնդիր: Մասնավորապես, առկա է ամուսնական ինստիտուտի ճգնաժամ, քանի որ աղջիկները նախընտրում են զբաղվել կարիերայով կամ գնալ արտասահման, քան ամուսնանալ վատ սոցիալական վիճակում հայտնված տղաների մեծ շերտի ներկայացուցիչների հետ: Ստորև մենք կխոսենք այն մշակութային և վարքային տարրերի մասին, որոնք խոչընդոտ են առաջադիմության երկու մոդելների համար էլ: 

Ինչպես անձակենտրոն, այնպես էլ ազգակենտրոն առաջադիմության հիմնական խոչընդոտը ընդհանրապես և հայ հասարակությունում մասնավորապես սոցիալական ինստիտուտների թերգործառնությունն է: Սոցիալական շերտավորման, ընտանիքի, կրթության, տնտեսության, դեմոկրատիայի, մարդու իրավունքների և մյուս ինստիտուտները թերի են կատարում իրենց ֆունկցիաները մեր հասարակությունում: Մասնավորապես, ընտրողը չի կատարում ընտրաինստիտուտի գործընթացներում իրեն հատկացված դերը՝ տրվելով հակադեմոկրատական տեխնոլոգիաներին, վերցնելով ընտրակաշառք, պասիվ լինելով, չմասնակցելով պայքարի կամ քաղաքացիական կամքի արտահայտման միջոցառումների: Հույսով և հավատով ընտրական գործընթացներում տարիների ընթացքում պարբերաբար և բազմաթիվ անգամներ պայքարած և հուսախաբ եղած մարդը բացարձակապես չի վստահում այդ ինստիտուտին և դեմոկրատիայի հայեցակարգին ընդհանրապես:

Լատենտ գործընթացների արդյունքում, կրթության արժեքի բարձր գիտակցմամբ կյանքի կեսը բարձրագույն ուսումնական հաստատություններում վատնած մարդը այսօր հայտնվել է առավել ցածր սոցիալական շերտում: Եվ հակառակը, սելեկցիայի արդյունքում պակաս պիտանի և թույլ մասը հայտնվել է կապիտալի տիրապետողների շերտում և որոշում է առավելու ուժեղների, տաղանդավորների և ընդունակների ճակատագիրը՝ դիտարկելով նրանց ինքնակենսագրականները, ընդունելով աշխատանքի, ղեկավարելով և, ի վերջո, ազդելով նրանց ճակատագրի վրա: Նման թերգործառնություն է առկա մյուս սոցիալական ինստիտուտներում, որը առաջացնում է՝ մի կողմից անձի պահանջմունքների, մյուս կողմից հասարակության կարիքների թերի բավարարում, սպանում է վստահությունը և հավատը այդ ինստիտուտների նկատմամբ, սաստկացնում ստատուս քվոյի ոչ լեգիտիմությունը և վերացնում մարդու դիրքորոշումը մասնակցելու և իրենց դերը կատարելուայդ ինստիտուտներում:

Սոցիալական ինստիտուտների գործառութային տրանսֆորմացիային ուղեկցող մշակութային տրանսֆորմացիան ունի մոտավորապես ներքոնշյալ փուլայնությունը.

  • կյանքի փորձի և իրականության հակադրությունը դեկլարացվող արժեքների հետ առաջացնում է թերահավատություն կրթության, մարդու իրավունքների, դեմոկրատիայի, ընտանիքի, ընկերության և այլ ինստիտուտների, արդարության, հայրենիքի և այլարժեքների նկատմամբ,
  • խորանում է անարդարության զգացումը ռեսուրսների բաշխման նկատմամբ՝ իշխանությունների, սոցիալական շերտավորման և ընդհանրապես ստատուս քվոյի ընկալումը որպես ոչ արդար, հաճախ որպես ճակատագրի հեգնանք և վիրավորական,
  • ինստիտուտներում սաստկանում է մարդկանց գործառնությամբ և իրենց դերերի կատարմամբ պահանջմունքների բավարարման անարդյունավետության գիտակցումը և ալտերնատիվ ինստիտուտների և վարքի մոդելների փնտրտուքը,
  • առաջանում է պասիվություն, անկարողություն կամ հակադրվածություն կատարել իրենց դերերը որպես դասախոս և ուսանող, ընտրող և պատգամավոր, ծնող և երեխա, կին և ամուսին, իրավախախտ և իրավապահ, պաշտոնյա, գործարար, ղեկավար և ենթակա և այլն,
  • արդյունքում առաջանում են վարքի (վարքաստեղծդ դիրքորոշումների) և մշակութային տարրերի մոդելներ, որոնք որդեգրվում են նախ փոքրամասնության կողմից, որոնց հաջողության նախադեպերը ընդօրինակման առարկա են դառնում:
  • Ի վերջո, տեղի է ունենում ալտերնատիվ վարքի մոդելների որդեգրում, որոնք պահանջմունքների բավարարման ավելի բարձր մակարդակ են ապահովում կամ ստանում են այլ  ինստիտուտների աջակցությունը՝ «սնելով» դրանք և համապատասխան էլիտար խմբերը:

Արդյունքում ստացվում է մի հասարակություն, որտեղ ընտրողը, պատգամավորի թեկնածուն, ոստիկանը, բժիշկը, ուսուցիչը, աշակերտը, կինը կամ ամուսինը, երեխան և ծնողը և այլն, զանգվածաբար կորցնում են հավատը և վստահությունը դեկլարացվող արժեքների նկատմամբ: Փոխարենը նրանք, վերասոցիալիզացվելով հասարակության այլ ինստիտուտներում, կրում են նոր՝ ավելի ինտենսիվ խրախուսվող արժեքներ, ենթարկվում են նորնորմատիվ և սանկցիավորման համակարգերի,  ներառվում են այլ ինստիտուտներում, սնելով և գործառույթ իրականացնելով դրանց համար և, ի վերջո, զարգացնելով ալտերնատիվ ինստիտուտներ: Վերջիններս էլ հանդիսանում են շերտավորման նոր ինստիտուտներ, որոնք սանկցիավորման միջոցով որոշակի վարքի մարդկանց վերընթաց մոբիլության և ի վերջո էլիտաներում հայտնվելու հնարավորություն են տալիս:

Այլ կերպ ասած, հասարակությունում գերիշխող են դառնում սոցիալական վարքի և մշակութային այն տարրերը որոնք պահանջմունքների բավարարման և մրցակցային պայքարում հաղթելու, արժեքների կամ կյանքի նպատակների հասնելու ավելի մեծ շանսեր են տալիս և խրախուսվում են նոր էլիտար խմբերի կողմից՝ դառնալով վերընթաց սոցիալական մոբիլությանը նպաստող գործոններ: Հասկանալու և կառավարելու համար գործոնները, որ գերիշխող են դարձնում այս կամ այն վարքը, պետք է հասկանալ, թե որ խմբերի որ պահանջմունքներն են բավարարում դրանք, որ էլիտաներն են նորմավորում այդ վարքը, ինչ ինստիտուտների միջոցով, ինչ հետևանքներ է ունենում այդ վարքը ինստիտուտների գործառնության վրա:

Տարբեր էլիտար խմբերի պայքարի արդյունքում տեղի է ունենում մշակութային իննովացիաների զարգացում և տարածում սկզբում դեպի միկրոմիջավայր, այնուհետև հասարակություն՝ անցնելով հղկման գործընթացներ: Դրանց գործառնության միջոցով է իրագործվում մշակութային իմունիտետի, էթնոցենտրիզմի և մշակութային ռելյատիվիզմի պայքարը, որտեղ որոշվում է մշակութային իննովացիայի որպիսությունը, աղբյուրը, խորությունը, ինտենսիվությունը և ադապտացիան հասարակության կողմից: Հետևաբար հասարակության ամենակարևոր սեգմենտը, որի վարքը արգելակում է հասարակության առաջադիմությունը (“…key cultural and behavioral elements, prevalent within significant segments of Armenian society…”) էլիտաներն են, որոնք նորմավորում են մյուս սեգմենտների վարքը:

Այս գործընթացներում էլիտաների թերգործառնության հետևանքով առաջանում է անոմիայի, իննովացիոն վարքի, ռիտուալիզմի, ռետրիտիզմի և բունտի ինտենսիվ բացասական դրսևորումներ[1]: Փոխակերպումը, կախված պահանջմունքների և կյանքի նպատակների բավարարման իր արդյունքից, միշտ չէ որ նշանակում է իննովացիայի հաջողություն կամ զարգացում: Մշակութային փոխակերպումները ներմշակութային և միջմշակութային հաղրոդակցման, դիֆուզիայի, ակուլտուրացիայի, ասիմիլյացիայի գործընթացներ են ենթադրում և լինում են ինքնակամ, պարտադրված կամ դրդված: Դրանց արդյունքում հասարակությունը կարող է ընկնել վնասակար ազդեցության տակ կամ լրիվ կորցնել սոցիալական կարգավորման ինքնիշխանությունը՝ ընկնելով օտար էլիտաների նորմավորման տիրույթ: Նման սուբորդինացիան հղի է հասարակության մյուս համակարգերի սուբորդինացիայով և չի կարող կյանքի նպատակների կամ պահանջմունքների բավարարման լավագույն եղանակը լինել, քանի որ զրկում է հասարակությանը մրցունակ էլիտա ունենալու հնարավորությունից և իջեցնում նրան ռեսուրսների բաշխման օտար հիերարխիկ համակարգի ծայրամաս կամ առնվազն էականորեն իջեցնում վերընթաց մոբիլության գործակիցը:

Մշակութային փոխակերպումների առավելագույն արդյունավետության ապահովման լավագույն եղանակը մշակույթի տարրերի մեկ առ մեկ գնահատումը և կարգավորումը չէ: Ավելին, գործընթացների բազմոլորտության և ինտենսիվության հետևանքով դրա սպառիչ իրականացումը գործնականորեն անհնար է: Գործընթացների արդյունավետությունը կմոտենա իրենց պոտենցիալի առավելագույնին, վերոշարադրյալ նորմա-արժեքային ճգնաժամը տեղի չի ունենա և հասարակությունը կլինի առավել առաջադեմ, եթե էլիտայի ձևավորման (և վերընթաց մոբիլության ընդհանրապես) ֆիլտրներից բացառվեն նրանք, որ խափանում են իրական էլիտաների ձևավորումը: Էլիտաների և սոցիալական մոբիլության ճիշտ ֆիլտրացիան ոչ միայն ի վիճակի է առավելագույնը անել մշակութային փոխակերպման հիմնական խնդիրների լուծման շուրջ, այլև կարող է հիմք հանդիսանալ ոչ միայն նոր, այլև ՆՈՐ ՏԻՊԻ հասարակության ստեղծման համար:


[1]Տերմինաբանությունն, ըստ Դյուրքհեյմի և Մերտոնի:

Մեկնաբանություններ (2)

Տիգրան
Բավականին բարդ է գրված ընթերցողի համար: Նման է Ֆրեյդի գրելու ոճին: Կցանկանայի , որ համեմատականներ նաև տրվեին այլ երկների տվյալ երևույթին առնչվող պատմության զարգացման հետ, որ ավելի պարզ լինի թե որ ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը հաշվի առնելով միջազգային փորձը:
Հրաչյա
Հարգելի Հայկ, համաձայն եմ Ձեզ հետ, որ մի փոքր բարդ է գրված, սակայն ոչ անհասկանալի, եթե հույզերը մի փոքր նվազեցնենք։ Հեղինակը էլիտայի սոցիոլոգիայի ու քաղաքականության թեմայով դիսերտացիա է պաշտպանել դեռեւս այն ժամանակ, երբ այսօրվա իշխանական զանգվածները չկային։ Պետք չի կասկածել նրա կոմպետենցիային։ Այս պահին Մասիսը որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում եւ չի ջատագովում։ Նա ընդամենը ներկայացնում է այլընտրանքային կարծիք եւ հակառակ բեւեռի միտումներ, որոնք օտար չեն այսօրվա մեր իրականությանը (ցավոք)։ Այո, մեր էլիտան Ձեր նշած զանգվածներն են (ցավոք), բայց հաշվի առնենք նաեւ, որ նրանք օդից չեն իջել, այլ մեր ժողովրդի մզվածքն են, իսկ դա կոնցենտրատ է (ցավոք էֆեկտիվ)։ Այս ուղղությամբ է, կարծում եմ, հեղինակի ոչ ստանդարտ ու ոչ ականջահաճո մտորումը եւ զարգացումների ինքնատիպ տեսլականը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter