HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետական ռեգիստրին վճարում ես սխալ կամ թերի տեղեկատվություն ստանալու համար

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված էլեկտրոնային տեղեկությունները ոչ միշտ են հավաստի ու ամբողջական: Պետական մարմինը, որը մատուցում է ծառայություններ և պետական տուրքի դիմաց տրամադրում տեղեկություններ, թերանում է իր աշխատանքում: Ավելին` քաղաքացիներից գանձում է գումարներ փոխարենը տրամադրում է սխալ կամ թերի տեղեկատվություն: Երբեմն էլ ընդհանրապես տեղեկատվություն չի տրամադրում և համարում է իր գործը բարեհաջող կատարված:

Վերջին տարիներին անընդհատ բարձրաձայնում ենք պետական ռեգիստրում էլեկտրոնային տեղեկությունների տրամադրման, մատուցած ծառայությունների անմխիթար վիճակի մասին: Մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել գործակալության պետ Կամո Ադամյանի, արդարադատության նախկին նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանի հետ, որտեղ ներկա է եղել նաև գործակալության պետը, ներկայացրել ենք թերությունները, սակայն ոչ մի դրական տեղաշարժ:

Հայաստանում պետական ռեգիստրի գործակալությունը իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում, ինչպես նաև վարում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանը:

Նշենք, որ պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Այդ տեղեկությունները և գրանցված իրավաբանական անձանց կանոնադրությունները հասանելի են գործակալության պաշտոնական կայքում` պետական տուրք վճարելու պայմանով: Մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար պետական տուրքը կազմում է 3000 դրամ:

Սակայն, ինչպես պարզվում է պետտուրքի վճարումը դեռ որևէ երաշխիք չի տալիս, որ դիմողը կստանա ճիշտ և ամբողջական տեղեկատվություն: Կայքում էլեկտրոնային տարբերակով վճարելուց հետո ստացված տեղեկության մի մասը սխալ է, ոչ լիարժեք կամ պարզապես բացակայում է:

Ընկերությունների զգալի մասի դեպքում կանոնադրությունները կայքում տեղադրված չեն, կամ տեղադրված է միայն փոփոխությունը, որն իրենից մի քանի բառային փոփոխություն է ներկայացնում: Մինչդեռ պատվիրողը 3000 (գումարած 200 դրամ բանկային ծառայության համար) դրամ վճարելով ցանկանում է ունենալ կանոնադրությունը, ոչ թե ոչինչ չասող փոփոխությունը: Երբ պնդել ենք, որ վճարել ենք կանոնադրության, այլ ոչ փոփոխության համար, գործակալության աշխատակիցները ասել են, թե հավելյալ պետք է վճարվի 3000 դրամ, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում օրենքի տրամաբանության սահմաններում: Ստացվում է, որ նույն տեղեկության համար դիմողը ստիպված է վճարել երկու անգամ` 3000 դրամի փոխարեն 6000 դրամ:

Հաճախ էլեկտրոնային կայքում պատվիրողի համար անհասանելի է կոնկրետ ընկերության կանոնադրությունը, սակայն` երևում է, որ այդ հատվածում փաստաթուղթ տեղադրված է: Կայքը հնարավորություն չի տալիս տեսնել, թե դրանք ինչ փաստաթղթեր են: Երբ զանգահարում ենք գործակալություն, պատասխանում են, որ իրենք տեսնում են կանոնադրությունը…բայց միայն իրենք, իսկ պատվիրողը վճարում է ոչ թե գործակալության աշխատակիցների կողմից տեսնելու, այլ այդ փաստաթուղթը ձեռք բերելու համար:

Մի քանի անգամ էլեկտրոնային փոստով տեղեկացրել ենք ռեգիստրի աշխատակիցներին, որ տրամադրած տեղեկությունները թերի են, կանոնադրությունները բացակայում են և խնդրել ենք տրամադրել, օրինակ` կանոնադրության պատճենը: Միայն մեկ անգամ է գործակալության աշխատակիցը տրամադրել պատճենը, մյուս դեպքերում որևէ պատասխան չի տրվել:

Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով` տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն: Հատկապես պետական մարմինների համար «սուրբ կանոն» համարվող այս դրույթը խորթ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համար: Այստեղ այլ օրենքներ են գործում:

Մասնավորապես, վճարելուց հետո պարզվում է, որ X ընկերությունն ունի երկու բաժնետեր, որոնք դուրս են եկել ընկերությունից և այն թողել «անտեր»: Նրանցից մեկի բաժնեմասը 5 միլիոն տոկոս է եղել, իսկ մյուսի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Ոմանց դեպքում նշված են ավելի համեստ` 25500, 24500 և այլ զավեշտալի տոկոսներ: Գործակալությունը դրա պատասխանն էլ ունի. խորհուրդ են տալիս «ճիշտ տեղեկատվություն» ստանալ կայքի «տպելու տարբերակ» հատվածից:

Ստացվում է, որ տեղեկություններ փնտրողը չի կարող հույսը դնել պետական պաշտոնական կայքի տեղեկատվության ճշմարտացիության վրա և փնտրտուքների մեջ ընկնելով՝ պետք է գտնի այլ «հավաստի» տեղեկություններ, քանի որ կայքի մի մասի տեղեկատվությունը ճիշտ է, մյուս մասինը` սխալ: Ուրիշ էլ ո՞ր պետական մարմնի մտքով կանցնի նման բան:

Բայց սա էլ ամբողջը չէ, ռեգիստրի «անակնկալները» շարունակվում են: Պատվիրելով կոնկրետ ընկերության տվյալները՝ պարզում ենք, որ բաժնետիրոջ բաժնեմասի մասին որևէ տեղեկություն չկա: Հետևելով աշխատակիցների խորհուրդներին՝ փորձում ենք այն գտնել «տպելու տարբերակ»-ից: Նույն դատարկությունը նաև այնտեղ է: Այս ամենը իբր քիչ է, տեղադրված չէ նաև կանոնադրությունը: Արդյունքը լինում է այն, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 3000 դրամով վաճառում է 0 տեղեկություն, և սա համարում է ծառայությունների բարեխիղճ մատուցում:

Վերը նշված դեպքերը եզակի չեն և համակարգային բնույթ են կրում, սակայն գործակալությունում խնդիրները լուծելու փոխարեն փորձում են «ինքնապաշտպանությամբ» զբաղվել` է՛լ ավելի անհարմար վիճակում դնելով քաղաքացիներին:

Նշվածի վերաբերյալ գրավոր դիմել էինք արդարադատության նախարարություն: Վերջինիս աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից տրված գրավոր պատասխանը ոչ մի կերպ չի զիջում գործակալության աշխատակիցների անտրամաբանական պատասխաններին:

Մեր հարցման հետքերով նախարարությունը գրություն է ուղարկել գործակալության պետին: Վերջինս գրավոր պատասխանել է, որ e-registr.am էլեկտրոնային համակարգը ներդրվել է ՀՀ կառավարության և «VXSoft» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն: Գործակալության պետը հայտնել է նաև, որ «էլեկտրոնային համակարգի նորամուծություն լինելու հետևանքով չի բացառվում, որ տրամադրվող էլեկտրոնային տեղեկություններում առկա լինեն մի շարք թերություններ: Ընդ որում` ցանկացած դիմումատուի հայտի (էլեկտրոնային դիմումի համար) ներկայացման դեպքում (եթե դիմումատուի կողմից կատարվել է էլեկտրոնային վճարում, ապա անհրաժեշտ է գործակալություն ներկայացնել վճարումը հավաստող փաստաթղթի վավերացված պատճենը) գործակալությունը պատրաստակամ է կատարել գրանցամատյանում գրառված տեղեկությունների ուսումնասիրություն` շտկելու և վերացնելու հայտնաբերված թերությունները և հայտատուին տրամադրել հավաստի տեղեկատվություն»:

Դրանից հետո նախարարության աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ տուրքի վճարման անդորրագրերը գործակալություն ներկայացնելու դեպքում կտրամադրվեն անհրաժեշտ տեղեկությունները` կանոնադրությունների կամ դրանց փոփոխությունների պատճենները:

Պետական մարմնում չեն գիտակցում կամ չեն ցանկանում գիտակցել, որ էլեկտրոնային վճարումների դեպքում գործակալություն անդորրագիր ներկայացնելու անհրաժեշտություն չպետք է առաջանա: Հակառակ դեպքում անիմաստ է դառնում այդ համակարգի ներդնումն ընդհանրապես: e-register.am կայքում հայտատուն գրանցվում է համակարգում, որից հետո միայն կատարում վճարումը: Այսինքն` գործակալությունը տեսնում է, որ այդ ընկերության համար արդեն վճարվել է, և կարիք չկա քաղաքացուց խլել ժամանակ, նյարդեր և հավելյալ ծախսեր:

Հակակոռուպցիոն ռազմավարության՝ ՀՀ կառավարության աշխատակազմի 2015 թ. և 2015-2016 թթ. հակակոռուպցիոն միջոցառումների կատարողականի վերաբերյալ հաշվետվության մեջ նշված է, որ էլեկտրոնային կառավարման ձևավորման համար խիստ կարևորվում է կառավարության հետ քաղաքացիների և մասնավոր հատվածի ազատ և թափանցիկ էլեկտրոնային փոխշփումների ու փոխադարձ կապի ապահովումը, որը հնարավոր է իրականացնել բարձրորակ, դեպի սպառողը կողմնորոշված էլեկտրոնային ծառայությունների մատուցման և սպառողական կառավարման առաջադեմ մեթոդների կիրառման միջոցով:

«Էլեկտրոնային կառավարման միջոցառումների ծրագրի հիմնական նպատակներն են` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար, ապահովել էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրի համար և թույլ տալ մուտք գործել համակարգ շուրջօրյա` 24/7, այլ քաղաքներից, գյուղերից կամ նույնիսկ երկրից դուրս: Էլեկտրոնային կառավարման համակարգի հետագա ընդլայնումը և կատարելագործումը նպաստելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, ընձեռելու է որոշումների կայացման գործընթացներին հետևելու հնարավորություն»,-նշված է հաշվետվության մեջ:

Ահա, թե ինչպես են բարելավում հանրային ծառայությունները և 24/7-ժամյա ռեժիմով հասանելի դարձնում դրանք:

Ստացված պատասխաններից հետո անիմաստ և անարդյունավետ է պետական ռեգիստրի գործակալության հետ երկխոսությունը: Այսուհետ յուրաքանչյուր թերության և խախտման դեպքով դիմելու ենք դատարան:

Մեկնաբանություններ (3)

Գրիշա Բալասանյան
Հարգելի Լևոն, ՀՀ արդարադատության նախարարի լուսանկարն է: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներից է: Քանի որ արդարադատության նախարարությունը գործակալության վերադասն է, այդ իսկ պատճառով նախարարի լուսանկարն է տեղադրվել: Շնորհակալություն
Լեւոն
Կապտաչյա կինը ո՞վ է։
Կարինե
Այո, Պետական ռեգիստրին վճարում ես սխալ կամ թերի տեղեկատվություն ստանալու համար, ստանալուց հետո պարզվում է, որ այն պիտանի չէ, իսկ որ ամենաահավորն է՝ վճարում ես ցանկացած փոփոխության՝ կանոնադրության, մասնակցի, տնօրենի գրանցում կատարելու համար՝ բացի պետական վճարվող տուրքից, պահանջում են նաեւ՝ լրացուցիչ գումարներ, երբեմն 50 000-200 000 ՀՀ դրամ, այլապես գրանցվելիք փաստաթղթերը մի քանի անգամ ետ են վերադարձնում՝ պահանջելով մի բառ կամ արտահայտություն փոխել, եւ միայն լրացուցիչ գումարը ստանալուց հետո՝ գրանցում են, կամ պահանջում են ընկերության իրավաբանի փոխարեն իրենք պատրաստեն փաստաթղթերը՝ մի կլորիկ գումարով: Դիմեք ընդունման կետում նստած Ստյոպային կամ մյուսներին եւ կհամոզվեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter