
Վրաստանի սահմանամերձ գյուղերի հայերը Բագրատաշենի անցակետում արտոնություններ են խնդրում Հայաստանի կառավարությունից
Վրաստանի սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչները Հայաստանի կառավարությունից պահանջում են կարգուկանոն հաստատել Բագրատաշենի մաքսատանը: Նրանք նաև խնդրում են Բագրատաշենի անցակետում որոշ արտոնություններ սահմանել սահմանամերձ հայկական գյուղերում ապրող հայ բնակիչների համար:
«Դուք հայ-վրացական տամոժնիով եք անցել: Մեր կողմն էլ նայի, Վրաստանի կողմն էլ: Իմ թոռնիկի հետ անցնում էի մաքսատներով: Վրաստանի մաքսատանը փաստաթղթերս ստուգեցին, անցա Հայաստանի Բագրատաշենի մաքսատուն: Նստած էր մի գեր մաքսավոր. «Հոպար ջան, ասավ, էս քո դոկումենտները ճիշտ չեն: Ոնց չեն ճիշտ՝ հարցրի: Որ իրեն ես փող տվեցի, նոր ասավ՝ դոկումենտդ ճիշտա: Այ, էդ բանը էստեղ՝ Վրաստանում տեսած չկամ, է՜: Վրացական կողմը նայում է դոկումենտդ, ասում է՝ բարի ճանապարհ Ձեզ: Գնանք վրացական կողմը և Ձեր կողմը՝ տեսնենք»,- հայտնեց ախքյորփեցի Միշա Ավագյանը:
Վրաստանի հայկական գյուղերի սոցիալական ծանր վիճակում գտնվող հայերը փորձում են ապավինել հայրենիքին՝ գյուղատնտեսական որոշ մթերքներ իրացնելով Հայաստանում: «Սեմիչկա ենք ցանում, թե ինչ ենք ցանում, վրացիները թողնում են մաքսակետն անցնելու, իսկ Բագրատաշենի մաքսատան հայ մաքսավորները չեն թողնում»,- դժգոհեց խոժոռնեցի Միհրան Սիմոնյանը:
«Մի հատ ցավալի հարց էլ կա: Մեր հայկական Բագրատաշենի մաքստանը, Վրաստանի պետական համարանիշներով մեքենաներից մուտքուելքի համար տուրք են գանձում: Իմ ամբողջ ազգուտակը Հայաստան է ապրում, ես եմ Խոժոռնիում պահակ մնացել: Իմ երեխային Հայաստանում տեսնելու համար անցնելիս Բագրատաշենում, 2 հազար դրամ մուտքի համար եմ վճարում, 2 հազար դրամ էլ՝ ելքի: Գումարած դրան՝ 7 հազար դրամ էլ ԱՊՊԱ-ի համար են ուզում: Էդ ամենը անում է 11 հազար դրամ: Դա 10 օրվա համար է: Բա դրա վառելիքը: Խնդրում ենք Հայաստանի կառավարությանը Վրաստանի սահմանամերձ հայկական գյուղերի հայ բնակիչների համար, գոնե Բագրատաշենի մաքսատան էդ տուրքերը հանեն»,- առաջարկում են Միշա Սիմոնյանը. նրան միանում են սահմանամերձ Խոժոռնի գյուղի մյուս հայերը:
«Էդ 2 հազար դրամները շատ կարևոր են: Եթե ես դա մուծեմ տամոժնու բանկը, սրտիս դարդ չիլինի: Ինձանից և մյուսներից վերցրած երկու հազար դրամը դնում է դարակում, մեքենաս գրանցում է, որ մտավ Հայաստան: Հետո նույն օրը հետ եկար կամ հաջորդ օրը, նորից 2 հազար դրամ պետք է մուծես, որ Հայաստանից դուրս ես եկել»,- բացատրեց խոժոռնեցի Մանվել Վերմիշյանը:
Մի անգամ Մանվելը չի համբերել և վրացական ավտոմեքենաների համար սահմանված իրենից գանձվող գումարը պետական գանձարան չմուծելու համար դժգոհել է հայ մաքսավորին: «Ապեր, ուզում ես անցի էս կողմ, դու գրանցի և գրանցումից հանի»,- պատասխանել է մաքսատան աշխատողը: «Դրանց ո՞վ է էդտեղ նստացրել, որ էդ 2 հազար դրամը սարքում են: Բրոկերային սենյակում են մուծում»,- հայտնեց Մանվել Վերմիշյանը: «Եթե էդ տուրքի 2000-ական դրամները վերացնեն, չէ, չեք պատկերացնի, թե մեզ որքան օգնած կլինեն»,- ասում են հայ գյուղացիները:
Մեկնաբանել