Արթուր Գաբրիելյան. «Անբացատրելի մի երևույթ է, երբ ծափահարում է զինվորը»
«Բանակում խաղում ենք, որտեղ պատահի՝ շարահրապարակներում, ճաշարաններում, արևի տակ։ Ուտում և քնում ենք զինվորի հետ։ Դառնում ենք զինվորներ, և երբ տեսնում ենք այդ աչքերը, որով նայում են Նժդեհի կերպարին, երբ hոտնկայս ծափերի ուժից թնդում են շարահրապարակները, մենք էլ ենք հուզվում, անասելի ապրումներ ենք ունենում։ Երբ ծափահարում է զինվորը, դա անբացատրելի մի երևույթ է»,- ասում է Կապանի՝ Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը:
Նա նշեց, որ անցած տարվանից բարեգործական ներկայացումներով սկսել են այցելել զորամասեր, որը կարծես ավանդույթ է դարձել։
«Մեր թատրոնի ռազմավարության մեջ է մտնում զորամասեր այցելելը։ Ես և տնօրենը ամրագրել ենք, որ տարեկան որոշակի թվով զորամասեր պետք է այցելենք։ Արդեն հանդես ենք եկել Շուշիում, Լաչինում, Ստեփանակերտում, Հադրութում, Մարտունիում, Խոջալուում, Ագարակում, Մեղրիում, Իջևանում, Վանաձորում։ Ապրիլի սկզբին գնալու ենք Մարտակերտ, Ասկերան, Մադաղիս և այսպես շարունակ…», - նշեց նա։
Զորամասերում միշտ հանդես են գալիս «Գարեգին Նժդեհ» ռազմահայրենասիրական դրամայով։ Դրամայի ընտրությունը հատուկ է մտածված, իսկ հայրենասիրությունն այս թատրոնում ավելի խորը արմատներ ունի։
«Այս ներկայացումն ընտրելու նպատակը Հայոց բանակին Նժդեհի խոսքերով և գաղափարներով ոգեշնչելն է։ Երբ առաջին ռումբերը պայթեցին և սկսվեց արցախյան ազատամարտը, Կապանը հայտնվեց շրջափակման մեջ՝ պատերազմի կիզակետում։ Թատրոնի տնօրեն, Հանրապետության վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը փակեց թատրոնի դռները և ողջ կոլեկտիվի հետ գնաց պատերազմ։ Խրամատներում՝ ռումբերի տակ, ցրտին ու շոգին թատրոնը հատվածներ էր խաղում, երգով, պարով, հումորով ոգեշնչում հայ կամավորին ու երկրապահին։ Այսօր այդ ավանդույթը շարունակվում է տնօրենի գլխավորությամբ և ՊՆ խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի միջնորդությամբ»,- պատմեց Արթուրը։

Զորամասեր այցելելուց բացի` թատրոնը հաճախ է կազմակերպում հյուրախաղեր Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում։
«Երկու անգամ Ագարակի քաղաքապետը սեփական նախաձեռնությամբ հրավիրում է, գումար փոխանցում, հոգում բոլոր ծախսերը, և մենք էլ գնացել խաղացել ենք։ Գնում ենք հարակից գյուղեր և քաղաքներ։ Անցած տարի երկու անգամ հյուրախաղերով եկանք մայրաքաղաք, խաղացինք լեփ-լեցուն դահլիճներում։ Հյուրախաղերով հանդես եկանք նաև Վանաձորում ու Իջևանում և բարեգործական այդ երկու քաղաքների մեկական դպրոցներում»,- ասաց Արթուրը։
80-ամյա թատրոնի խնդիրները ժամանակի ընթացքում լուծում են ստանում, բայց ըստ Արթուրի` ամենանհրաժեշտն ու ամենակարևորը թատրոնի սեփական փոխադրամիջոցի բացակայությունն է։

«Փա՛ռք Աստծո, մարզային իշխանությունները հատուկ ջերմ վերաբերմունք ունեն թատրոնի նկատմամբ։ Թատրոնի ներկայիս շենքը կինոթատրոն է եղել և փլատակի էր վերածվել, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ջանքերով այն վերանորոգվեց, վերակառուցվեց, ունեցանք բեմ, դահլիճ։ Իսկ մինչ այդ թատրոնը գործում էր քաղաքի մշակույթի տանը (թատրոնի շենքը քանդել էին սովետական միության վերջին տարիներին կառուցելու նպատակով)։ Վարագույր չունեինք, այս տարի ունեցանք։ Բայց ցավալի և օրակարգային հարց է թատրոնի մարդատար մեքենա չունենալու հարցը։ Օգտվում ենք մասնավոր փոխադրամիջոցներից։ Փաստորեն թատրոնը անիվների վրա է, բայց չունի սեփական անիվը»,- հավելեց Արթուր Գաբրիելյանը։
Լուսանկարները՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետ. դրամատիկական թատրոնի և Արթուր Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջերից
Սիլվա Մալինցյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել