HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

«Շանթ» հեռուստաընկերությունը՝ ընդդեմ «Ժամանակ Երեւան» օրաթերթի

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Իսկ ՀՀ քաղ.օր.-ի 19-րդ հոդվածը սահմանում է գործարար համբավն արատավորող գործողությունները:

Հենց այս օրենքների նշված հոդվածներն են ընկած ՀՀ տնտեսական դատարանում քննվող «Շանթ» ՍՊԸ-ն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի` իրավունքը խախտող փաստացի անճշտությունները հերքելուն պարտավորեցնելու հայցապահանջի հիմքում:

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Ժամանակ Երեւան» օրա թերթը 13.12.2006 թ. համարում հրապարակում է «Նաջարյանը փոշմանել ա՞» վերնագրով մի հոդված, որտեղ գրում է. « ... Այլ աղբյուրները պնդում են, թե ՍԻՄ-ի հետ դաշինք կազմելու եւ Հայկ Բաբուխանյանի հետ համագործակցելու գաղափարին դեմ են եղել հայ մասոնականները եւ հատկապես «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը, որոնք խմբվում են «Ռոդարի» անունը կրող ակումբում, որի անդամ է նաեւ Արթուր Բաղդասարյանը: Ուստի, պատահական չէ, որ ՍԻՄ-ում տեղի ունեցած «հեղափոխությունից» հետո այդ հեռուստաընկերությունը կուսակցությունից «քշվածներին» եթեր էր հրավիրում, եւ սրանք ջանասիրաբար փնովում են Հ. Բաբուխանյանին եւ նրա համախոհներին»:

Հայցվոր «Շանթ» ՍՊԸ-ն համոզված է, որ իր իրավունքները խախտված են, եւ օրաթերթի հրապարակած տեղեկատվությունն արատավորում է ընկերության գործարար համբավը, քանի որ «Շանթ» հեռուստաընկերությունը հասարակությանը ներկայանում է որպես խոսքի բազմակարծություն ապահովող ինքնուրույն հեռուստաընկերություն: Ի սկզբանե հեռուստաընկերությունը չի հայտարարել որեւէ կուսակցությանը իր պատկանելության մասին եւ իրականացրել է միմիայն ձեռնարկատիրական գործունեություն` հասարակության գնահատականին ներկայացնելով իր եթերը, որը չպետք է կախված լինի կուսակցությունների, հասարակության որոշ խմբերի, պետության կամքից, կամ որը չպետք է ուղղակի միջամտություն ունենա քաղաքական պայքարում: Տվյալ պարագայում հ/ը միջամտությունը կուսակցությունների կամ դրանց անհատների կողմից վարվող քաղաքականությանն ուղղակիորեն հասարակությանը ցույց է տալիս, որ հ/ը չի ապահովում բազմակարծություն: Բազմակարծությունն ու ինքնուրույնությունը հատկապես արատավորված են այն հայտարարությամբ, որ հ/ը կապ ունի մասոնների հետ:

Միաժամանակ, հայցվորի ներկայացուցիչ Թաթուլ Խուդատյանը դատարանի ուշադրությունը սեւեռում է այն հանգամանքի վրա, որ պետք է հաշվի առնել նաեւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության բնույթը, այն տարածելու արդյունքում հասարակության շրջանակներում ձեւավորվող կարծիքը, ազգային հոգեբանության առանձնահատկությունները, ինչպես նաեւ հասարակության կողմից տարածված տեղեկատվության բառերի իրական նշանակությանը տեղյակ լինելու հանգամանքները:

«Ամեն դեպքում, երբ որեւէ մեկին կապում ես որեւէ կազմակերպված կառույցի հետ եւ տեղեկատվություն տալիս այդ կապի եւ քաղաքական կուսակցությունների որոշումներին միջամտելու վերաբերյալ, ապա դա հստակ բացասական կարծիք կարող է ձեւավորել հասարակության մեջ: Հայ հասարակությունն ընդունում է Հայ Առաքելական եկեղեցին, չի ընդունում աղանդները եւ չի ընդունում այլ երկրների կառույցների միջամտությունը քաղաքական խաղերին»,- ասում է Թաթուլ Խուդատյանը:

«Ժամանակ Երեւան» օրաթերթում լույս տեսած հոդվածը, ըստ պատասխանողի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի, որպես հեռուստաընկերության վերաբերյալ փաստացի անճշտություններ պարունակող տեղեկատվության աղբյուր չի հանդիսանում, քանի որ հոդվածում հայցվորի մասին հիշատակումը կատարվել է նախ Արթուր Եզեկյանի աշխատավայրը ցույց տալու համար, երկրորդ` ՍԻՄ-ից դուրս եկած որոշ անձանց եթեր հրավիրելու մասին տեղեկացնելու համար: Կոնկրետ այս տեղեկատվությունը հերքելու պահանջ հայցվորը չի ներկայացրել:

Թեեւ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը գտնում է, որ հեռուստաընկերության եւ նրա տնօրենի վերաբերյալ փաստացի անճշտություններ պարունակող տեղեկատվություն չի հրապարակվել, եւ նրա ենթադրությունները կամ համոզմունքները չափազանցված են, այնուամենայնիվ, թերթը փորձել է բավարարել վերջինիս հերքման պահանջը: Օրաթերթի 16.01.07 համարում «Հերքում» խորագրի ներքո «Ժամանակ Երեւանը» նշում է` «... մենք խորապես ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից ապատեղեկատվություն տարածելու համար. Արթուր Եզեկյանը եւ նրա ղեկավարած «Շանթ» հ/ը որեւէ կապ չունեն հայ մասոնականության հետ»: Սակայն նշված մեջբերումից բացի հոդվածում առկա են նաեւ այլ տեղեկատվություն եւ կարծիքներ. «...Այս հեռուստաընկերությունը եւ նրա ղեկավարը կապ ունեն Հայաստանի իշխանությունը բռնազավթած իշխանություննների հետ: «Շանթ» հ/ը եւ անձամբ Արթուր Եզեկյանը հանդիսանում են ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչ Միխայիլ Բաղդասարովի եւ նրա միջոցով՝ նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անձնական սեփականությունը...»:

«Շանթի» ներկայացուցիչը պնդում է, որ հերքման այս տարբերակն անընդունելի է: «Հերքումը պետք է պարունակի միայն հերքում պարունակող տեղեկություններ եւ որեւէ կերպ չի կարող պարունակել այլ կարծիքներ, տեղեկատվություն, այլապես այն դառնում է նոր տեղեկատվություն»,- ասում է Թաթուլ Խուդատյանը:

Պատասխանողի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն էլ համոզված է, որ հերքման բովանդակությունը սահմանափակված չէ: Այնուամենայնիվ, հոդվածի այլ հատվածները կապ չունեն տվյալ հայցի առարկայի հետ, հետեւաբար ենթակա են մերժման: Միաժամանակ նշենք, որ հայցվորը «Հերքում» խորագրի տակ զետեղված նյութի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետներում որեւէ պահանջ չի ներկայացրել:

Բացի այդ, «Ժամանակ Երեւանը» «Նաջարյանապատում-3» խորագրով հերքում է տպագրել օրաթերթի նաեւ 21.12.2006 թ. համարում, սակայն հ/ը-ն չի բավարարվել դրանով: «Հերքում տպագրելու պահանջը կատարված ենք համարում, հետեւաբար չկա դատական պաշտպանության անհրաժեշտություն»,- ասում Է Արա Զոհրաբյանը:

Մայիսի 18-ին կայացած հերթական դատական նիստին դատավոր Ե. Խունդկարյանն իր մեկնաբանություններում նշեց, որ վերոհիշյալ հոդվածում «Շանթ» հեռուստաընկերությունը հիշատակվում է երկու տեղ` ՍԻՄ կուսակցությունից հեռացվածներին եթեր տրամադրելու առումով, ինչը չի հերքվել եւ անճշտություն չի որակվել հայցվորի կողմից, երկրորդ՝ Արթուր Եզեկյանի «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն լինելը, այսինքն` Արթուր Եզեկյանի աշխատավայրը նշելու իմաստով: Իսկ հայ մասոնական հանդիսանալու եւ «Ռոդարի» անունը կրող ակումբում, որպես հայ մասոնականների հավաքատեղի, հավաքվելու տեղեկությունները վերաբերել են կոնկրետ Արթուր Եզեկյանին, հետեւաբար, հայցապահանջն էլ պետք է ներկայացներ հենց Արթուր Եզեկյանը: Ուստի, առանց մերժելու կամ հաստատելու փաստերի իրական լինելը, դատարանը որոշեց հ/ը տնօրենի մասին հրապարակված տեղեկությունները հերքելուն վերաբերող հայցը մերժել: Եվ քանի որ կոնկրետ «Շանթ» հեռուստաընկերության վերաբերյալ փաստացի անճշտություններ պարունակող տեղեկություններ չեն հրապարակվել, ապա դատարանը որոշեց այդ մասով եւս մերժել «Շանթ» ՍՊԸ-ի հայցը:

«Շանթ» հ/ը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter