HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահափորձ՝ Լարիսա Փարեմուզյանի նկատմամբ

Մայիսի 28-ի գիշերը` ժամը 3-ին, անհայտ անձինք այրել են Լոռու մարզի թիվ 31 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀԺԿ անդամ Լարիսա Փարեմուզյանի բնակարանի մուտքի դուռը:

Լ.Փարեմուզյանը «Հետքի» Լոռու մարզի թղթակիցն է: Երկու ամիս է, սակայն, որ նա հոդված չի գրում ընտրություններին մասնակցելու պատճառով:

Սակայն Լ.Փարեմուզյանն արդեն, պայմանավորվածության համաձայն, աշխատում էր մի հոդվածի վրա, որը վերաբերում էր նույն ընտրատարածքից ընտրված Կարեն Սարիբեկյանի կողմից իր ղեկավարած հիմնարկում թույլ տված չարաշահումներին:

Վերջինս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենն է: Հնարավոր է նաեւ, որ այս ահաբեկչությունը կապված է պատրաստվող հոդվածի հետ:

Առաջիկայում կներկայացնենք այդ նյութերը:

«Հետք» 

Լարիսա Փարեմուզյանը միայնակ ապրում է Ալավերդի քաղաքում, հինգհարկանի շենքի երկրորդ հարկի իր բնակարանում: Գիշերվա ժամը 3-ին նրան քնից արթնացրել են կրակի ձայներն ու խեղդող ծուխը:

«Երջանիկ պատահականությամբ ես արթնացել եմ ժամը 3-ին: Եթե խորը քնող մարդ լինեի, հիմա ես չէի լինի: Ամբողջ տունը պիտի հրդեհվեր»,- պատմում է պատգամավորության նախկին թեկնածուն: Արթնանալով նա հայտանաբերել է տունը ծխի մեջ կորած, բնակարանի դուռն էլ՝ կրակի մեջ այրվելիս: Փորձել է լույսը վառել, բայց ապարդյուն: Հրդեհից այրված են եղել էկեկտրալարերը: Լարիսան վազել է պատշգամբ ու օգնության կանչել հարեւաններին:

Հինգերորդ հարկի բնակչուհի Նառա Մարտիրոսյանը պատմում է, թե ծուխը հասել էր իրենց բնակարան ու շնչելը դարձել անհնարին: «Երեխեքին լուսամուտից դուրս ենք հանել, որ շնչելու օդ լիներ»,- ասում է նա: Նրա ամուսինը փորձել է օգնել հարեւանուհուն, սակայն այդպես էլ չի կարողացել իջնել երկրորդ հարկ:

«Շքամուտքը ծխի մեջ կորած էր»,- պատմում են հարեւանները: Լարիսայի օգնության աղաղակներին կարողացել են հասնել կողքի շքամուտքի հարեւանները:

Մարգարիտա Ալավերդյանը ժամը 3-ին արթնացել է հարեւանուհու ճիչերից:

«Տեսանք դուռն այրվում է»,- պատմում է հարեւանուհին: Նրանք հանգցրել են կրակը, այնուհետեւ մյուս հարեւանների օգնությամբ արդեն կարողացել դուռը բացել: Մինչ հրշեջ ծառայության աշխատողների ժամանելը, հարեւաններն արդեն հանգցրել էին հրդեհը: Հրշեջները դեպքի վայր են եկել հրդեից 40 րոպե անց:

Լարիսա Փարեմուզյանի տան դուռը փորձել են այրել անվադողով, որի, ինչպես նաեւ դռան վրա դիզելային վառելիք են լցրել:

Չորրորդ հարկի հարեւանուհի Վիկտորյա Կարապետյանը մեր այցելության պահին արդեն լվացել էր շքամուտքի պատերն ու մաքրում էր տան շքամուտքի վրա գիշերվանից մնացած անվադողերի հետքերը: Երիտասարդ կինը եւս վախեցած էր ու պատմում էր, թե անհնար էր իջնել ներքեւ՝ հարեւանուհուն օգնության: Շենքի բնակիչները ավելի շատ վախեցել էին գազի պայթյունից: Մարգարիտա Ալավերդյանն ասում է, թե գազի խողովակը բնակարանի մոտից հեռու էր ընդամենը երկու մետր ու եթե չկարողանային արագ մարել կրակը, ապա պայթյուն կլիներ:

«Եթե ինձանից էին ուզում վրեժ լուծել, թող դրսում լուծեին»,- զայրացած ասում է Լարիսա Փարեմուզյանը, որն ավելի շատ անհանգստացած էր հարեւանների ու նրանց անչափահաս երեխաների համար: Նա կատարվածը համարում է մահափորձ իր նկատմամբ ու հրապարակում դրանց հեղինակներին՝ իր հիմնական մրցակից, թիվ 31 ընտրատարածքում պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Կարեն Սարիբեկյան եւ թիվ 31 ԸԸՀ նախագահ Վռամ Վանյան: Դեռ մայիսի 18-ին նա դիմում էր հղել Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանին՝ ներկայացնելով ընտրության օրը այդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները` խնդրելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այս դեպքում ԸԸՀ նախագահ Վռամ Վանյանին ու Կարեն Սարիբեկյանին, որի օգտին կատարվել են ընտրախախտումները: Լարիսա Փարեմուզյանը գտնում է, որ քվեարկության օրը թիվ 31-ում արձանագրել է համամասնական ընտրակարգով 2852 եւ մեծամասնական ընտրակագրով՝ 3807 անճշտություններ:

«Ինչո՞ւ չէր մինչ բողոքս նման բան պատահում»,- հարցնում է տուժողը: Հիմնական մրցակից Կարեն Սարիբեկյանին կասկածելու հիմքերը նա պայմանավորում է դեռ քարոզարշավի շրջանից, երբ նրան խանգարում էին գյուղեր գնալ, խոչընդոտում հանդիպումները ընտրողների հետ:

«Հիմա էլ այս դեպքը»,- շարունակում է Լարիսան: Նա հրդեհի հետ է կապում նաեւ սրանից մեկ շաբաթ առաջ իր եւ մի մարդու, ում անունը գաղտնի է պահում, հանդիպումը: Անծանոթը նրան խնդրել էր հանդիպել՝ ասելով, թե կարող է հանձնել փաստաթղթեր, որոնք վկայում են Կարեն Սարիբեկյանի կողմից թույլ տրված խախտումների մասին: Հանդիպելով Դսեղի հատվածում՝ Լարիսա Փարեմուզյանին էր հանձնել մրցակցի երկու բուկլետները՝ մեկը 2003-ի, մյուսը՝ 2007-ի խորհրդարանական ընտրությունների, որտեղ հակասական տեղեկություններ կան նրա կրթության մասին: Անծանոթը Լարիսային խոստացել էր հետագայում եւս փաստաթղթեր փոխանցել, որոնք խոսում են Կարեն Սարիբեկյանի անօրինականությունների մասին: Լարիսա Փարեմուզյանը կարծում է, որ մրցակիցն այդ հանդիպման մասին տեղեկացել է ու փորձել այս դեպքով իրեն վախեցնել:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 185 հոդվածի երկորդ կետի առաջին մասով՝ «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հրավտանգ այլ եղանակով»:

«Նրանց խնդիրը մենակ իմ դուռն է հա՞ եղել»,- ասում է Լարիսա Փարեմուզյանը: Նա չի հավատում, որ իրավապահ մարմինները կբացահայտեն իրական մեղավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter